կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-14 15:46
Իրավական

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության համար տուժող կողմը ցմահ ազատազրկում է պահանջում

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության համար տուժող կողմը ցմահ ազատազրկում է պահանջում

Քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի հարազատները պահանջում են ցմահ ազատազրկման դատապարտել Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանին: Այս մասին այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող այսօրվա դատական նիստում ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:

Նրա խոսքով` եթե մեղադրող կողմը երկու հանցագործությունները հիմնավորված է համարում, անհասկանալի է դատախազի կողմից ամբաստանյալի համար 25 տարվա ազատազրկում պահանջելը: Պաշտպանը միաժամանակ միացավ մեղադրողի այն պնդմանը, որ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է:

«Ես նույնպես համարում եմ, որ Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է: Ինձ համար ամբողջ դատաքննության ընթացքում չբացահայտվեց այն հանգամանքը, թե ինչու ինքնախոստովանություն տեղի ունեցավ: Թեև ամբաստանյալը դատաքննության ընթացքում նշեց, որ ինքնախոստովանական ձայնագրությունը փորձ էր` ընդամենը պարզելու, թե Տիգրան Ասատրյանը կապ ունի սպանության հետ, թե` չէ, բայց եթե գործին հետևում ես, տպավորությունն այնպիսին է, որ հենց Իսրայել Սարգսյանն է խոստովանում ամենը, ինքն է տվյալներ հրապարակում»,- հայտարարեց նա:

Այս գործով մյուս տուժողի` անհետացած Մովսես Ներսիսյանի իրավահաջորդ Թադևոս Ալեքսանյանը, իր խոսքում նշեց, որ եթե դատարանը մեղավոր ճանաչի Իսրայել Սարգսյանին, ապա պետք է բավարարի նաև Մովսես Ներսիսյանի իրավահաջորդի` Կարեն Ներսիսյանի քաղաքացիական հայցը: