կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-05 01:30
Քաղաքական

Ցինիկության եւ անպատժելիության դրսեւորում

Ցինիկության եւ անպատժելիության դրսեւորում

«Ժառանգությունը» հասավ իր նպատակին, եւ Ստյոպա Սաֆարյանը փաստի առթիվ  մտավ Կապինոսի մոտ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով երեկ «Ժառանգության» պատգամավորների եւ ոստիկաների միջեւ եղած միջադեպին:

 

Նա նշեց, թե իր գործընկերներն այնտեղ էին գնացել` խնդիրը հարթելու, աջակցություն ցուցաբերելու բողոքավոր մարդկանց, այնինչ` ստացվել է հակառակը. «Հասարակության այդ զանգվածն էր պաշտպանում պատգամավորներին»:

 

Դեպքից հետո ժամեր անց լրատվամիջոցներում հաղորդագրություն եղավ Ստյոպա Սաֆարյանի` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ հանդիպման մասին:

 

«Դա ցանկություն էր, որ միջազգային հանրությանը, մեր հասարակությանը ներկայացնեին, որ, որպես ընդդիմադիրներ, իրենք ակտիվ են, գործում են, եւ եթե կա տասը բողոքավոր մարդ, ապա «Ժառանգությունը» նրանց կողքին է»,- ասաց Հ. Սահակյանը:

 

Նա հավելեց նաեւ, թե կցանկանար, որ մեր ոստիկաններն ավելի պատրաստված լինեին եւ որեւէ մեկը` անկախ իր քաղաքական հայացքներից, ոստիկանի համազգեստ կրողին չվիրավորեր:

 

ՀՀԿ-ական պատգամվորի տեսակետներին սկզբունքորեն դեմ էր դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը. «Ես պիտի ասեմ, որ երեկ տեղի ունեցածը մեր իրականությունում տիրող ցինիկության, անպատժելիության հստակ պատկերներից մեկն էր»:

 

Լ. Գալստյանի խոսքերով` դա  ավանդույթներ ունեցող ձեռագրի շարունակությունն էր. ոստիկանությունը ոչ թե պետության, այլ իշխանությունների ոստիկանությունն է. «Այնտեղ էր ՀՀ քաղաքացիների մի խումբ, որն օգտվում էր իր` զանգվածային միջոցառում կազմակերպելու սահմանադրական իրավունքից: Եվ ցավալին այն է, որ այդ դեպքերը տեղի էին ունենում ոչ թե ինչ-որ փողոցում, այլ կառավարության շենքի առջեւ: Այն կառավարության, որը պարտավոր է պաշտպանել նրանց շահերը եւ ապահովել արժանապատիվ կյանք»: