Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կմեկնարկի «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծը, որի նպատակը ուսանողներին դասական երաժշտությանը հաղորդակից դարձնելն է:
ՀՀ մշակույթի նախարարի տեղեկալ Արթուր Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ծրագիրն առայժմ միայն Երեւանում կլինի, սակայն իրենք մտադիր են ծրագիրը տանել նաեւ մարզեր. «Մենք պետականորեն պարտականություն ենք ֆիքսելու, որպեսզի այսուհետ յուրաքանչյուր համերգային կազմակերպություն «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագծի շրջանակներում մեկական դաս-ծրագիր մշակի»:
«Հայպետֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանն էլ, իր հերթին, նշեց, որ նախագիծը, կարծես, «Դպրոցական ֆիլհարմոնիկի» շարունակությունը լինի: Ըստ նրա` նախագծի շրջանակներում կազմակերպվող համերգները զուտ համերգներ չեն լինելու, այլ ավելի շուտ դաս-համերգներ:
«Յուրաքանչյուր կատարումից առաջ կներկայացվի տվյալ ստեղծագործության պատմությունը: Կարծում եմ` սա Հայաստանում ամենալավ պետական մշակութային քաղաքականությունն է: Մենք այս 20 տարիների ընթացքում հանդիսատես ենք կորցրել եւ, ուսանողներին կրթելով, հենց այս բացն էլ լրացնելու ենք»,- ասաց Մանասյանը:
Նախագծի բացումը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում. գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ` ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Սմբատյանի կարծիքով` հարկավոր չէ պայքարել վատորակ երաժշտության դեմ, պետք է այլընտրանք ստեղծել. «Դատելով մեր համերգների ունկնդիրների հաճախելիությունից` վստահ կարող եմ ասել, որ մենք այսօր երիտասարդ ունկնդրի մեծ քանակ ունենք, եւ լավ արվեստը շատերին է հետաքրքրում»:
Ի դեպ, երեկոյի ընթացքում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Կոմիտաս/Սարգիս Ասլամազյանի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ռուբեն Ալթունյանի և Ջակոմո Պուչինիի ստեղծագործություններից: