կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-04 16:20
Իրավական

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատախազը երկրորդ անգամ ճառ կասի

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատախազը երկրորդ անգամ ճառ կասի

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով լրացուցիչ դատաքննությունը: Հաջորդ դատական նիստում մեղադրող դատախազը նոր մեղադրական ճառ կհրապարակի:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 22 –ին դատավոր Արմեն Բեկթաշյանը պետք է հրապարակեր այս գործով դատավճիռը, սակայն նա անսպասելի որոշում կայացրեց դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ:

Լրացուցիչ քննության ընթացքում դատարանում հարցաքննվեցին փորձագետներ, ովքեր իրենց կարծիքը հայտնեցին այս գործի ելքի համար էական նշանակություն ունեցող ձայնագրության և Արթուր Սաֆարյանի ենթադրյալ սպանողի՝ Մովսես Ներսիսյանի դիակը չհայտնաբերելու մասին: Նախորդ դատական նիստում էլ հետազոտվեց գործի համար ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող իրեղեն ապացույց: Խոսքը վերաբերում է Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի վայրից հայտնաբերված բժշկական ձեռնոցին, որի վրա փորձաքննությամբ հայտնաբերվել էին կրակոցի արգասիքներ: Փորձաքննությամբ հիմնավորվել է, որ ձեռնոցի վրայից անջատված ԴՆԹ-ն չի համապատասխանում սպանության մեջ մեղադրվող Մովսես Ներսիսյանի և սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի ԴՆԹ-ին:

Այս գործով դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը բազմիցս բարձրացրել է հիշյալ ձեռնոցն իրեղեն ապացույց ճանաչելու հարցը: Իսրայել Սարգսյանը դատաքննության ընթացքում 24 օր հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով գործին որպես իրեղեն ապացույց կցել այս ձեռնոցը:

Հիշեցնենք, որ, համաձայն գործի նյութերի, Սաֆարյանի սպանությունը պատվիրել և կազմակերպել է Իսրայել Սարգսյանը, ով էլ հանցանքը թաքցնելու նպատակով սպանել է սպանությունը կատարած Մոսոյին ու դիակը թաքցրել կոյուղու դիտահորում: Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ Իսոն ողջ է, և ինքն է այնպես արել, որ նա հեռանա երկրից:

Նշենք, որ այսօրվա նիստում շարունակվեց ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի հարցաքննությունը: