կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-15 15:31
Քաղաքական

Զուտ հայրենասիրությունից դրդված` մարդը չի կարող ապրել այս երկրում

Զուտ հայրենասիրությունից դրդված` մարդը չի կարող ապրել այս երկրում

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն անթույլատրելի է համարում արտահերթ նիստի տապալումը, քանի որ դրա համար հանրապետականները հիմքեր չունեին: Այսօր այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:

 

Ըստ նրա` ԱԺ կանոնակարգում չկա «բոյկոտել» հասկացությունը: «Սա խիստ տնտեսական կենցաղային հարց էր, որն արդեն կդառնա քաղաքական խնդիր»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ինքը կողմնակից էր, որ հարցը լուծում ստանար, ոչ թե այդչափ քաղաքականացվեր:

 

Խաչատուր Քոքոբելյանը համարում է, որ եթե կառավարության անդամները և մեծամասնությունը ասելիք ունեին, ապա չպետք է խուսափեին նիստից: Եթե ունեին փաստարկներ, կարող էին համոզել ընդդիմախոսներին, բայց պատգամավորը վստահ է, որ նրանք չունեին փաստարկներ: «Ես մինչև հիմա որևէ արգումենտ որևէ պատասխանատու պաշտոնյայի կողմից, որը դեմագոգիայի դաշտից դուրս է, չեմ լսել»,- ասաց նա:

 

Անդրադառնալով խնդրի էությանը` Քոքոբելյանը նշեց, որ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների խախտմանը, որովհետև աշխատավարձերի բարձրացումն ավելի ուշ է լինելու` հուլիսի 1-ից, քան օրենքի կիրարկումը, որը նախատեսված է հունվարի 1-ից: Այդ համակարգի ներդրման արդյունքում նվազագույն աշխատավարձ ստացող` 18-ից մինչև թոշակային տարիք հասնող քաղաքացիները, հիմնականում` գրադարանավարներ, արխիվավարներ, հանրային այլ մասնագիտացում ունեցող քաղաքացիներ, աշխատավարձերի մոտավորապես 9500 դրամով նվազեցում են ունենալու: Նաև ուղղակիորեն հարված է հասցվում այն շերտին, որոնք մաքուր կամ, ինչպես ընդունված է ասել, սպիտակ աշխատավարձ են ստանում, նրանք են` ծրագրավորողներ, բարձր տեխնոլոգիայի բնագավառի աշխատողներ և այլք, որոնք բարեխիղճ հարկատուներ են:

 

Ըստ Խաչատուր Քոքոբելյանի` ծրագրավորողներն այն մարդիկ են, որոնք ամենահեշտն են աշխատանք գտնում դրսում, նաև այդ առումով պետությունը պետք է դողա նրանց համար: «Զրկվելով այդ խավից` զրկվում ենք մրցունակ ու ժամանակակից երկիր դառնալու հնարավորությունից: Զուտ հայրենասիրությունից դրդված` չի կարող մարդը ապրել այս երկրում, եթե իր էլեմենտար ապրելու պահանջները չի կարողանում հոգալ»,- ասաց պատգամավորը: