կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-28 23:40
Հասարակություն

Մայիս 28. դարավոր երազանքը՝ իրականություն

Մայիս 28. դարավոր երազանքը՝ իրականություն

Հարյուրամյակներ շարունակ պետականության բացակայության պայմաններում հայ ժողովրդի մտավորական հատվածը աշխարհի տարբեր մայրաքաղաքներում ու իր ստեղծած գաղթօջախներում, ինչպես նաեւ հայրենի հողի վրա չէր դադարում անդուլ ջանքեր գործադրել ցանկացած ժողովրդի լինելիության և գոյատեւման համար վճռորոշ նշանակություն ունեցող անանցանելի արժեքի՝ անկախության վերականգնման ուղղությամբ։

Կալկաթայից մինչեւ հեռավոր Ամերիկա, Ռուսաստան ու Եվրոպա սփռված հայ ժողովրդի նվիրյալ զավակները` մտավորական թե արհեստավոր, շինական թե առեւտրական, ապրում էին մեծ տեսլականն իրականացած տեսնելու հույսով, կազմում էին ծրագրեր, գրում էին Սահմանադրություններ։ Բայց միայն 19-րդ դարում հայ քաղաքական միտքը վերջնականապես բյուրեղացրեց, որ միայն հայրենի հողի վրա կազմակերպված պայքարի շնորհիվ է հնարավոր իրականացնել սերունդների երազանքը, ազատագրել Հայաստանը եւ նվաճել անկախ ապրելու իրավունքը, որ օտար ուժերը կարող են միայն աջակցել այդ պայքարին, բայց որեւէ մեկը չի նվիրելու հայ ժողովրդին այդ մեծագույն արժեքը։

Եվ այդ գիտակցությունն էր, որ մարդկության պատմության մեջ մեծագույն ոճրի՝ Ցեղասպանության զոհը դարձած ժողովրդին, 1915-ից ընդամենը 3 տարի անց համախմբեց դեպի անկախություն՝ վերջին քայլն անելու գաղափարի շուրջ։ Եվ քանզի կար գաղափարը, գտնվեց նաեւ այդ գաղափարի առաջամարտիկը՝ Արամ Մանուկյանը, որն իր վրա վերցրեց պատմական այդ առաքելությունը` առաջնորդելով ժողովրդին դեպի վճռական ճակատամարտ, եւ դրա հաղթական ավարտից հետո՝ ավետելով բազմաթիվ սերունդների երազանքի իրականացումը՝ Ազատ ու Անկախ Հայաստանի ստեղծումը։

Չլիներ Մայիս 28-ը, չէր լինի Խորհրդային Հայաստանը, չէր լինի մեր Երրորդ հանրապետությունը։ Կարծում ենք` Մայիս 28-ը իրականություն դարձրած սերնդի գնահատականը դեռևս տրված չէ։