կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-18 17:56
Հասարակություն

Նմուշներ Անաստաս Իվանովիչ Միկոյանի «հայրենասիրությունից»

Նմուշներ Անաստաս Իվանովիչ Միկոյանի «հայրենասիրությունից»

Աղբյուրը՝ arfd.am

Գրեց՝ Ա. ՋԱՄԱԼԵԱՆ

Արշակ Ջամալեանի(1882 Գանձակ-1940 Փարիզ) գրչին պատկանող այս յօդուածը արտատպուած է ժամանակին Բոստոնում լոյս տեսնող «Հայրենիք» օրաթերթի 22 փետրուարի 1938 թուականի համարից: Բերլինի համալսարանի ընկերային գիտութիւնների բաժինը փայլուն կերպով աւարտած Ջամալեանը, բուն անունով Իսահակեան, դեռ 1902 թուականից համոզուած դաշնակցական էր: ՀՀ օրօք եղել է Հայաստանի դեսպանը Վրաստանում: Ինչպէս ինքն է վկայում՝ Միկոյեանի հետ ծանօթ է եղել 1911 թ. երբ նա Թիֆլիսի Ներսիսեան դպրոցն էր յաճախում: Այնուհետև 1917-18-ի ընթացքում, Միկոյեանը Ջամալեանի յանձնարարականով գնացել է Էջմիածին և ընդունվել Գէորգեան ճեմարան: Այդ տարիներին մարքսիստների ազդեցութեան տակ անդամագրուել է Ռուսաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան բոլշևիկեան հատուածին: Այնուհետև Ջամալեանը երեք անգամ հանդիպել է Միկոյեանին: Դարձեալ ըստ իր՝ Ջամալեանի վկայութեան , առաջին անգամ Միկոյեանը դիմել է դրամական օգնութիւն խնդրելու, մի նախկին կամաւորի համար: Երկրորդ անգամ գնացել է Ջամալեանի մօտ վերադարձնելու համար փոխ վերցրած գումարը: Երրորդ անգամ Ջամալեանը նրան տեսել է 1920 թ. միայն հեռուից: Այդ օրը Ջամալեանը դասախօսութիւն է ունեցել, ուր Միկոյեանի ընկերակիցները ուզել են ցոյց կատարել Ջամալեանի դէմ: Միկոյեանը փորձել է սաստել իր ընկերներին ասելով. «յիմարութիւններ մի՛ արէք, ամօթ է»: Ջամալեանն այնուհետև չի հանդիպել Միկոյեանին, բայց հեռուից-հեռու միշտ տեղեկացել է նրա զբաղեցրած պաշտօնների եւ գործունեության մասին:

Ահա թէ ինչ է գրում Ջամալեանը.

ՄԻԿՈՅԵԱՆ Ի՛ՆՉՊԷՍ ԽԱՆԳԱՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ԵՒ ԽԱՓԱՆԵՑ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆԸ

Երբ, մի հայ որևէ օտար պետութեան մէջ բարձր պաշտօնի է հասնում՝ անմիջապէս մեր հասարակութիւնը աչքերը յառում է դէպի նա. «Անպատճառ մի բան կ’անի իր ժողովուրդի համար»:

Ի վաղուց հետէ իմ առանձին, խիստ բացասական կարծիքն ունենալով օտարի ծառայութեան մէջ գտնուող հայազգի պաշտօնեաների մասին՝ պէտք է այնուամենայնիւ ասեմ, որ Միկոյեանի նկատմամբ լաւատես լինելու մի քանի պատճառներ կային:

Առաջին՝ որ նա՝ հայ ժողովրդի ծոցից ելած և գերազանցօրէն ազգային դաստիարակութիւն ստացած մի մարդ՝ իր սեփական աչքով էր տեսել Հայաստանի յօշոտումը և հայ ժողովուրդի մարմնի վրայ բացուած վէրքերը: Եթէ մի Ստեփան Շահումեան, 1914-1918-ի աղէտներին հարևանցիօրէն ծանօթանալով, կարող էր խորին ցաւով ասել թէ «մարդկութեան մէջ ոչ թէ չորս այլ հինգ դասակարգ կայ և հինգերորդը, ամենաթշուառը, հայ ժողովուրդն է», ինչո՞ւ չէր կարող նոյն ցաւով համակուած լինել և մի Միկոյեան, որի ծանօթութիւնը հայ ժողովրդին հասած թշուառութիւնների մասին աւելի խորն էին և հիմնական:

Երկրորդ՝ Միկոյեանը իր քաղաքական կամ պետական գործունէութեան ասպարէզն էր դարձրել Խ. Ռուսաստանը կամ Խ.Հ.Միութիւնը, որ յեղափոխական փոխանցումների շրջանում գտնուելով՝ բազմաթիւ նպաստաւոր պայմաններ էր ներկայացնում հայ ժողովրդին օգնութիւններ հասցնելու տեսակէտից: Այն՝ ինչ որ դժուար կը լինէր յաջողացնել, ցարական իշխանութեան ժամանակ, մի Լորիս Մելիքովի համար, տասն անգամ աւելի դիւրութեամբ կարող էր յաջողացնել Միկոյեանը բոլշևիկների իշխանութեան ժամանակ՝ կռթնած այն սկզբունքներին և յայտարարութիւններին, որ Լենինը և նրա համհարզները հրապարակ էին նետել՝ ի պաշտպանութիւն անիրաւուած ազգերի և մասնաւորապէս հայ ժողովուրդի:

Թէ որքան անտեղի էր այս կարգի նկատումներով պայմանաւորուած լաւատեսութիւնը Միկոյեանի նկատմամբ՝ ընթերցողը կը տեսնի հետևեալ փաստերից:

1921-ին, առիթ ունեցայ խօսելու մի ականաւոր բոլշևիկի հետ այն ապիկարութեան մասին, որ ցոյց տուեցին Մոսկուայի հայ բոլշևիկները 1920-ին, երբ Շանթի պատուիրակութիւնը Հայաստանի անունից բանակցութիւններ էր վարում Խ. Ռուսաստանի հետ՝ հաշտութեան և բարեկամութեան դաշինք ստորագրելու համար: Խնդիրը դառնում էր Ղարաբաղի և Նախիջևանի հարցերի կարգադրութեան շուրջը:

Զրուցակիցս, առանց ինձ նայելու և կարծէք ինքն իր հետ խօսելով՝ մի խիստ գռեհիկ հայհոյանք ժայթքեց և ապա, ձեռքը սեղանին զարնելով աւելացրեց. «գերեզմանում իսկ հանգիստ չեմ ունենայ, եթէ ես, մինչև մեռնելս, «նրան» շանսատակ անել չտամ»:

Այս յանկարծակի պոռթկումից, ես սկզբում այն տպաւորութիւնն ստացայ, թէ զրուցակիցս իր «բոլշևիկեան կատաղութիւնը» արտայայտեց մեր ընկեր Շանթի դէմ: Բայց իմ հարցումին, թէ ո՛ւմ մասին է խօսքը՝ ստացայ հետևել պատասխանը.

«Ամէն ինչ արուած էր յաջողցնելու համար: Չիչերինը և նրա անմիջական գործակիցները տուել էին իրենց համաձայնութիւնը՝ Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստանի սեփականութիւն ճանաչելու: Դաշնագրի նախագիծն էլ արդէն խմբագրուած-պատրաստ էր և մի քանի օրից պէտք է հանդիսաւորապէս ստորագրուէր: Բայց ահա՛, վերջին վայրկեանին, Բագուից ստացուեց մի հեռագիր, որով Անաստաս Միկոյեանը, իր նման մի քանի սրիկաների գլուխն անցած, բողոքում է Խ. Ադրբէջանի գաւառները՝ Ղարաբաղն ու Նախիջևանը՝ եւրոպական իմպերիալիզմի ձեռքին գործիք դարձրած Հայաստանի հանրապետութեանը կցելու դէմ: Այս հեռագիրը մեր ամբողջ ջանքն ու աշխատանքը ջուրը նետեց, որովհետև Մոսկուան չէր կարող անտես առնել տեղական համայնավարների և մանաւանդ Միկոյեանի պէս պատասխանատու դիրք ունեցող մի համայնավարի ներհակութիւնը»:

Չգիտեմ, արդեօք իմ զրուցակիցը այսօր հանգի՞ստ է զգում իր գերեզմանում թէ՞ ոչ: Սակայն գիտեմ, որ Միկոյեանն այնուհետև ևս որևէ տատանում չունեցաւ՝ Հայաստանի յօշոտումը տևականացնելու գնով՝ իր անձնական դոսսիէն ճոխացնելու «ինտերնասիոնալիստական» փաստերով:

1920-ի դեկտեմբերին, Հայաստանում հաստատուեց Խորհրդային վարչակարգ: Այս առթիւ Խ. Ադրբեջանի զինուորա-յեղափոխական կոմիտէն, յանձին իր նախագահ դր. Նարիմանովի, յայտարարեց «ամենքին-ամենքին», թէ Խ. Ադրբեջանի և եղբայրական Խ. Հայաստանի միջև այլևս վերջացած են հողային վէճերը, որովհետև առաջինը վերջինի սեփականութիւնն է համարում Ղարաբաղը և Նախիջևանը:

Մի փոքրիկ ճիգ էր հարկաւոր այս պայմաններում, որպէսզի դր. Նարիմանովի հանդիսաւոր յայտարարութիւնը գործ դառնար: Այս ճիգը կատարելը այլևս ոչ մի անպատեհութիւն չէր ներկայացնում Միկոյեանի համար, որովհետև Հայաստանը «ազատուելով Դաշնակների լծից», այլևս չէր կարող գործիք ծառայել իմպերիալիստների ձեռքին: Բայց այս փոքրիկ ճիգն էլ չկատարեց «մեր Միկոյեանը», որովհետև ազգային շահերով հետաքրքրուելն ինքնին օգտակար փաստ չէր լինի նրա անձնական դոսիէի մէջ այն փաստերի շարքում, որոնք վկայում են մեր հերոսի անվերապահ ինտերնասիոնալիզմը…

1936-ի սկիզբներին, Մոսկուայի ներքին քաղաքական աշխատանքները կենտրոնացած էին ստալինեան նոր սահմանադրութեան մշակումի վրայ: Այս առթիւ պէտք է ճշդորոշուէր Խ. Հ. Միութեան մէջ մէկտեղուած երկրների սահմանը: Տեղի ունեցան կարևոր փոփոխութիւններ գոյութիւն ունեցող սահմանների մէջ. մէկ երկրից ընդարձակ հողեր պոկուեցին և կցուեցին միւս երկրին: Մի քանի երկրներ, որ առաջ «անկախ հանրապետութեան» տիտղոս չունէին՝ անկախ հռչակուեցին: «Անկախ» հանրապետութիւններից ոմանց մէջ էլ ինքնավար հանրապետութիւններ և շրջաններ հաստատուեցին:

Այս ամէնը կատարւում էր Միկոյեանի աչքի առաջ և նոյնիսկ նրա անմիջական մասնակցութեամբ: Նա գիտէր, թէ ի՛նչ յօշոտման է ենթարկուած Հայաստանը և ի՛նչ ողորմելի վիճակի վերածուած Անդրկովկասեան հանրապետութիւնների շարքում: Նա գիտէր նաև, թէ այդ յօշոտումը ինչքա՜ն դառնութիւն է պատճառում հայ ժողովուրդին երկրում և արտասահմանում: Սակայն այս ամէնը գիտնալով հանդերձ, նա ձայն չհանեց իր հայրենիքի դէմ եղած անիրաւութիւնները գէթ փոքրիկ չափով դարմանելու համար:

Դեռ աւելի կայ: – Երբ նախանցեալ տարի արտասահմանում զանազան կողմերից փորձեր եղան Միկոյեանի ուշադրութիւնը հրաւիրելու Հայաստանի և հայ ժողովրդի համար այնքա՜ն կենսական այս հարցերի վրայ՝ նա ոչ միայն անդրդուելի մնաց թէ՛ Հայաստանի և թէ՛ հայ ժողովրդի հանդէպ կատարեալ անտարբերութիւն մատնող իր կեցուածքի մէջ, այլև այնպիսի մի ընթացք բռնեց, որ կոյրերի համար էլ տեսանելի պիտի լինէր, որ Միկոյեանը ուզում է այդ փորձերը եւս իր անձնական դոսիէի մէջ նոր վկայութիւն դարձնել այն անվերապահ հաւատարմութեան, որ ինքը տածում է դէպի Ստալինը և նրա բոլոր նախագծումները…

Սակայն սխալ կը լինի ենթադրել, թէ Անաստաս Իվանովիչ Միկոյեանը իսպառ անտարբեր է դէպի Հայաստանին վերաբերող գործերը: Ոչ, դէպքեր կան, երբ նա, կրակ կտրած, միջամտում է այդ գործերին: Այսպէս օրինակ, թէ՛ Մոսկուայի «Իզվեստիա»ն և թէ «Խորհրդային Հայաստան»-ը միաբերան վկայում են, որ Հայաստանի «մաքրագործումների» մէջ շատ գործօն դեր է կատարել Միկոյեանը՝ իհարկէ ղեկավարուելով իր տիրոջ՝ Ստալինի՝ անմիջական ցուցմունքներով: Մասնաւորապէս մեծ է եղել նրա դերը վերջին շրջանի մաքրագործումների մէջ, որոնց ընթացքին սրբուեցին հրապարակից Ամատունին, Ակոպովը, Մուղդուսին և բազմահարիւր ուրիշ ականաւոր երկրորդական համայնավարներ:

Այսպիսով, երբ պէտք է խանգարել Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստանի սահմանների մէջ առնելու գործը՝ Անաստաս Իվանովիչ Միկոյեանն օրուայ մարդն է: Երբ կարելի է օգտագործել նոր սահմանադրութեան առթիւ ստեղծուած հազուագիւտ պատեհութիւնները Հայաստանի դէմ եղած անիրաւութիւնները վերացնելու համար՝ Միկոյեանը մէջտեղ չկայ: Երբ Մոսկուան որոշում է քարուքանդ անել Խ. Հայաստանի վարչական, տնտեսական, մշակութային և շինարարական հաստատութիւնները՝ հազարաւոր մարդիկ օրուայ հացից զրկելով կամ բանտերը լեցնելով և կամ գնդակահարելով՝ մեր հերոսը, թևերը սոթտած, նորէն հրապարակի վրայ է…

Ահա թէ ով է Անաստաս Իվանովիչ Միկոյեանը:

Եւ այս մարդն է, որ Խ. Հայաստանի «սպեցիֆիկ ազգային շահերը» պաշտպանելու համար, առաջին ջութակահարի դերը պիտի կատարէ Խ. Հ. Միութեան Ազգերի Խորհուրդի մէջ…