կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-23 11:17
Հասարակություն

Թուրքական զորքերի ներխուժումը Արևելյան Հայաստան և Մայիսյան հերոսամարտերը

Թուրքական զորքերի ներխուժումը Արևելյան Հայաստան և Մայիսյան հերոսամարտերը

Աղբյուրը՝ arfd.am 

Արարատ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը

Թուրքական զորքերի ներխուժումը Արևելյան Հայաստան և Մայիսյան հերոսամարտերը

հատված

Տրապիզոնի հաշտության բանակցությունների ձախողումից հետո թուրքական զորքերը արշավեցին Արևելյան Հայաստան: 1918 թ. մարտի վերջին ընկավ Սարիղամիշը: Անդրկովկասյան կառավարության (նախագահ` Ա. Չխենկելի) դավաճանական վարքագծի հետևանքով գրեթե առանց դիմադրության 1918 թ. ապրիլի 12-ին թուրքերին հանձնվեց լավ ամրացված Կարս քաղաք-ամրոցը: Չկար համերաշխություն Անդրկովկասի կառավարության ներսում և Սեյմում: Կառավարության նախագահ, մենշևիկ Ա. Չխենկելին վարում էր ըստ էության թուրքամետ գիծ: Անդրկովկասի երեք հիմնական ազգերի (հայ, վրացի, կովկասյան թուրք) անմիաբանությունն էր հիմնական պատճառը, որ թուրքական զորքերը ռազմական հաջողություններ էին ունենում: Ընդ որում, կովկասյան թուրքերը բացահայտ համակրում և օժանդակում էին իրեն ցեղակից օսմանցի թուրքերին: Վրացիների և կովկասյան թուրքերի համագործակցության և հակառուսական տրամադրվածության մի յուրօրինակ դրսևորում եղավ այն, որ նրանք զենք և զինամթերք խլելու պատրվակով, օսմանցի թուրք էմիսարների ներշնչումով, Անդրկովկասյան երկաթուղու Շամխոր-Ելիզավետպոլ (Գանձակ) կայարանամերձ հանգույցներում 1918 թ. հունվարին հարձակվեցին հայրենիք վերադարձող ռուս զինվորականության վրա նրանց զինաթափեցին և իրականացրին զանգվածային կոտորածներ:

Թուրք զավթիչների դեմ պայքարի հարցում հայ քաղաքական գրեթե բոլոր կուսակցությունները և հոսանքները միակամ էին: Դա էր հաստատում 1918 թ. ապրիլին Ալեքսանդրապոլում Հայոց Ազգային խորհրդի նախաձեռնությամբ կայացած հայ քաղաքական կուսակցությունների և անկուսակցական գործիչների խորհրդակցությունում ընդունված համատեղ որոշումը` բոլոր հնարավոր միջոցներով շարունակել երկրի պաշտպանությունը: Սակայն հայությունը միայնակ ի վիճակի չէր դիմակայելու թուրք զավթիչներին:

Թուրքական զորքերի հաջողությունները հարկադրեցին Անդրկովկասի կառավարությանը վերսկսել Տրապիզոնում ընդհատված բանակցությունները: Մայիսի 11-ին Բաթումում սկսվեցին թուրք-անդրկովկասյան հաշտության նոր բանակցություններ: Սակայն ռազմական հաջողություններով արբեցած թուրքերն ամենևին մտադրություն չունեին բավարարվել անգամ Բրեստի հաշտության պայմաններով: Այժմ նրանք կողոպտչական նոր պահանջներ ներկայացրին, որի պատճառով բնակցությունները դարձյալ մտան փակուղի և ընդհատվեցին:

Հանդիպելով թույլ դիմադրության` Յաղուբ Շևքեթ փաշայի գլխավորած 35 – հազարանոց «Կարս» խմբավորումը անցավ նոր հարձակման: Ներխուժելով Անդրկովկաս` Թուրքիան իր առջև երկու կարևոր ռազմավարական խնդիր էր դրել. ա) գրավել Արևելյան Հայաստանը և արևելահայությանն էլ արժանացնել արևմտահայության ճակատագրին և բ) Հայաստանի վրայով շարժվել Արևելյան Անդրկովկաս, գրավել Բաքուն, տիրանալ նավթին, իսկ այնտեղից էլ` համաթուրանական ծրագրերի համաձայն շարժվել դեպի ցեղակից մյուս, Անդրկասպյան երկրներ, ընդհուպ` Սիբիր և ստեղծել Մեծ Թուրանի կայսրություն` Բալկաններից մինչև Բայկալ լիճ, ինչպես որ ծրագրել էին երիտթուրք պարագլուխները աշխարհամարտի նախօրյակին:

Օգտվելով նպաստավոր հանգամանքից` մայիսի 15-ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին) և առաջ շարժվեցին երկու հիմնական ուղղություններով:

Թուրքական զորքերի մի խմբավորում Ալեքսանդրապոլից իջավ հարավ և երկաթուղուն համընթաց շարժվեց դեպի Արարատյան դաշտ` Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը` Ղարաքիլիսա (Վանաձոր) – Դիլիջան- Քարվանսարա (Իջևան)-Ղազախով ռազմավարական ուղղություն վերցրեց դեպի Բաքու: Հայկական ազգային զորամասերը անկարող էին երկարատև դիմադրություն ցույց տալ զավթիչների կանոնավոր զորքին: Հայ ժողովրդի գլխին նորից կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը:

Արարատյան դաշտ ներխուժած թուրքական ուժերը մայիսի 20-ին գրավեցին Արաքս կայարանը, իսկ 21-ին` Սարդարապատ գյուղն ու կիսակայարանը: Սկզբում գոյություն ուներ պարտվողական տրամադրություն, իր բարձրության վրա չէր Հայկական կորպուսի հրամանատարությունը, որը շարունակ կատարում էր թուրք հրամանատարության պահանջները: Թուրքերին դիմակայելու համար կատարվեց հայկական զինված ուժերի վերադասավորում: Ստեղծվեց Երևանյան զորախումբը, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937 թթ.), շտաբի պետ, փոխգնդապետ Ալեքսանդր Վեքիլյանը (Վեքիլով): Երևանի պաշտպանությունը ապահովելու նպատակով միջոցներ ձեռք առնվեցին նաև Սուրմալուի (Կողբ-Իգդիր) և Բաշ-Ապարանի ուղղությամբ:

Չունենալով այլ ելք` հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի ելավ, ուր վճռվելու էր նրա լինել-չլինելու հարցը: Այդ օրերին հրապարակվեցին գեներալներ Թ. Նազարբեկյանի և Մ. Սիլիկյանի` հայ ժողովրդին ուղղված մարտաշունչ կոչերը` Հայրենիքն ազատելու համար ելնել սրբազան պատերազմի:

Սրանից ուղիղ 100 տարի առաջ, մայիսի 22-ի վաղ առավոտյան, եկեղեցու զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը: Սարդարապատի զորաբաժինը, որի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն (1861-1921) էր, հրետանային նախապատրաստությունից հետո անցավ հակահարձակման: Հայկական զինուժը հուժկու գրոհով հետ վերցրեց թշնամու կողմից մեկ օր առաջ գրավված Սարդարապատը: Թուրքերը, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջեցին մինչև Արաքս կայարանի մոտակա բարձունքները: Իսկ մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական 15-հազարանոց զորքը պարտվեց և հարկադրված նահանջեց Ալեքսանդրապոլի ուղղությամբ:

Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի մարտական ոգին: Նույնիսկ մտադրություն կար դեպի Կարս շրջանցիկ հարվածով ազատագրել Ալեքսանդրապոլը: Սակայն զենքի ու զինամթերքի պակասի հետևանքով հնարավոր չեղավ այդ պլանը իրագործել: Հարկ է նշել, որ հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը: Հարյուրավոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելիությունից, մասնագիտությունից, քաղաքական համոզմունքներից ու տարիքից, ներկայանում էին զորամաս ու մեկնում ճակատ: Գյուղացիները տրամադրում էին փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք, մտնում աշխարհազորայինների շարքերը, փորում խրամատներ: Հերոսամարտը ստացավ համաժողովրդական բնույթ, հայ ժողովուրդը համախմբվել, մեկ բռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն իր ընտանիքի, զավակների, հայրենի հողի ու ազգային արժանապատվության:

Դաշտի ինքնապաշտպանության ոգին ժողովրդի բուռն ցանկությամբ Հայոց Ազգային խորհրդի լիազոր, Երևանի դիկտատոր հռչակված Արամ Մանուկյանն էր (1879-1919 թթ.): Ա. Մանուկյանի բացառիկ ազգանվեր կերպարը լավ հասկանալու համար ուշագրավ են հետևյալ դրվագները: Թուրքական հարձակման պայմաններում սկզբում հայության որոշ հատվածներում իշխում էր պարտվողական տրամադրություն, շատերը ընդդիմանում էին կռվի դուրս գալ, զինվորները չէին ցանկանում ճակատ մեկնել: Ականատես հուշագիրը պատմում է, որ ռազմաճակատ մեկնել չցանկացող 7-8 հազար զինվորներ և նրանց միացած բազմահազար ամբոխը (ժողովուրդ) հավաքված էին Երևանի Ազգային խորհրդի մուտքի առաջ և ընդդիմանում էին ճակատ գնալու հարցում: Այդ պահին պատշգամբ է դուրս գալիս Արամը և ասում.<Կամ այստեղ ինձ կխփեք, կամ բոլորդ կգնաք կռվի դաշտ>: Արամի սրտառուչ այդ երկու խոսքը բավական էր, որ զինվորների մեջ բռնկվի հայրենասիրական կայծը և բոլորը միակամ մեկնեն ռազմաճակատ:

Մայիսյան այդ Ճակատագրական օրերին ուշագրավ է նաև հետևյալ դրվագը, որը մեջ ենք բերում ամբողջությամբ. «Մայիսի 19-ի առավոտյան զորավար Սիլիկյանը ուղիղ հեռագրաթելի մոտ է կանչում Արամին: -ՍԻԼԻԿՅԱՆ.- Արամ, բարև, մեր դրությունը վճռական է, մենք առանց կռվի նահանջում ենք դեպ Զեյվա, թշնամին գերազանց ուժեր ունի, իմ զորամասս քայքայվում է թիկունքի ընդհանուր քայքայման պատճառով, դասալքությունը բազմացել է: Մտածում եմ, թե ստիպված եմ նահանջել…: -ԱՐԱՄ.- Զորավար, Ձեր խոսակցությունից եզրակացնում եմ, որ Դուք մտադիր եք նահանջել դեպի Երևան և նույնիսկ մայրաքաղաքը ենթարկել ռմբակոծման: -ՍԻԼԻԿՅԱՆ,- Ամեն ինչ հնարավոր է: -ԱՐԱՄ,- Այդ չի լինի: Ասացեք անմիջապես` ի՞նչ է պետք Ձեզ` հարձակողականի անցնելու և նախօրոք դրված խնդրի իրագործման համար: -ՍԻԼԻԿՅԱՆ.- Փամփուշտներ, մարդիկ, հաց, տեղափոխության միջոցներ, իսկ գլխավորը` թիկունքի ոգևորությունը, և հաղթանակը երաշխավորում եմ: -ԱՐԱՄ.- Պահեցե´ք, զորավա´ր, երկու օր, և ամեն ինչ կլինի»:

«Արամը իբրև շարժական ոգի ամեն տեղ էր` հրապարակում, շուկայում, տներում, եկեղեցիներում, և կոգևորեր իր խոսքերով, և´ կներշնչեր ամենքին: Եվ գործը եռաց: Բոլորն էլ աշխատում էին: Խրամատներ կփորեին և´ շրջանային դատարանի նախագահը, և´ դպրոցական երեխան, և´ երիտասարդ գեղեցկուհի երևանցին, և´ 60 տարեկան վանուհին»:

Եվ վերջապես հասավ վճռական գոտեմարտի պահը: Սիլիկյանը հաղորդեց, որ ինքը ամեն ինչ ունի և լրացուցիչ օգնության կարիք չունի: Սարդարապատի տակ ահեղ մարտերն ընթացան մի քանի օր շարունակ: Մայիսի 26-ին` երեկոյան, Ազգային խորհուրդը հավաքվել և սրտատրոփ սպասում էր ճակատամարտի ելքին: Ստացվեց զորավար Սիլիկյանի զեկուցումը. «16-ժամյա համառ մարտերից հետո թշնամին ջախջախված է»: Բոլորի աչքերի մեջ արցունքներ երևացին: Հաղթանակն ապահովված էր:

Ահա Ա. Մանուկյանի դերակատարության մեկ-երկու դրվագը, որոնք բավական են պատկերացում կազմելու 20-րդ դարի, իրավամբ, այդ մեծ հայի մասին: Առանց չափազանցության կարելի է վստահաբար ասել, որ Արամի աննկուն կամքի և հմուտ կազմակերպչական ջանքերի շնորհիվ հայ ժաղովուրդը հաղթանակ տոնեց:

Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգընթաց, մայիսյան վերջին շաբաթը, ահեղ մարտեր մղվեցին նաև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում: Մայիսի 22-ին թուրքական մի դիվիզիա, գրավելով Համամլուն (Սպիտակ), շարժվեց դեպի Բաշ-Ապարան` նպատակ ունենալով Երևանի վրա գրոհել հյուսիսից, մտնել Արարատյան դաշտ և Սարդարապատի մոտ հայկական զորամասերին հարվածել թիկունքից: Ստեղծվեց հարվածային խումբ: Հայկական զորամասը, Դրոյի հմուտ ղեկավարությամբ, ոչ միայն կասեցրեց թուրքերի առաջընթացը, այլև խիզախ հակագրոհով փախուստի մատնեց թշնամուն: Այդ կռիվներում հայերին օգնում էր Ջահանգիր աղայի քրդական (եզդիական) ջոկատը:

Արարատյան դաշտի հաղթանակի վերաբերյալ Արամ Մանուկյանի հեռագիրը ոգևորիչ ազդեցություն ունեցավ Ղարաքիլիսա-Դիլիջան ուղղությամբ խմբված Հայկական կորպուսի հիմնական ուժերի վրա: Մայիսի 25-29-ը ահեղ մարտեր տեղի ունեցան Ղարաքիլիսայի (Վանաձոր) մոտ: Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ: Չնայած թշնամին ի վերջո գրավեց Ղարաքիլիսան և շարժվեց առաջ, սակայն այնտեղ նույնպես հայերը ցույց տվեցին հիրավի հերոսական դիմադրություն: Այդ մասին հետո խոստովանել է թուրք հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան: Ղարաքիլիսայի կռիվներում աչքի ընկան սպաներ Ալեքսանդր Բեյ Մամիկոնյանը, Նիկոլայ Ղորղանյանը, Գարեգին Նժդեհը, մարտերում հերոսաբար զոհվեց կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը և ուրիշներ:

Դրանով հանդերձ` ցավով պետք է արձանագրել, որ Մայիսյան հերոսամարտերի օրերին Անդրանիկը, մեկուսանալով, նեղացածի կեցվածք ընդունելով գործնականում մասնակցություն չցուցաբերեց ռազմական գործողություններին: Ս. Վրացյանի, Գ. Նժդեհի վկայությամբ` այդ օրերին նա գտնվում էր Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի հայրենի գյուղ Դսեղում, այն դեպքում, որ նա կարող էր մասնակցություն ունենալ 4-5 օր տևած Ղարաքիլիսայի ճակատամարտին, որտեղ, ի վերջո, թուրքերին հաջողվեց կոտրել հայերի դիմադրությունը և շարժվել Դիլիջան-Ղազախ ուղղությամբ:

Այսպիսով` Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ ու վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու և տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը: Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր: Ավելին, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Մայիսյան հերոսամարտերը հող ստեղծեցին հայոց անկախ պետականության վերականգնման և ազգային վերածննդի համար: Եվ հենց այդ հաղթանակի օրերին հռչակվեց Հայաստանի անկախությունը: Մայիսյան հերոսամարտը դարձավ հայոց նոր ժամանակների Ավարայրը, որ իր խաղացած դերով ու նշանակությամբ, հիրավի, հայ ժողովրդի պատմության ամենահերոսական դրվագներից է: Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության շրջանը և սկսվում նորագույն` հայկական պետականությունների պատմության ժամանակաշրջանը: