կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-23 20:21
Հասարակություն

Մոնթեի հեռադիտակից մինչև Շամիլ Բասաևի ռադիոկապ. բացառիկ նմուշներ՝ չավարտված պատերազմից

Մոնթեի հեռադիտակից մինչև Շամիլ Բասաևի ռադիոկապ. բացառիկ նմուշներ՝ չավարտված պատերազմից

Արցախյան պատերազմից մնացած և բաց երկնքի տակ ցուցադրված ինքնաշեն թնդանոթներն ու «Գրադ» կայանքը հուշում են զոհված ազատամարտիկների թանգարանի հասցեն` մայրաքաղաք Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան փողոց:

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն այս թանգարանում եղել է ավելի քան 70 անգամ: Yerkir.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Արթուր Առուստամյանը պատմեց, որ բարոնուհին ժամանակին բարեկամացել էր իր մոր՝ թանգարանի հիմնադիր, Արցախյան ազատամարտի մասնակից Գալյա Առուստամյանի հետ ու դարձել թանգարանի մշտական այցելուն:

Արցախյան պատերազմում զոհված 3370-ից ավելի ազատամարտիկների դիմանկարները, ինքնաշեն զենքերը, քարտեզները, նամակներն ու այլ իրերը վկայությունն են հայ-ադրբեջանական անհավասար կռվի, ողբերգության ու հաղթանակի:

Թանգարանի մի անկյունում՝ գետնի վրա, դրված է չեչեն ահաբեկիչ, չեչենական շարժման առաջնորդ Շամիլ Բասաևի ռադիոկապը, որը նա թողել էր նահանջի ժամանակ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում: Ադրբեջանի կողմից վարձված չեչենների վերջին մարտը հայերի դեմ տեղի է ունեցել 1993 թվականի աշնանը: Բասաևի խմբավորումը խոշոր կորուստներ էր կրել, քանի որ ադրբեջանցիները լքել էին Բաշ-Կարբենդի մատույցների դիրքերը: Հայերը գյուղն ազատագրեցին հակահարձակմամբ:

«Վիտալի Բալասանյանը մի քանի անգամ կապվել է Բասաևի հետ, ասել` սա ձեր կռիվը չէ: Երբ մերոնք հարձակվել են, չեչենները եղած-չեղածը թողել, փախել են, այդ թվում` ռադիոկապը»,- պատմեց Արթուր Առուստամյանը:

Շամիլ Բասաևի ռադիոկապից քիչ հեռու կախված է Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանի հեռադիտակը, որը նա պատերազմի ժամանակ նվիրել էր հրամանատարներից մեկին: «Մարտունիի մարտերի ժամանակ հրամանատարներից Վոլոդյա Համբարձումյանը հայտնվել էր ադրբեջանցիների շրջափակման մեջ, հետո կարողացել դուրս գալ իրավիճակից: Մոնթեն, տեսնելով Վոլոդյային, վրան գոռգոռում է՝ ասելով իր բառապաշարի ամենակոպիտ բառը. «Էշի գլուխ, չե՞ս տեսնում, որ քեզ շրջափակում են»: Վոլոդյան էլ դժգոհում է, թե` ո՞նց տեսնեմ, հեռադիտակ չունեմ: Մոնթեն իր հեռադիտակը վզից հանում ու կախում է Վոլոդյայի վիզը: Մոնթեի զոհվելուց տարիներ անց հեռադիտակը փոխանցվել է թանգարանին»,- պատմեց Առուստամյանը:

Պատերազմական նկարներում բոլորը հավասար են՝ Ռոբերտ Քոչարյանից մինչև Սամվել Բաբայան, Մոնթեից մինչև Սեյրան Օհանյան: Զոհված ազատամարտիկների լուսանկարների կողքին փակցված է նաև թանգարանի հիմնադիր Գալյա Առուստամյանի մյուս որդու լուսանկարը: Քիչ այն կողմ Արցախյան ազատամարտում զոհված կին դիպուկահարի՝ Մարգարիտա Սարգսյանի լուսանկարն է: Մարգարիտան զոհվել է 1993թ. օգոստոսի 23-ին նախկին Կուբաթլուի շրջանի հյուսիսարևելյան մասում՝ Ամուտեղ գյուղի (ներկայումս՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում) մատույցներում: Ալավերդյանի խոսքով՝ Արցախում պատերազմում երեք որդի կորցրած 5 ընտանիք կա. 5 ընտանիք Արցախին տվել է ամենաթանկը:

Պատերազմի մասին կան պատմություններ, որոնց մասին գիտենք ու լռում ենք, և կան դրվագներ, որոնց մասին ոչ ոք չգիտի: Պատերազմում զոհված երկու եղբայրների ողբերգության վկայությունն է թանգարանում դրված օղու շիշը՝ չբացված արդեն 25 տարի:

«Երկու եղբայրներից մեկը փայտե խաչեր է հավաքել շշի մեջ: Իրենք երբ գնում էին կռվի, ծնողները տանը օղի էին քաշում ու լցնում շիշը: Եղբայրները գալիս, խմում էին ու նորից վերադառնում ռազմաճակատ: Ծնողները շիշը երբեք դատարկ չէին թողնում: Վերջին անգամ, երբ շիշը լցրել են, երկու եղբայրն էլ չեն վերադարձել: Տարիներ անց օղիով լի շիշը թանգարանին է հանձնել տղաների մայրը»,- պատմեց Առուստամյանը:

Զոհված ազատամարտիկների սև ու սպիտակ լուսանկարների շղթան շարունակում են 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված արցախցի հերոսների նկարները: Արցախի հերոսների կողքին է նաև Մոնումենտցի Կյաժի լուսանկարը՝ թանգարանի այցելուներին հիշեցնելով չավարտված պատերազմի մասին:

Թերթում եմ թանգարանի տպավորությունների տետրն ու կարդում հուշամատյանում թողած վերջին գրառումը. «Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը մի խումբ դպրոցականներ այցելեցինք զոհված ազատամարտիկների թանգարան…»:

Թագուհի Մելքոնյան