Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սարսափելի է ցանկացած մահվան փաստ, ցանկացած իրավիճակում անընդունելի է, և իրավախախտման դեմ պայքարն ու կանխարգելումն առաջնահերթ է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ ավտովթարին:
Նա դժվարացավ պատասխանել հարցին՝ արդյո՞ք սա անպատժելիության հետևանք չէ՝ պատճառաբանելով, որ գործի նյութերին ծանոթ չէ: «Ցանկացած հանցագործություն, երբ կատարվում է, սա դեռևս չի նշանակում, որ անպատժելիության հետևանք է: Ես հիմա հստակ չգիտեմ՝ արդյո՞ք նա եղել է առանց վարորդական իրավունքի, արդյո՞ք վարելու իրավունք ունի, պարզապես վկայականը մոտը չի եղել, արդյո՞ք ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ է տվել, թե՞ ոչ: Ես կդժվարանամ նման հետևություն անել, որովհետև ես դեռևս չունեմ փաստերը, չեմ տիրապետում գործի նյութերին»,- ասաց Կոստանյանը:
Դիտակմանը՝ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ ոստիկանությունը միշտ իր գործը կատարել է և կարող է փաստաթղթեր ներկայացնել, որ գործը հանձնել է Քննչական կոմիտեին, որից հետո նրանք ազատ են արձակվել, և հարցին՝ սա չի՞ խոսում 2 իրավապահ կառույցների տարաձայնության մասին, նաև` որ Քննչական կոմիտեն է անպատժելիության մթնոլորտ ստեղծել, Գևորգ Կոստանյանն արձագանքեց. «Ես փոխոստիկանապետի խոսքերը չեմ մեկնաբանում, թող ինքը մեկնաբանի իր խոսքերը: Ես ընդամենը հետևյալը կասեմ, որ թյուր կարծիք է իրավապահ համակարգում շրջանառվում, այսինքն` թե ես բռնեցի բերեցի, դու հիմնավորի, այդպես չի լինում: Օպերատիվ հետախուզական միջոցառումը, հանցագործության բացահայտման և կանխարգելման միջոցառումները ևս պետք է ունենան բավարար ապացույցներ: Ինչպես նաև, օրինակ, օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում անձին ձերբակալել, կալանավորվել կամ մեղադրանք են առաջադրե,լ և քննության ինչ-որ փուլում անձն ազատ է արձակվում, սա դեռ չի նշանակում, որ նախաքննական մարմնի կողմից ապօրինություն է եղել»:
Պատգամավորը շեշտեց, որ ոստիկանը, քննիչը, դատախազը, դատարանն ամբողջական շղթայի մասնիկներ են: Նրա խոսքով՝ եթե շղթայի մասնիկներից մեկը պատշաճ չի կատարում իր աշխատանքը, դա ազդում է ամբողջ շղթայի գործունեության վրա:
Կոստանյանը նշեց, որ օրենքի հավասարության սկզբունքը բացարձակ աքսիոմատիկ իրականություն է, սակայն չհերքեց, որ այս սկզբունքը խախտելու փորձեր եղել են: «Այն, որ եղել են չարաշահումներ, կոռուպցիոն բնույթի երևույթներ, առնվազն փաստում է այն, որ բազմաթիվ ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ ենթարկվել, ենթարկվում և ենթարկվելու են պատասխանատվության»,- ասաց նա:
Կոստանյանը չի կարծում, թե ոստիկանությունը բարձրաձայն ասում է՝ մենք բռնել տարել ենք, մենք մեղավոր չենք։ «Նման բան որևէ մեկը չի ասի: Այդ նույն տրամաբանությունից ելնելով՝ քննիչն էլ կարող է ասել՝ ես էլ իմ մեղադրական եզրակացությունը կազմել եմ, դատարանը թող դատի տա: Տենց չի լինում: Եվ չի նշանակում, որ եթե ոստիկանն ինչ-որ մեկին բռնեց, ուրեմն դա բացարձակ ճշմարտություն է: Եթե այդ լոգիկայով գնանք, ուրեմն դատարան էլ մեր երկրին պետք չէ, ոստիկանն ում բռնեց, ուրեմն մեղավոր է, պետք է մինչև վերջ դատենք»,- ասաց նա: