Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ջուլիետա և Ռազմիկ Դավթյանները ՊՆ քննչական ծառայության քննիչ Գևորգ Բարսեղյանին մեղադրում են իրենց բնակարանից թանկարժեք իրեր, այդ թվում` ոսկյա զարդեր գողանալու, բնակարանն առանց իրենց տեղյակ պահելու այլ անձանց վարձակալության հանձնելու մեջ: Դավթյաններն այս գործով արդարադատության չհասնելուց հետո դիմել են լրագրողներին` ակնկալելով` նրանց միջոցով բարձրաձայնել խնդիրը:
Այսպես` 1997 թ. քույր և եղբայր Ջուլիետա և Ռազմիկ Դավթյաններն իրենց բնակարանն ի պահ են հանձնում հեռավոր ազգականին` Գևորգ Բարսեղյանին, սակայն 2009թ., վերադառնալով Հայաստան, հայտնաբերում են, որ տանը գտնվող թանկարժեք իրերն անհետացել են, իսկ բնակարանը 10 տարի շարունակ վարձակայության է հանձնվել տարբեր անձանց:
ՀԿԳ քննչական բաժինը քննել է գործը` գողության հատկանիշներով, սակայն որոշում է կայացրել Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, այսինքն` գործ չհարուցել` հանցակազմի բացակայության հիմքերով: Տուժած քաղաքացիները քննչական մարմնի որոշումը բողոքարկել են, սակայն` ապարդյուն:
Դավթյանների պաշտպան, փաստաբան Ժաննա Օհանյանի խոսքով` այս գործն առաջ չի գնում, քանի որ Գևորգ Բարսեղյանը պաշտոնատար անձ է: Ըստ նրա` քննիչի նկատմամբ անգամ ծառայողական քննություն է իրականացվել, սակայն ընթացք չի տրվել` նույն` հանցակազմի բացակայության հիմքերով:
Քրեական գործի հարուցման մերժումից հետո Դավթյանները վնասի փոխհատուցման պահանջով դիմել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, սակայն նրանց քաղհայցը մերժվել է բնակարանի վարձակալության պայմանագիր չներկայացնելու պատճառով: Սակայն, փաստաբանի խոսքով, ինչպե՞ս կարող էին իր վստահորդներն առանց տեղեկանալու, որ իրենց բնակարանը վարձակալության է տրվել, նման պայմանագիր ներկայացնել:
Այս վճիռը տուժողները բողոքարկել են թե’ վերաքննիչ, թե’ Վճռաբեկ դատարաններում, սակայն`վերաքննիչը մերժել է, իսկ Վճռաբեկը հետ վերադրաձրել բողոքը:
Փաստաբանն ուշադրւթյան հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Գևորգ Բարսեղյանն ընդունում է իր կատարած արարքը, սակայն, այնուամենայնիվ, գործին որևէ ընթացք չի տրվում, ավելին, ըստ Օհանյանի, Գևորգը դատական գործընթացի ընթացքում իր վստահորդի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ է տարածում` խաղալով նրա նյարդերի հետ:
«Եթե իսկապես չբացահայտվեն Գևորգի բոլոր գործողությունները, մտավախություն ունեմ, որ իմ վստահորդ Ռազմիկ Դավթյանը հանցագործ կդառնա` փորձելով անձամբ լուծում տալ հարցին»,- հայտարարեց փաստաբանը և հավելեց, որ Գևորգն ամեն կերպ փորձում է հունից հանել իր պաշտպանյալներին:
Պաշտպանը, այս գործը բացահայտելով, նպատակ ունի հանրությանն իրազեկել, որ ոչ բոլորին է պետք վստահել և բնակարանի բանալիներ հանձնել, իսկ ՊՆ քննիչին էլ ցույց տալ, որ նա անպատժելի չէ: Նրա խոսքով` նախաքննական մարմինը քննիչին արդարացնելու համար անգամ հայտնել է, որ նա այլևս համակարգում չի աշխատում, սակայն փաստաբանը պնդում է, որ նա դեռ ՊՆ համակարգում է: