կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-04 01:50
Քաղաքական

ՀԱԿ-ի վերջնագիրն արտագրված տեքստ է

ՀԱԿ-ի վերջնագիրն արտագրված տեքստ է

ՀԱԿ-ի ներկայացրած վերջնագիրն արտագրված տեքստ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ եթե նայենք 1990-ականների լրատվամիջոցների հրապարակումները, ապա պարզ կդառնա, որ այն ժամանակվա ընդդիմությունն էլ նույն հարցադրումներն ու պահանջներն էր ներկայացնում:

 

«Առավել եւս կարելի է նայել նաեւ 1995-96 թվականներին Դավիթ Շահնազարյանի մոտեցումներն այդ ժամանակվա իշխանությունների մասին. նույն կարգախոսներով էին հանդես գալիս: Արտագրված մտքեր են, որոնցով փորձում են հասարակությանը շեղել»,- ասաց Գ. Սահակյանը:

 

Նա հավելեց, որ ներկայիս իշխանությունն ընդունում է, որ կան խնդիրներ, սակայն ի զորու է դրանք լուծել եւ կլուծի: Եվ եթե տարիների հեռվից ես նայում, ապա այս իշխանությունները, ըստ պատգամավորի, շատ լուրջ հարցեր են լուծել. եթե 1990-ականների կեսերին պետբյուջեն կազմում էր 50 միլիոն դոլար, ապա ներկայումս այն անցնում է մեկ տրիլիոնի սահմանը:

 

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի իշխանությունների վարվելակերպը «տղայական» բնորոշելուն, Գ. Սահակյանն ասաց, թե իրենք նրանց վիրավորանքներին ավելի մեղմ հակադարձելու տարբերակն են ընտրել:

 

Հարցին, թե վերջ ի վերջո, ՀՀԿ-ն կատարելո՞ւ է ՀԱԿ-ի պահանջները, Գ. Սահակյանը պատասխանեց. «Այսինքն, դա թվում է` աստվածազոր հրովարտա՞կ է, եւ իշխանությունները պիտի կատարե՞ն ինչ-որ ցուցումներ: Մենք պարզապես կատարում ենք այն, ինչի մասին խոսում ենք բաց եւ թափանցիկ»:

 

 

Ժողովուրդը պետք է շատ ուշադիր լինի, որպեսզի մարտիմեկյան դեպքերը նորից չլինեն, քանի որ  նույն թիմն է մարդկանց առաջնորդում, հակառակ դեպքում ՀԱԿ-ը «էլի կփորձի, ցայտնոտի մեջ ընկած, իրենց վերջին շանսն օգտագործել՝ ի վնաս ժողովրդի»:

 

Իսկ թե արդյո՞ք հավանական է, որ նման դեպքեր կլինեն, պատգամավորն ասաց. «Համենայն դեպս, իշխանությունների կողմից ոչ մի բան չի ձեռնարկվի: Կձեռնարկեն նրանք, ովքեր կկազմակերպեն, որոգայթի մեջ կգցեն ժողովրդին»: