կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-31 15:09
Աշխարհ

Բրիտանիան ծրագրում է կրկնապատկել զորքերի թիվը Արևելյան Եվրոպայում

Բրիտանիան ծրագրում է կրկնապատկել զորքերի թիվը Արևելյան Եվրոպայում

Լոնդոնը դիտարկում է Արևելյան Եվրոպայում տեղակայված իր զորքերի թիվը կրկնապատկելու հարցը։ Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը դիտարկում է Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու տարբերակներ՝ Ուկրաինայի շուրջ լարվածության աճի ֆոնին. հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ լրացուցիչ ուժերի հնարավոր տեղակայումը «հստակ ազդանշան կուղարկի Կրեմլին»:

Միևնույն ժամանակ, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները պատրաստվում են Մոսկվայում բանակցությունների, և Ջոնսոնը մոտ օրերս կզանգահարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Բրիտանացի վարչապետը, որն այս շաբաթ պետք է այցելի Արևելյան Եվրոպա, ասել է, որ Բրիտանիան չի հանդուրժի «ռուսական ապակայունացնող գործողությունները և միշտ կաջակցի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին»:

«Եթե նախագահ Պուտինն ընտրի արյունահեղության և կործանման ճանապարհը, դա ողբերգություն կլինի Եվրոպայի համար։ Ուկրաինան պետք է ազատ լինի  իր ապագան ընտրելու հարցում: Ես հրամայել եմ մեր զինված ուժերին՝ հաջորդ շաբաթ նախապատրաստվել Եվրոպայում տեղակայմանը, որպեսզի աջակցություն ցուցաբերի ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին ցամաքում, ծովում և օդում»,- հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Մեծ Բրիտանիան Էստոնիայում ունի ավելի քան 900 զինծառայող, ավելի քան 100-ը տեղակայված են Ուկրաինայում՝ ուսումնական առաքելության շրջանակներում, իսկ մոտ 150-ը՝ Լեհաստանում։

Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի խորհրդարանում կհայտարարի ռուսական քաղաքական և ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցների խստացման մասին։

Եվրոպայում բրիտանական ներկայության ուժեղացման մանրամասները նախատեսվում է քննարկել Բրյուսելում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։ Ըստ Դաունինգ Սթրիթի՝ Էստոնիայում զորքերի թվի ավելացումից բացի, այնտեղ կարող են լրացուցիչ զինատեսակներ մատակարարվել։ Բացի դրանից՝ Եվրոպա կարող են ուղարկվել կործանիչներ, ռազմանավեր և ռազմական մասնագետներ։