Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի գնահատմամբ ՀՀ Նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում արված հայտարարությունը, կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականության վերաբերյալ սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը Հայաստանում ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ: Երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները պահանջում են ունենալ ժողովրդի հեղինակությունը վայելող կիրթ, կենսունակ, ամուր, նորարարական, բարեփոխումները վճռական քայլերով առաջ մղող կառավարություն: Երկրի դժվարին սոցիալ տնտեսական իրավիճակը, ժողովրդին հուզող բազմաթիվ հիմնախնդիրները թելադրում են արդյունքին միտված, ժամանակակից միջազգային փորձով ամրապնդված մրցունակ կառավարության ծրագրի կենսագործում, որը հնարավորություն կտա կարճ ժամկետներում երաշխավորել տեսանելի արդյունքներ: Կուսակցությունը գնահատելով երկրի Նախագահի և ՀՀԿ-ի հետ կոալիցիայի շրջանակներում իրականացրած գործունեությունը, արձանագրում է, որ անցած 6 տարիների ընթացքում համատեղ ուժերով կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր:
Այդուհանդերձ ՕԵԿ-ը փաստում է, որ մեզ չի հաջողվում իրականացնել մեր բազմաթիվ նախընտրական ծրագրերը, որի վկայությունը, օրինակ, ավելի քան 2 տասնյակ օրինագծերն են, որոնք տարիներ շարունակ, գտնվելով Ազգային ժողովում, օրենքներ չեն դառնում, չնայած մեր բազմաթիվ քննարկումներին:
Արձանագրելով, որ դասական քաղաքական առումով քաղաքական կոալիցիան կարող է լինել կենսունակ, եթե մասնակից քաղաքական ուժերը ունեն որոշումների կայացման վրա եթե ոչ համաչափ, եթե ոչ էական, ապա գոնե որոշակի ազդեցության հնարավորություն, ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ: Արդյունքում «իշխող քաղաքական կոալիցիա» հասկացության փոխարեն լայն շրջանառության մեջ է դրվել գերակա դարձած «իշխող քաղաքական ուժ» հասկացությունը: Կոալիցիոն գործընկերության ժամանակահատվածում նման ձևաչափը ՕԵԿ-ի համար երբևիցե հնարավորություն չի ստեղծել պետական կառավարման համակարգում երկրի զարգացմանն առնչվող շատ հիմնահարցերի լուծման և առանցքային պաշտոնների նշանակման հարցում ունենալ իր ազդեցությունը: Դրա վկայությունն են նախորդ ժամանակահատվածում 3 անգամ վարչապետ նշանակելու և 4 անգամ խորհրդարանի նախագահ առաջադրելու քաղաքական մեծամասնության միանձնյա որոշումները, ինչպես նաև ՀՀ Նախագահի և ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ օրերս տեղի ունեցած քաղաքական խորհրդատվությունը, որի ժամանակ, չնայած ՀՀ Նախագահի բացառիկ իրավասությանը առաջադրելու վարչապետի թեկնածությունը, կոալիցիայի շրջանակներում չի քննարկվել ՕԵԿ-ի կողմից առաջադրած թեկնածուի հարցը՝ թերևս գուցեև այն հիմնավոր իրավական պատճառով, որ ՀՀԿ-ն Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն, և դա բավարար է առանց կոալիցիոն գործընկերոջ համաձայնության առաջադրումներ կատարելու առանցքային քաղաքական պաշտոններում, ինչը հնարավորություն չի ընձեռում ՕԵԿ-ին՝ որպես կոալիցիոն կուսակցությանն, ունենալ որևէ ազդեցություն նման կարևոր որոշումների ընդունման գործընթացում: ՕԵԿ-ը փաստում է, որ վերջին 6 տարիներին եղել է ՀՀ Նախագահի և ՀՀԿ-ի հուսալի գործընկերը բազմաթիվ դժվարին իրավիճակներում, փորձել է առավելագույնս ներգրավված լինել բարեփոխումների բարդ օրակարգի մեջ՝ մշտապես ցուցաբերելով սկզբունքային և շիտակ դիրքորոշում: Նույնը վերաբերում է նաև 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, երբ ՕԵԿ-ը վեր կանգնելով նեղ կուսակցական շահերից, իր վարկանիշի էական նվազման հաշվին թույլ չտվեց, որ երկրում մոլեգնի քաղաքացիական պատերազմը կամ երկիրը կանգնի արտաքին ագրեսիայի վտանգի առջև: Կուսակցությունը գտնում է, որ նոր կառավարությունը պետք է ձևավորված լինի կիրթ, գրագետ, բարեփոխումների ունակ, երկրի արտաքին տնտեսական օրակարգը՝ Մաքսային Միությունից մինչև Եվրոպական Միություն, միջազգային ֆինանսական հաստատությունների և երկրի համար կարևոր գործընկերների հետ հավակնոտ օրակարգ ձևավորելու և կյանքի կոչելու ունակ թիմից: ՕԵԿ-ը հրապարակային կերպով արտահայտել է իր մոտեցումը կառավարության ղեկավարի մեր թեկնածուի շուրջ: Մենք համոզված էինք, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով 4 տարի արդյունավետ կառավարել է Ազգային ժողովը, ունեցել է կարևոր դերակատարում Անվտանգության խորհրդի կայացման գործում՝ համակարգելով երկրի ներքին և արտաքին կարևորագույն ոլորտներում բարեփոխումներին ուղղված շուջ մեկ տասնյակ միջգերատեսչական, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության միջգերատեսչական հանձնաժողովների գործունեությունը, իրավունք ուներ հավակնելու երկիրը տնտեսական դժվարին իրավիճակից դուրս բերելու առանցքային դերակատարմանը՝ երկրի Նախագահի և կոալիցիոն դաշնակիցների հետ:
Հաշվի առնելով 6-ամյա կոալիցիոն փորձառությունը, ՕԵԿ-ի՝ կոալիցիայի կազմում մնալու միակ հիմնավոր պատճառ կարող էր դիտարկվել իշխանության մեջ իրական դերակատարման ստանձնումը, ինչը չէր կարող դրսևորվել 3 նախարարական պորտֆելների շուրջ առաջարկությամբ: ՕԵԿ-ը գտնում է, որ երկրի առաջին դեմքերի կենտրոնացումը մեկ քաղաքական կուսակցության ձեռքում իրական հնարավորություն չի ստեղծում կոալիցիոն իշխանության գործունեության համար՝ ինչըվերջինիս տալիս է ոչ թե իրական, այլ ֆորմալ բնույթ: Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ նախագահի հայտարաությունն առ այն, որ նա հրաժարվում է ապագայում այլևս զբաղեցնելու ՀՀ Նախագահի կամ վարչապետի պաշտոնները, ինչպես նաև գերակայություն է համարում ապագայում ևս Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշիչ դերակատարությունը, ընդունելով, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական մեծամասնություն ունեցող կուսակցություն, ունի բավարար ներուժ միանձնյա ձևավորելու կառավարությունը և ստանձնելու լիարժեք քաղաքական պատասխանատվություն, ինչպես նաև, հաշվի առնելով ՕԵԿ-ի՝ ապագային միտված իր քաղաքական օրակարգը, ՕԵԿ-ը շնորհակալություն է հայտնում ՀՀ և ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը համատեղ աշխատանքի համար, հաջողություն է մաղթում ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին իր գործունեության մեջ:
Ելնելով վերոշարադրյալից՝ ՕԵԿ քաղաքական խորհուրդը Որոշում է
1.«Օրինաց երկիր» կուսակցության՝ քաղաքական կոալիցիային հետագա անդամակցության հարցը համարել խնդրահարույց և ոչ նպատակահարմար:
2.Հաշվի առնելով, որ կոալիցիայում ՕԵԿ-ը գործունեության հետագա շարունակումը դիտարկում է խնդրահարույց և ոչ նպատակահարմար՝ ՕԵԿ քաղաքական խորհուրդը բավարարեց ՕԵԿ նախարարներ Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի և Սամվել Թադևոսյանի դիմումները կուսակցությունից դուրս գալու մասին և հաջողություն մաղթեց նրանց իրենց հետագա գործունեության մեջ:
3.ՕԵԿ Երևանի տարածքային և մարզային կուսակցական կազմակերպություններում քննարկել գործող քաղաքական կոալիցիայում ՕԵԿ անդամակցության նպատակահարմարության հարցը՝ ս.թ. ապրիլի 25-ին ՕԵԿ վարչության նիստում, կայացած քննարկումների արդյունքների հիման վրա քաղաքական խորհրդի որոշումը հաստատելու համար:
4. Հանձնարարել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Ա. Բաղդասարյանին հանրությանը պատշաճ իրազեկել կուսակցության ղեկավար մարմինների որոշումների մասին: Քաղաքական խորհրդի որոշումն ընդունվել է միաձայն: