Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի վերսկսումից երեք ամիս անց, մեղադրող դատախազը հրապարակեց այս գործով նոր մեղադրական ճառը:
Շուրջ երեք ժամ տևած հրապարակման ընթացքում մեղադրողը դարձյալ միջնորդեց մեղավոր ճանաչել Իսրայել Սարգսյանին: Նա ամբաստանյալի համար 25 տարի ազատազրկում պահանջեց՝ նշելով, որ նրա պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ գործում առկա չեն:
Ի պատասխան դատախազի 60 էջանոց ճառի, Իսրայել Սարգսյանն արձագանքեց. «Եթե պիտի կարդար 25 տարի, թող միանգամից ասեր 25»: Իսրայել Սարգսյանը խոստացավ հաջորդ դատական նիստին հանդես գալ ճառով և վերջին խոսքով:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 22–ին դատավոր Արմեն Բեկթաշյանը պետք է հրապարակեր այս գործով դատավճիռը, սակայն նա անսպասելի որոշում կայացրեց դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում և դիակը տեղափոխել ու նետել Զովունի- Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը:
Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ Իսոն ողջ է, և ինքն է այնպես արել, որ նա հեռանա երկրից: Իսրայել Սարգսյանը նախքան ձերբակալվելը եղել է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անվտանգության ծառայության պետը, իսկ 1998թ-ին դատապարտվել է Արմեն Տեր-Սահակյանի հայտնի բանդայի կազմում սպանություն և սպանության փորձ կատարելու համար: