կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-04 14:54
Քաղաքական

Ժողովրդական զայրույթը կարող է շրջվել հենց Փաշինյանի դեմ. Газета.ру-ի անդրադարձը

Ժողովրդական զայրույթը կարող է շրջվել հենց Փաշինյանի դեմ. Газета.ру-ի անդրադարձը

Ռուսական Независимая газета-ն և Газета.ру-ն անդրադարձել են Հայաստանում այս շաբաթ տեղի ունեցած իրադարձություններին:

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը Газета.ру-ի հետ զրույցում նշել է, որ  Հայաստանում իրավիճակը քաղաքական փակուղի է մտել, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների: Նա նշել է, որ Փաշինյանի գործունեությունն այս իրավիճակում ապակառուցողական է:

«Նիկոլ Փաշինյանը երկրում պահպանում է հեղափոխական իրավիճակը: Եվ այդ իրավիճակն ինչ-որ պահի, իհարկե, կարող է դուրս գալ վերահսկողությունից. ժողովրդական զայրույթը կարող է շրջվել հենց Փաշինյանի դեմ, քանի որ նրա կառավարման ընթացքում սոցիալ-տնտեսական դրության բարելավում տեղի չի ունեցել»,- նշել է փորձագետը:

Իշխանությունը կորցնող Հանրապետական կուսակցությունն օրենքի նախագիծ է ներկայացրել, որով խորհրդարանը ցրելը գրեթե անհնար է դառնում: Այդ մասին ասվում է Независимая газета-ում հրապարակված հոդվածում:

Քաղաքական վերլուծաբան Դավիթ Պետրոսյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ներկայիս կոնֆլիկտի արմատները պետք է փնտրել վերջերս կայացած` Երևանի ավագանու ընտրություններում: Նրա խոսքով՝ Փաշինյանի կուսակիցները, ակտիվ քարոզչություն իրականացնելով, երբեմն նաև հարձակումներ էին իրականացնում այն մրցակիցների դեմ, որոնք աջակցել են «թավշյա հեղափոխությանը: «Մասնավորապես՝ իրեն նեղացած կարող էր զգալ Գագիկ Ծառուկյանը»,- նշել է վերլուծաբանը:

Նրա կարծիքով` Հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն է խորհրդարանում,  զգացել է հարմար պահը՝ «հեղափոխական շարքերում» հնարավոր պառակտումը, և օրենքի նախագիծ է ներկայացրել, որը, անկասկած,  պաշտպանում է իր շահերը, իսկ Փաշինյանը դիմել է իր հաղթաթղթին՝ հսկայական ժողովրդական աջակցությանը:

«Այժմ շատ բան կորոշեն կուլիսային գործընթացները, որոնց ընթացքում Հանրապետական կուսակցությունը կփորձի նվազեցնել ձեռքից փախչող իշխանության կորուստները: Նախաձեռնությունը, սակայն, ինչպես ցույց տվեցին երեքշաբթի և չորեքշաբթի տեղի ունեցած իրադարձությունները, դեռ ամբողջովին Նիկոլ Փաշինյանի ձեռքում է»,- նշում է թերթը: