կարևոր
3361 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-05 14:16
Քաղաքական

Պետական օրհներգին որպես մեղեդի կամ գրական տեքստ վերաբերելը մերկապարանոց է․ Լիլիթ Գալստյան

Պետական օրհներգին որպես մեղեդի կամ գրական տեքստ վերաբերելը մերկապարանոց է․ Լիլիթ Գալստյան

Aravot.am-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

-Արդյոք օրհներգի թեման երաժշտագիտակա՞ն է, գրականագիտակա՞ն, թե քաղաքական:

-Պետական օրհներգին որպես մեղեդի կամ գրական տեքստ վերաբերվելը, մեղմ ասած, մերկապարանոց է եւ կարծում եմ՝ դիտավորյալ մոլորեցվող։ Աշխարհում չկան պետական օրհներգերի ստեղծման կայուն և հաստատված կանոններ։ Բացահայտ ակնհայտ է, որ ՀՀ անփառունակ վարչախումբը՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական պատվերով կազմալուծում է Հայոց պետականությունը, ջնջելով կամ թուրքական քիմքին ու պատվերին պատշաճեցնելով հայոց ինքնութենական արժեքները, պատմական հիշողությունն ու մեր հավաքական արժանապատվությունը։ Հենց այս քաղաքական համատեքստով է պայմանավորված խորհրդանիշերի՝ իսկ իրականում մեր պետության դեմ պայքարը։ Օրհներգը սոսկ երաժշտական կոթող չէ, այլ ժողովրդի պատմական քաղաքական զարգացման փուլերով, նրա անցյալով և իղձերով պայմանավորված խորհրդանշական ուղերձ, որը սերունդների հաջորդականության, համերաշխության, ինքնութենական բաղադրիչների հավաքական պատկերն է: Օրինակ՝ Գերմանիայի օրհներգի հեղինակը ավստրիացի կոմպոզիտոր Հայդենն է և այն գրվել է 1797 -ին՝ կայսր Ֆրանսիսկ II -ի ծննդյան առթիվ։ Միացյալ թագավորության օրհներգը 1745-ին է հաստատվել։ ԱՄՆ օրհներգը անգլիական գինետան երգ է՝ 1773-ին թվագրվող, որի խոսքերը 1814-ին են գրվել, իսկ պաշտոնապես ընդունվել է 1931-ին։ «Մեր Հայրենիքի» օտարածին լինելը նույնպես մտացածին է։ Խոսքերը Միքայէլ Նալբանդյանինն են, մեղեդին մշակել է Կոմիտասի ուսուցիչ Կարա-Մուրզան, իսկ այն առաջին անգամ հնչել է 1885-ին, Թիֆլիսում։ Հետագայում, 1920-1930թթ, այն վերամշակել է Բարսեղ Կանաչյանը։

-Ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի՝ օրհներգում թշնամու կերպարի վերաբերյալ դիտարկմանը:

-Քաղաքական ու դիվանագիտական սնանկ վարչախմբին ու նրա առաջնորդին սեփական վախերը հաղթահարելու ռեսուրս կարծես էլ չի մնացել։ Քանի որ ունակ չեն հակազդել թշնամուն, շարունակում են սեփական պարտությունն արդարացնելու ու նոր մեղավորներ նշանակելու վարքը։ Հիմա էլ զինանշանն ու օրհներգն են մեղավոր։ Մենք հիմա բազմակողմանի պատերազմի մեջ ենք․ սրանք հետևողականորեն լեգիտիմացնում են թուրքական թեզերը, ոտնատակ տալով և ուրանալով ազգային շահեր ու իդեալներ, ընդ որում՝ իրենց բնորոշ ամենամանիպուլյատիվ գործիքներով՝ ցլերի ու կարմիր լաթերի հորինվածքներով, բանակը նվաստացնելով, ներքին թշնամու որսով: Ի դեպ, շատ երկրների oրհներգում կա թշնամու հղումը։ «Ոչնչացրու մեր թշնամիներին և տար նրանց կործանման» տողերը կան ՄԲ-ի հիմնում, Ֆրանսիայի հիմնը՝ «Մարսելյեզը» պատերազմական հիմն է, որը ժողովրդի և հայրենիքի թշնամիների դեմ մարտի ելնելու կոչ է։ Իմ երկիր-Հայրենիքը քանդող, ոչնչացնող եւ իմ ժողովրդին ցեղասպանող պետությունն իմ թշնամին է, այո․․․Ու էդ սպառնալիքն ամեն օր է հնչում Ադրբեջանից։

-Ձեր տպավորությամբ՝ ինչո՞ւ են մտավորականները խուսափում օրհներգի եւ զինանշանի թեմայով խոսելուց, իսկ ոմանք էլ ներկայացնում են իշխանությունների տեսակետին հարող կարծիքներ:

-Երկրում ազգային, արժեքաբանակ տրանսֆորմացիա է տեղի ունենում, տեսակային զտում, համատարած ճգնաժամ։ Այո, հիմա սակավ է կամ գրեթե չի լսվում մտավորականի խոսքը։ Ես կարծում եմ նաև սկզբունքներ ունեցող քաղաքացու խնդիր է․ դիմազուրկ, ամորֆ տեսակների միջավայր է ստեղծվել, որոնք հաճախ կամք կամ խիզախում չունեն հակազդելու ընդհանուր տենդենցին։ Մի մասը հաշտվում է՝ սոցիալական կամ նյութական պատճառներով, մի մասը հոգնել է և հաշտվել համատարած բարոյալքման հետ, մի մասը երեսուն արծաթով է գոհացել։ Երկրում հեղինակությունների, ազգային ինստիտուտների ծրագրված ջարդ է կազմակերպել։ Խեղված իրականություն․ բռնությունների և վրեժխնդրության գործիքով զինված իշխանություն․․․․Դարձել ենք անղեկ հասարակություն։ Այնուամենայնիվ, օրինակ` պատմաբանների մի ստվար և շատ պրոֆեսիոնալ խումբ պայքարում է պատմության դասագրքի դեմ, եւ ինչ: Օտարի օրակարգը սպասարկող ցինիկ ու ապազգային իշխանություն․․․

-Արդյոք հիմա ճիշտ պա՞հն է օրհներգի եւ զինանշանի փոփոխության:

-Հիմա մեր երկրում թշնամու պահն է, երկրում թուրք-ադրբեջանական կամքն է մոլեգնում, նրանք են ներազգային օրակարգ թելադրում։ Իսկ մեր իրականությունը վերածվել է համատարած հրդեհների․ չգիտես որը շիջես։ Հետևողականորեն կազմաքանդվում է մեր պետականության ճարտարապետությունը։ Թիրախում նաև Սահմանադրությունն է․ թշնամու անթաքույց պատվերով վարչախումբը լծվել է չորրորդ հանրապետության «կերտմանը»՝ ջնջելով մեր բոլոր ինքնութենական հենասյուները ու կասկածի տակ դնելով ապագան։

-Առաջին հանրապետության հիմնադիրները ինչպե՞ս կարձագանքեին այսօրվա քննարկումներին, տիկին Գալստյան։

-Անգամ դժվարանում եմ պատկերացնել․ նույնիսկ վեց տարի առաջ էր անպատկերացնելի, որ հայ ժողովուրդը 21-րդ դարում ցեղասպանության կենթարկվեր ու նրա իշխանությունները կլեգիտիմացնեին թշնամու հանցագործությունը։ Մսխել մի ամբողջ հազարամյակների ժառանգություն․․․ Երբեմն ինձ թվում է, թե դեռ չենք գիտակցում ուրացումի մասշտաբները։ Պատմությունն ու Աստված չեն ներելու Արցախի դավաճանությունը։Այսպես չի մնալու, ուժ ենք գտնելու վերածնունդի․․․