Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-12-12 12:12
Քաղաքական

Սա դեղին քարտի նման մի բան էր. Խոսրով Հարությունյանը՝ Համբուրգի հայտարարության մասին

Սա դեղին քարտի նման մի բան էր. Խոսրով Հարությունյանը՝ Համբուրգի հայտարարության մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողներին ասաց, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների՝ ԼՂ հարցի վերաբերյալ Համբուրգում արած հայտարարությունը աննախադեպ դրույթներ է պարունակում: Ըստ նրա` կան սկզբունքներ, որոնք բացառում են ուժի կիրառմամբ կոնֆլիկտի լուծումը:

«Նրանք չեն բավարարվում միայն դատապարտմամբ, նրանք արձանագրեցին, որ ապրիլին եղել են հանցագործություններ, նրանք ասում են՝ մենք տեղյակ ենք՝ ինչ է տեղի ունեցել: Կոնկրետ հարցադրումներ եղան այն մասին, որ պետք է գնալ բանակցային գործընթացի: Դրանց հիմքում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների աներկբա կատարումն է»,- ասաց պատգամավորը:

Իսկ այն դիտարկմանը, թե միջազգային հանրությունն, այդուհանդերձ, որևէ հասցեական հայտարարություն չարեց, Հարությունյանն արձագանքեց՝ հիշեցնելով հայտնի մուլտֆիլմից դրվագ. «Не будем говорить кто, но это слоненок»: «Ես Շտայնմայերի խոսքին եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, որը նման էր հայտնի մուլտֆիլմի դրվագին»,- նշեց նա:

Հարությունյանը նշեց նաև, որ հասկանում է՝ տարածաշրջանը շատ պայթյունավտանգ վիճակում է: Նրա խոսքով՝ Համբուրգում հնչած հայտարարության տոնը եղած բոլոր հայտարություններից տարբերվում էր, և սա դեղին քարտի նման մի բան էր:

Պատգամավորը նաև նշեց, որ այնպիսի փուլեր են եղել, որ ԼՂ կոնֆլիկտի մեջ դոմինանտ դեր է ունեցել ՌԴ-ն: