կարևոր
4837 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-16 12:30
Հասարակություն

Թեհլիրյանին նկարելը ոչ թե իմ կամքն էր, այլ պահը, որը հասունացավ. տեղի է ունեցել Մայիս Մխիթարյանի կտավի ցուցադրությունը

Թեհլիրյանին նկարելը ոչ թե իմ կամքն էր, այլ պահը, որը հասունացավ. տեղի է ունեցել Մայիս Մխիթարյանի կտավի ցուցադրությունը

Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ նկարիչ Մայիս Մխիթարյանի՝ Սողոմոն Թեհլիրյանին ձոնված կտավի մեկօրյա ցուցադրությունը։ Գեղանկարի ստեղծման և ցուցահանդես բացելու առիթով Yerkir.am-ը զրուցել է նկարչի հետ։      

Պարո՛ն Մխիթարյան, ինչպե՞ս ստեղծվեց Սողոմոն Թեհլիրյանի կտավը։    

- Սողոմոն Թեհլիրյանին նկարելը ոչ թե իմ կամքն էր, այլ պահը, որը հասունացավ ու բերեց նրան մոլբերտի առաջ, և ես ոչ թե մտածեցի, թե ինչպես իրեն նկարեմ, այլ ինքը ծնվեց այնպիսին, ինչպիսին ինձ տրվեց։ Նկարի պատվիրատուն և հովանավորը Անդրանիկ Էլմասյանն է։ Ստեղծագործելիս ես գնում եմ մի ճանապարհով, որտեղ ինձ ուղեկցում են համաշխարհային մշակութային գործիչները, և շատ հաճախ ձայնում եմ Մոցարտին ասելով՝ եղբայր, խնդրում եմ դուրս եկ իմ սենյակից, դու ինձ խանգարում ես ստեղծագործել, որովհետև շատ աշխույժ ես, իսկ երբ հանգստություն է տիրում մենք շարունակում ենք համագործակցաբար ստեղծագործել (ժպտում է):                                                                                                            

- Սողոմոն Թեհլիրյանն այն մեկն է, ով ծնվել է ստեղծագործելու, սիրահարվելու, ապրելու համար, և այն բեռը, որն ընկավ իր վրա, ամենածանրն էր, քանզի Աստված մարդուն ստեղծել է ոչ թե սպանելու, այլ արարելու համար, և երբ ամբողջական նկարին ենք նայում, տեսնում ենք, որ Թեհլիրյանի ձեռքում ոչ թե զենք է այլ՝ վարդ, ինչպե՞ս  կբնութագրեք նկարը մանրամասնորեն։   

- Թեհլիրյանը սիրահարված պոետ է, ով եկել է Երկիր մոլորակ ծաղկեցնելու համար, սակայն ինքն իրեն ցավեցնելով անում է մի բան, որի համար աշխարհ չէր եկել։ Ես չեմ ծնվել նրա համար, որ մարդասպանի նկարեմ, քանզի Թեհլիրյանը ճիշտ հակառակը՝ իսկական վրիժառու էր. ես  ծնվել եմ, որ խենթանամ սիրով, նկարեմ գեղեցիկն ու մատուցեմ մարդականց, քանզի ոչ թե գեղեցիկն է փրկում աշխարհը, այլ հենց ես եմ  ուզում փրկել գեղեցիկին։

- Ինչպե՞ս միաձուլվեց հոգևորը ձեր արվեստի ստեղծագործություններում։

- Ես հոգևոր դաշտում նորից ծնվեցի, երբ քսանհինգ տարեկան էի: Հասկացա, որ իմ մեջ ապրում է մեկ այլ Մայիս, ով ավելի հետաքրքիր է, և սկսեցի նրա հետ ընկերություն անել: Եվ  երբ ուզեցի նմանվել Հոգևոր Հորը, սկսեցի ստեղծագործել։ Հաճախ, երբ վրձինն ընկնում է իմ ձեռքից, ես ներողություն եմ խնդրում իրենից, որովհետև ես զգում եմ, որ իր մեջ արարիչ կա։                                       

- Ինչո՞ւ եք Ձեր բոլոր կտավների ետնամասում գրում՝ Աստծո փառքի համար: Ինչպիսի՞ կապ  կա նկարչի և հոգևորի միջև, և, հատկապես, ինչի՞ համար եք շնորհակալ:

- Երբ հասկացա, որ նկարելու շնորհը Տերն է ինձ փոխանցել, հասկացա, որ դա չժառանգեց ո՛չ եղբայրս, ո՛չ քույրս, այլ հենց ես, հասկացա, որ դրա կրողը միայն ես եմ, ու հենց դրա համար միշտ շնորհակալ եմ Տիրոջը: Թեկուզ այն ծանր է, բայց միաժամանակ քաղցր ձիրք է, որովհետև ծառայում ես հավերժությանը, գեղեցիկին, սիրուն։

Հրապարակախոս, թարգմանիչ, սցենարիստ Մարտին Հուրիխանյանն էլ պատմեց, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Թեհլիրյանի կտավին և թե ինչպես է նկարագրում իր զգացողությունները այն տեսնելիս։ 

«Արվեստում աստվածաշնչյան թեմաներով գործերը հաղթաթուղթ ունեցող Մայիս Մխիթարյանի անցումն այնպիսի հողեղեն, աշխարհիկ կերպարի կերտմանը, որպիսին Սողոմոն Թեհլիրյանն էր, անակնկալ էր ինձ համար, և ես մտավախությամբ ընդունեցի կտավի առաջին դիտողը, առաջնախոսքն ասողը լինելու առաջարկը: Թեհլիրյանը ոչ թե մարդասպան մեկն է, այլ՝ արդարադատություն իրականացրած անձնավորություն, իր ազգի վճիռն ի կատար ածած, վավերացրած դատավոր։ Ասվածի առարկայական հավաստումը  նաև նրա կրած պատմուճանն է, որն իր հատվածականության մեջ անգամ ցուցանում է այն կրողի ովությունը։ Ուշադի՛ր դիտեք ու կտեսնեք նաև, թե ի՜նչ ուղղակի ու անուղղակի հուշումներ կան մի կողմից մարդուն կյանքից զրկելու մերժման (դրա ուղղակի հավաստումը վարդի թերթի դողն է կոշիկների սևի ֆոնին), մյուս կողմից ատրճանակն այնուամենայնիվ գործադրելու պատրաստ հերոսի վճռականության մասին», - նշում է Մարտին Հուրիխանյանը։

Հրապարակախոսը փաստում է՝ թեև հայտնի է, որ կատարյալ ոչինչ չկա, սակայն ստեղծագործության մեջ միանգամայն անվրեպ է եղել գեղանկարիչը, քանի որ ցանկացած դետալի ոչ միայն բացառման, այլև նվազագույն տեղաշարժի դեպքում կփլուզվեր պատկերի կառուցվածքն ու անդարձ կկորչեր համանվագը, որը խորապես պայմանավորված է նաև կտավի ֆոնի ու կերպարի խորքի ձույլ միասնությամբ, դրանով իսկ նկարին հաղորդած այն կարգի դինամիկայով, որը դիտողի մոտ ստեղծում է տարածությունը ճեղքող, ընդառաջ եկող հերոսի կերպարը։

 

Անժելա Սեդրակյան