Փոխարժեքներ
09 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.19 |
EUR | ⚊ | € 450.58 |
RUB | ⚊ | ₽ 4.9041 |
GBP | ⚊ | £ 521.65 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
2018 թվականին, պետական միջոցառումների ընդարձակ ծրագրով, կնշվի Հայաստանի հանրապետության անկախության հռչակման եւ հայոց նոր պետականության հիմնադրման 100-ամյակը: Հայ ժողովրդի հետագա գոյության երաշխիք հանդիսացած այս մեծագույն իրադարձության հոբելյանական տարեդարձը առիթ է հայացք նետելու դրամատիկ ու հերոսական ժամանակահատվածի վրա, լուսաբանելով, արժեւորելով ու վերարժեւորելով պատմական անցքերը, ձեռքբերումներն ու կորուստները: Այսուհետ պարբերաբար անդրադառնալով տվյալ թեմային arfd.am կայքէջը կներկայացնի ինչպես ներկա նույնպես եւ անցյալի գործիչների խոսքը: «Մայիս 28» խորագրով հրապարակվող ներքոշարադրյալ հոդվածի հեղինակը Առաջին հանրապետության, ինչպես եւ դրան նախորդած ու հաջորդած ժամանակահատվածի խոշոր մտավորական, ազգային-պետական գործիչ Նիկոլ Աղբալյանն է: Հոդվածը վերահրատարակվում է նոր ուղղագրությամբ ավանդական ուղղագրության փոփոխությամբ:
Վեց տարի առաջ, պատմական դեպքերու հարկադրանքին տակ, հայ ժողովուրդը «արցունքով» եւ «ակամա» հայտարարեց իր անկախությունը, ինչպես տեղական թերթերեն մեկը գրած էր հեգնանքով: ՀՅ Դաշնակցության ղեկավարությամբ հայությունը ոչ միայն մերժած էր բաժնվիլ Անդրկովկասյան դաշնակցութենեն, այլ դեմ էր նաեւ Կովկասի ներքին անջատման: Ան դեմ էր այդ անջատման, որովհետեւ, գիտեր իր գլխուն գալիքը. գիտեր որ բաժնվելով Անդրկովկասյան դաշնակցութենեն, ինքը պիտի մնար առանձին, գրեթե մեն մինակ: Վրացիները չէին կրնար թիկունք կանգնիլ մեզի այն բոլոր փորձություններուն մեջ, որոնք այդ անջատումով իսկ պիտի հառաջ գային: Մենք, ընդհակառակը, ձրի վահանն էինք Վրաստանի, որովհետեւ թրքական արշավանք մը անպայման Հայաստանի վրայով պետք է կատարվեր: Իսկ Ազրպեյճանը ուրախ էր որ իր ցեղակիցները ու կրոնակիցները պիտի ողողեին ողջ Կովկասը: Մենք դեմ էինք անջատման, որովհետեւ, գիտեինք թե ովքե՛ր էին եկողները: Անոնք կուգային միանգամայն լուծելու հայկ. հարցը ո՛չ թե դիվանագիտական ճամբով, այլ սրով ու սվինով: Ա՛յս է պատճառը, եթե մենք Հայաստանի անկախությունը հայտարարեցինք «արցունքով» եւ «ակամա»: Այս իրողությունը, զոր իբրեւ պարսավ կնետեն մեր երեսին, գովեստ ու պատիվ է հայ ժողովուրդին եւ իր ղեկավար կուսակցության – Հ Յ Դաշնակցության,- ու նաեւ նշան՝ մեր քաղաքական հեռատեսության: Մենք ամենքեն ավելի լավ էինք ըմբռնած ռուս բանակի ներկայության արժեքը՝ մեր երկրին մեջ: Ռուս բանակին ետեւ հայ ժողովուրդը կարող էր պահպանել իր ազատությունն ու անկախությունը: Ու ի վերջո ցավով, բայց ճամբա տվինք ռուս բանակին, թեեւ զայն ոչնչացնելը՝ մեր անդնդախոր ձորերուն ու կիրճերուն մեջ շատ դյուրին գործ էր մեզ համար: Վրացիները փակեցին անոնց ճանապարհը, որ Ռուսիա տանող ուղիղ գիծն էր, իսկ թաթարները տասնյակ հազարներով ռուս զինվորներ մորթոտեցին իրենց երկրին մեջ:
Սկիզբները, Ռուսիա հայտարարած էր որ Կովկաս կուգա ճնշված ազգերը ազատագրելու համար մահմետական լուծեն. Մենք նպաստըեցինք անոր այս նպատակով, բայց այն պահուն, ուր շատ պետք ունեինք իր օժանդակության, ճակատագրականորեն լքեց մեզ եւ չկատարեց իր պարտքը մեզի հանդեպ: ՀՅ Դաշնակցությունը, որ 30 տարի անընդհատ պայքար մղած էր հանուն ազատության, շատ լավ էր ըմբռնած անոր արժեքն ու գինը. Ան գիտեր նաեւ որ իր ուժերը շատ քիչ էին, որովհետեւ մնացած էր մինակ, ինքն իրեն հետ: Ձեզի ամենքիդ ծանոթ է որ հաճախ դեպքերը կյանքի մեջ չեն ընթանար այնպես՝ ինչպես ցանկալի է մեզ ու մեր հաշիվները սովորաբար սխալ դուրս կուգան. Այսպես եղավ 1918-ին: Մինչդեռ հայ ժողովուրդը կուզեր որ ռուսը մնա Կովկասի մեջ, թաթարներն ու վրացիներտ տարբեր բաներ կմտածեին: 1918 Մայիս 26-ին, վրացիները հայտարարեցին որ կանջատվին Կովկասյան դաշնակցութենեն, 27-ին նույն բանը ըրին թաթարները. Մենք մնացինք դարձյալ մինակ: Դեռ 1912 եւ 1914-ին վրացիները կըհայտնեին, թե Կովկասը կպատկանի իրենց եւ թաթարներուն միայն: Ա՞լ ինչ կուզեին ուրեմն հայերը, Ի՞նչ են իրար անցեր եւ հայկական գավառներու մասին կխոսին, – կգրեին վրացի թերթերը: Հայերը, կավելցնեին անոնք, եկվորներ են. մինչեւ Սեւանա ծովը Վրաստան է, իսկ մնացածը կպատկանի թաթար խաներուն, որոնք ինքզինքնին կնկատեին պարսիկներու օրինական ժառանգորդները: Եթե միայն Երեւանը կզիջեին մեզ, պետք էր արդեն, իրենց հաշվով, մեծ «շնորհ» մը համարել ատիկա: Ահա այս մտայնության տեր եղողները կհայտարարեին, թե կանջատվին Կովկասյան Դաշնակցութենեն: Այս պայմաններուն մեջ է, որ մենք ստիպված էինք գործ կատարել: Մեր դրացիները դեմ էին հայկական ուրույն հողամաս ստեղծելուն, որովհետեւ այդ բանը քաղաքական բարդություն առաջ պիտի բերեր: Անոնց համար վտանգ մըն էր հայ զանգվածի մը կենտրոնացումը՝ իրենց կողքին: Անոնք լավ գիտեին, որ եթե հայերուն տրվեր մատ մը հող, այդքան տեղի վրա իսկ պիտի կազմվեր հայկական բռունցքը որուն համը առած էին հեղ մը հայ-թաթարական ընդհարումներու ատեն: Ու հայությունը, այսպես, միշտ կնկատվեր վտանգավոր հարեւան՝ արթուն ազգային գիտակցությամբ, եւ, մանավանդ, ուժեղ մրցորդ: Արդ, ի՞նչ պետք էր ընեինք մենք եւ այն կուսակցությունը, որ մեկ քառորդ դար պայքարած էր հայ դատին ու հայ հայրենիքին համար: Հայոց տնտեսական դրությունը արդեն քայքայված, 150.000 տաճկահայ գաղթականներու պատսպարման հոգը կավելնար մեր մյուս հոգերուն վրա, եւ դեռ սո՜վ, համաճարա՜կ… ի՞նչ ընել. Հրաժարի՞լ հայրենի ժառանգութենեն, գուցե կուզեիք որ լքեի՞նք մեր հայրենիքը: Հայ ժողովուրդը, որ 30 տարի Հ Յ Դաշնակցության դրոշին տակ կռված էր ու եկած էր ազգային ու մարդկային արժանապատվության, խիզախ ու հերոսական խոյանքներ էր փորձած, Սասունի եւ Վանի անմոռանալի հերոսամարտերը արձանագրած ու հայ_թաթարական ընդհարումներեն հաղթանակով էր դուրս եկած, պե՞տք էր որ զիջեր իր պապենական ժառանգությունը թաթարներուն եւ վրացիներուն, հանդուրժելով ըլլալ անոնց հպատակն ու գերին: Մենք կգտնվեինք երկընտրանքի առջեւ, կգտնվեինք այնպիսի կետի մը վրա, ուր պետք էր ընտրել կամ մահ կամ ազատություն: Պետք էր ըլլալ խիզախ ու համարձակ: Ու ի պատիվ այս ժողովուրդին ու ղեկավար կուսակցության, պետք է ըսել որ ունեցանք այդ առաքինությունը, այո՛, «ակամա», բայց երբեք դասալիք չլլալու պայմանավ:
Մենք ընտրեցինք ազատությունը: Զարհուրելի էր պատասխանատվությունը. Հ Յ Դաշնակցությունը հերոսաբար իր ուսերուն վրա առավ զայն: Կշռեցե՛ք այն հետեւանքները, որոնք հառաջ եկան այս պատասխանատվութենեն: Տեսե՛ք հետեւանքը, որ կշռեք ազգին արժանիքը: Երբ ռուսերը երկրորդ անգամ ոտք դրին Կովկաս, թաթարները ո՛չ մեկ դիմադրություն փորձեցին, իսկ վրացիները հազիվ երկու օր միայն կրցան պաշտպանել իրենց մայրաքաղաքը եւ ռուս բանակը հանդիսավորապես մուտք գործեց Կովկաս: Սակայն հայ ժողովուրդը 13 ամիս շարունակ կռիվ մղեց ու թեեւ արյունաքամ, բայց խիզախորեն ուզեց պաշտպանել իր հայրենիքն ու անկախությունը: Մենք պաշտպանեցինք մեր «ակամա» ազատությունը, իսկ անոնք չկրցան պահպանել իրենց կամովին անկախությունը, հակառակ անոր որ մեզի չափ վնասված չէին անոնք: Հայը ազատության համար դաստիարակված էր. ան գիտեր ազատության արժեքը. չէր ուզած փորձանքին մեջ մտնել, բայց անգամ որ մտավ, գիտցավ պաշտպանել զայն: Պարզ չէ՞ ազատության սերը՝ որ ամրացած է, ռազմական կորովը՝ որ արթնցած է, խիզախությունը՝ որ վերադարձած է, ստրուկը որ ազատված է հոգիով ու գործով:
Ո՞րն է իմաստը մայիսի 28-ի:
Այդ թվին բովանդակ հայ ազգը որ ստրուկ էր թուրքին եւ հպատակ ռուսին՝ կդառնար ազատ ու անկախ հայրենիքի տեր ու քաղաքացի:
Այն ժողովուրդը, որ սովոր էր միայն իր վիզը երկարել թշնամիին եւ կինը զիջել ուրիշին,Մայիսի 28-ին ինքզինք կհռչակեր ազատ ու անկախ, ան իր ազատության համար կռվեցավ ձմռան ցրտին, բոպիկ եւ մերկ, քաղցած ու արյունաքամ վիճակի մեջ:
Արեւելյան եւ արեւմտյան հայությունը միացած Դաշնակցության դրօշին տակ, հասած էր ինքնագիտակցության, իբրեւ մեկ մարդ:
Ոտնակոխ նահանգները հայրենիքի մաս կազմեցին ու մենք ունեցանք անկախ երկիր, ազատ ժողովուրդ մը եւ զարգացման ընդարձակ հորիզոն:
Եւ ազատությունն ու անկախությունը տվավ իր պտուղը.հայ ժողովուրդը երեւան բերավ անօրինակ եռանդ, անսովոր անձնվիրություն, բոլոր ուժերի պրկումը եւ տարի մը ետք, ամբողջ աշխարհին
հայտարարեց թե իր պահանջն է միացյալ եւ անկախ Հայաստանը:
ԺԹ. Դարեն առաջ, հայությունը միշտ արթուն եղած էր իբր կրոնական միություն: Իսկ Մայիս 28-են արդեն ճանչվեցավ իբրեւ քաղաքական միություն: Մայիս 28-ը, ուրեմն, հայոց պատմության մեկ փուլն է,
անջնջելի, լուսաշող ու անմար:
Զարգացման այս փուլին հասնելու համար, հայ ժողովուրդը ի սպաս դրավ իր խիզախությունը:
Հ.Յ. Դաշնակցությունը իր գործունեության ընթացքին եղավ խիզախ. անոր հետեւելով ազգը զգաց իր վաղեմի ոգու վերազարթնումը ու համակվեցավ նույն խիզախությամբ:
Անոնք միայն կհոժարին ստրկության, որոնց մեջ արթուն չէ խիզախության ոգին, որոնց համար արժեք չունի իր պապերուն ժառանգությունը-խիզախ ու համարձակ նկարագիր:
Վեց հարյուր տարվան ստրկությունը ո՛ր հայուն համար տանելի է այլեւս:
Հարազատ հայորդին պետք է ըլլա խիզախ, ատով կստեղծվի հզոր կամք, եռուն աշխատանք, համարձակ եւ ազնիվ նկարագիր:
Ստրուկը հայ դառնալու համար պետք է մկրտվի խիզախության ավազանի մեջ եւ մաքրվի պատմական մեղքեն:
Մայիս 28-ի աքթը իր արդյունքը տվավ. այսօրվան Հայաստանը մեր ճոխ սեղանի փշրանքն է:
Ոմանք եղածը կնկատեն անկախ. Լա՛վ. Բայց մե՛նք ստեղծեցինք զայն մեր խիզախությամբն ու աշխատանքովը:
Ոմանք կնկատեն զայն ոչ անկախ եւ ուրախ են.զարմանալի չէ. ազատ չեղածը ի՛նչ կիմանա ազատության արժեքը:
Հայության հոծ զանգվածը, որ ապրեցավ ու տեսավ, գիտե անկախության արժեքը:
Մենք եղանք հպատակի ու ստրուկի որդի երեկ, բայց ազատ զավակի ազատ հայր ենք այժմ. փորձեցինք անոր տալ անկախ հայրենիք, ու տվինք. հետո ձախողեցանք. բայց մեր զենքերը վար չեն դրված
եւ պայքարը չէ վերջացած մեզ համար:
Եթե չհաջողինք իսկ մեր նոր ճիգերուն մեջ, գոնե այն մխիթարությունն ունինք, որ մեր որդիներուն կկտակենք փառավոր պատմություն մը խիզախ ոգորումներով լեցուն:
Մենք ստրկության պատմություն ժառանգեցինք. Կթողունք հաղթանակի էջեր:
Այսօրվան կիրքերը կժխտեն Մայիս 28-ի պատմական նշանակությունը. փույթ չէ. ամեն սերունդ ունեցած է իր ստվերը, որ քարշ կուգա:
Ժամանակ մը պարզ ազգասիրությունը նկատված էր վտանգավոր, այսօր ամենեւի՛ն. հետո հեղափոխությունը համարվեցավ խելառություն. այժմ ամեն կողմե կծափահարվի:
Հեռու չէ այն օրը երբ Մայիս 28-ը պիտի դառնա ազգային տոն. այն ժամանակ գուցե մեռած կլլանք մենք եւ մեզի հետ՝ մեր հակառակորդները:
Մոռնալու չէ, սակայն, որ իր փառավոր անցյալը ժխտողը խառնածին է:
Այժմ՝ հալածական է Դաշնակցությունը եւ իրեն հետ նաեւ հայությունը:
Բայց Կովկասը կազմակերպված է մեր քաղաքական իդեալին համաձայն:
Մե՛նք ենք մշակեր եւ կմշակենք դեռ հայության քաղաքակրթական իդեալը:
Երբ ֆեդերացիա կուզեինք մենք, մեզի դեմ էին. հիմա որ մեր ձգտումն է անկախ ու միացյալ Հայաստանը, մեր հակառակորդները ֆեդերացիայի գաղափարը կպաշտպանեն: Երբ մենք մեկ կողմ կթողունք ոեւէ քաղաքական միտք կամ գործելակերպ իբրեւ հինցած, մեր հակառակորդները կվերցնեն զանոնք եւ կյանք կուտան անոնց: Թող գործեն մեր աշակերտները այս ուղղությամբ:
Ո՛վքեր գիտեն արժեքը Մայիս 28-ի՝ մեզ նման՝ թող գոտեպնդվին. հայությունն ազատ է հոգով՝ անազատ կարգերու մեջ. ազատ ոգին անկարող է մնալ անազատ պատյանի մեջ. պատյանը պիտի պայթի եւ անկախ ու միացյալ Հայաստանի մեջ ամենքն անխտիր պիտի տոնեն մայիսի 28-ը:
«Յուսաբեր» 7 հունիս 1924, Ժ. Տարի թիվ 28