Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անհամբեր սպասել եմ այստեղ գալուս, որպեսզի տեսնելիքս տեսնեմ ու սովորելիքս սովորեմ: Լրագրողների հետ զրույցում նման կերպ արձագանքեց անվանի դերասան Ջոն Մալկովիչն իր` Հայաստան այցի մասին հարցին:
Նշենք, որ Մալկովիչը Հայաստանում է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի շրջանակում, որի բացման ժամանակ էլ` հոկտեմբերի 11-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա: Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից` Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը:
Մալկովիչը նշեց, որ դասական երաժիշտների հետ մի քանի կատարումներ ունեցել է, և գալիք համերգն արդեն իսկ իր` 8-րդ նման փորձը կլինի: Ըստ նրա` այս ձևաչափով համերգները, որոնց ժամանակ մեկտեղվում են տեքստն ու երաժշտությունը, անասելի ապրումներ են պարգևում իրեն, քանի որ, իր կարծիքով, երաժշտությունը համամարդկային ուժ է պարունակում, հատկապես` կենդանի և դասական երաժշտությունը:
«Մենք ուզում էինք զուգակցել տեքստն ու երաժշտությունը: Իհարկե, այնպես չէ, որ տեքստը պետք է փոխարինի երաժշտությանը, ոչ, տեքստը պետք է լրացնի երաժշտությանը: Ստացվելիքի իմաստը, կարծում եմ, այնպիսին կլինի, ինչպիսին յուրաքանչյուրը կընկալի: Երաժշտությունը պարանոյայի տարրեր է պարունակում,` Սաբատոյի տեքստն էլ այդպիսին է։ Սաբատոյի հիմնական ասելիքը ստեղծագործության մեջ այն է, որ աշխարհը կառավարում են կույրերը, և սա, բնականաբար, փոխաբերական իմաստով է ասվում»,-ասաց Մալկովիչը` հավելելով, որ Սաբատոյի ստեղծագործությունն արժեքավոր գործ է, որին միշտ կարող ես վերադառնալ, ինչպես, առհասարակ, արվեստի մեծ գործերի դեպքում է: «Հարատև են այն գործերը, որոնք խորությամբ են դիպչում մարդկանց»,- նշեց դերասանը:
Ըստ նրա` երաժշտությունը, որի ներքո պետք է հնչի այս կամ այն գրական գործը, բավական դժվարությամբ է ինքն ընտրում, երաժշտական մի գործը բազմաթիվ անգամներ է լսում` մինչև դրան զուգահեռ տեքստ համակցելը: «Դա բնազդային գործընթաց է. տեքստը չի կարող մրցել երաժշտության հետ, այն պետք է սահի ու իր տեղը գտնի երաժշտության մեջ, տեքստը պետք է լրացուցիչ տեղեկություն հայտնի: Առհասարակ, երաժշտությանը տեքստ զուգակցելը մարտահրավեր է, բարդ գործընթաց»,- ասաց Մալկովիչը:
Հարցին, թե որքանով է ծանոթ Հայաստանին ու հայոց պատմությանը, նա պատասխանեց, որ շատ չէ, բայց ունի հայ ընկերներ, բացի այդ` ճիշտ է, հայոց պատմության մասին հատուկ գրքեր չի կարդացել, բայց կարդացել է գրքեր, որոնցում խորապես ներկայացված են եղել Հայաստանի պատմությունը: «Գիտեմ նաև Ցեղասպանության մասին: Դե, ինչ կարելի է ասել այդ մասին… Ուղղակի զարմանալի է` ինչպիսի ահավոր քայլերի են ունակ մարդիկ»,- նշեց Մալկովիչը:
Հիշեցնենք, որ հոկտոմբերի 11-ին կայանալիք համերգին, որպես մենակատար, հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։