կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-16 12:37
Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը և Ջոն Մալկովիչը` մի բեմում

Սերգեյ Սմբատյանը և Ջոն Մալկովիչը` մի բեմում

Հունվարի 14-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը։ Համերգը կայացել է Սեուլի արվեստների կենտրոնի համերգասրահում։ Համերգն առանձնահատուկ է եղել իր ձևաչափով` երեկոյի շրջանակներում միահյուսվել էին դասական երաժշտությունն ու գրականությունը։

 

Հանդիսատեսն ականատես է եղել 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր երաժշտական գործիչ Ալֆրեդ Շնիտկեի Դաշնամուրի և լարային նվագախմբի կոնցերտի կատարման և Լատինական Ամերիկայի ամենահետաքրքիր գրողներից մեկի՝ Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելի ընթերցանության միաժամանակյա համադրությանը:

 

«Հերոսների և գերեզմանների մասին» նովելը համարվում է 20-րդ դարի արգենտինական լավագույն վեպերից մեկը՝ այսպես կոչված, «կախարդական ռեալիզմ» ուղղության փայլուն նմուշ, որի հիմնադիրները Սաբատոյի հետ միասին Բորխեսը, Ամադուն ու Մարկեսն են: Համերգային ծրագրի ընթացքում նվագախմբի հետ հանդես է եկել դաշնակահար Քսենիա Կոգանը, սոպրանո Երեե Սուհը և ասմունքող, հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը:

 

Նշենք, որ Ջոն Մալկովիչն աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան է, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, ով 1978թ. իր առաջին դերի մարմնավորման պահից մինչ օրս նկարահանվել է 172 կինոֆիլմում, հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում: Մալկովիչն արժանացել է բազում հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ 2 «Օսկար», 3 «Ոսկե գլոբուս», 3 «Էմմի» և այլն: