կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-11 13:19
Մշակույթ

«Հայկական մշակույթի շաբաթ». Պորտուգալիայում կներկայացվեն հայկական մշակույթի բացառիկ նմուշներ

«Հայկական մշակույթի շաբաթ». Պորտուգալիայում կներկայացվեն հայկական մշակույթի բացառիկ նմուշներ

Հոկտեմբերի 12-19-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կանցկացվի «Հայկական մշակույթի շաբաթ», որի կազմակերպիչն է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական բաժանմունքը /տնօրեն` Ռազմիկ Փանոսյան/, իսկ երաժշտական մասի կայացմանն օժանդակել է կենտրոնի երաժշտական բաժնի տնօրեն Ռիստո Նեյմինենը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Պորտուգալիայի սիմֆոնիկ նվագախմբի և «Հարություն Դելլալյան» եռյակի ջութակահարուհի Նարինե Դելլալյանը նշեց, որ շաբաթը լեցուն է լինելու ամենատարբեր միջոցառումներով` Արշիլ Գորկու ցուցահանդես /որն, ի դեպ, կգործի մինչեւ 2015-ի մայիսի 31-ը/, Վասիլի Գրոսսմանի «An Armenian Sketchbook» գրքի շնորհանդես /առաջաբանը` Ռազմիկ Փանոսյանի/, «Ավելի քան Պարոն 5 տոկոս»` խորագրով` արխիվային նյութերից կազմված` Գալուստ Գյուբենկյանի մասին պատմող կլոր սեղան, դասախոսություններ, կոնֆերանս հայկական երաժշտության մասին, մի շարք համերգներ:

 

«Հայաստանից հրավիրված է «Շողակն» համույթը, որի ելույթով էլ կբացվի շաբաթը, իսկ փակման համերգի համար հրավիրված է Ջորդի Սավալը` իսպանացի աշխարհահռչակ երաժիշտ, ով հայ երաժիշտների մասնակցությամբ կներկայացնի «Հայկական ոգի» երաժշտական ծրագիրը: Սա մի փառահեղ միջոցառում է` իր ծավալով, որն իր նախադեպը չի ունեցել այստեղ: Սա նաև մեծ հնարավորություն է` պորտուգալացի հանդիսատեսին ներկայացնելու եւ ծանոթացնելու հայկական մշակույթը»,- ասաց Դելլալյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ շաբաթվա ընթացքում կլինի նաև  կամերային երաժշտության երկու համերգ, որոնց ընթացքում կհնչեն Բաբաջանյանի, Մանսուրյանի, Կոմիտասի, Դելլալյանի, Խաչատրյանի, Շարաֆյանի ստեղծագործությունները: Համերգներին անգլիացի, չինացի, լեհ և պորտուգալացի գործընկերների հետ հանդես կգան Նարինե Դելլալյանը, Լեւոն Մուրադյանը, Մարինա Դելլալյանը, Վարուժան Բարթիկյանը, Գեւորգ Դաբաղյանը, Հայկ Մելիքյանը…

 

«Հոկտեմբերի 14-ին կլինի հայկական երաժշտությանը նվիրված կլոր սեղան, որից հետո Գյուլբենկյան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա ելույթով` կատարելով Խաչատրյանի «Դաշնամուրի կոնցերտ»-ը: Որպես մենակատար` հանդես կգա Նարե Արղամանյանը: Այդ օրն առաջին անգամ կցուցադրվի նաև Ռիկարդո Էսպիրիտո Սանտոյի` Հայաստանին նվիրված ֆիլմը՝ «ARt MENIA»-ն»,- ասաց Դելլալյանը:

 

Ի դեպ, հոկտեմբերի 15-ի միջոցառման շրջանակներում «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի նախագահ Արթուր Սանթոս Սիլվայի խոսքով էլ կբացվի հայ-պորտուգալական /և ոչ միայն/պատմական առևտրային կապերին նվիրված միջազգային գիտաժողովը: