Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ նախագահի այցը Ռուսաստան չի տվել գլխավոր հարցի պատասխանը` Կրեմլը թույլ կտա՞ Հայաստանին համագործակցել ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության ծրագրով: Սարգսյանը պատրաստ է նստել երկու աթոռի վրա` և' եվրասիական, և' եվրոպական, ստանալ տնտեսական, ֆինանսական, նաև ռազմական օգնություն և' Մոսկվայից, և' Բրյուսելից: Հետխորհրդային տարածքում դա դեռ չի հաջողվել ոչ ոքի. գրում է Газета.ру-ն:
Ըստ կայքի` չորեքշաբթի կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, սակայն երկու երկրների միջև խնդիրները նրանք որոշել են չհրապարակայնացնել: Հակառակը` Պուտինը միայն գովել է իր գործընկերոջը քաղաքական, անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության «դրական արդյունքների» համար:
«Բանն այն է, որ Բրյուսելում կկայանա Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որի ժամանակ սպասվում է, որ Հայաստանը նոր իրավական փաստաթուղթ կստորագրի` «Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին փաստաթուղթ»»,- գրում է կայքը` հիշեցնելով, որ 2013-ին Հայաստանը պատրաստվում էր ԵՄ-ի հետ ասոցացման, ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրել, սակայն վերջին պահին Սարգսյանը շրջվեց դեպի Եվրասիական տնտեսական միություն:
Կայքը նշում է, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման ճանապարհին գլխավոր խնդիրը ԼՂ հակամարտությունն է: Համաձայնագրում ճիշտ խոսքեր են ասվում այն մասին, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով` ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերի շրջանակում, սակայն գործնականում Ռուսաստանն է երաշխավորը, որ ԼՂ հակամարտությունը լայնածավալ պատերազմի չի վերաճի:
Հայ փորձագետ Հայկ Խալաթյանը, անդրադառնալով թեմային, թերթի հետ զրույցում նշել է, որ ԵՄ-ն Ուկրաինայից հետո դաս է քաղել և այժմ չի ստիպում ընտրություն կատարել Մոսկվայի ու Բրյուսելի միջև, ԵՄ-ի ու Եվրասիական միության միջև:
Ըստ կայքի` Սարգսյանը նույնպես բազմիցս ասել է, որ նախընտրում է «և,և» մոտեցումը, նախընտրում է բարեկամական հարաբերություններ ունենալ և օգնություն ստանալ թե' ԵՄ-ից, թե' ՌԴ-ից: «Մենք չենք ցանկանում ընտրություն կատարել ընկերների միջև, այլ ցանկանում ենք որքան հնարավոր է շատ ընկերներ ունենալ»,- հայտարարել է նա:
Կայքը նշում է, որ ներկայումս նա այդ քաղաքականությանը հավատարիմ մնալու ավելի շատ շանսեր ունի: «Չորեքշաբթի Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև են ընդունել, որում ասվում է, որ Արևելյան գործընկերության ծրագրին մասնակցող և ԵՄ-ի կողմից առաջարկվող բարեփոխումներն իրականացնող երկրները պետք է հնարավորություն ունենան միանալու ԵՄ-ին: Այսինքն` խորհուրդ է տրվում հրաժարվել «կամ, կամ» քաղաքականությունից, և ԵՄ-ԵԱՏՄ դիմակայություն չպետք է լինի»,-գրում է կայքը: