կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-11 19:33
Հասարակություն

Վարչատարածքային բարեփոխումների նպատակը տեղական ինքնակառավարման համակարգը արդյունավետ դարձնելն է.Վաչե Տերտերյան

Վարչատարածքային բարեփոխումների նպատակը տեղական ինքնակառավարման համակարգը  արդյունավետ դարձնելն է.Վաչե Տերտերյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը Երևանում ներկա է գտնվել «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը ՀՀ-ում վարչատարածքային կառավարման բարեփոխումներին» թեմայով խորհրդաժողովին: Խորհրդաժողովին հրավիրված էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, միջազգային այլ կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, փորձագետներ:

Հայաստանում տարածքային կառավարման բարեփոխումներին քաղաքացիական հասարակության մասնակցության հարցերին նվիրված Խորհրդաժողովը կազմակերպում է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 1-ին աշխատանքային խումբը (Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, պատշաճ կառավարում եւ կայունություն):

Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին` Վաչե Տերտերյանն ասել է, որ Հայաստանի՝ եվրոպական մի շարք հիմնարար փաստաթղթերի՝ մասնավորապես՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային միանալուց հետո, ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրել օրենսդրության փոփոխության, համայնքների լիազորությունների տարանջատման ուղղությամբ, ապահովել անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներով:

«Այնուամենայնիվ, մշտապես հրապարակավ հայտարարում ենք, որ այս ճանապարհին դեռ անելիքներ շատ ունենք: Վարչատարածքային բարեփոխումների հիմնական նպատակը տեղական ինքնակառավարման համակարգը ավելի գործուն ու ավելի արդյունավետ դարձնելն է, բարեփոխումներն ինքնանպատակ չեն և դրանք ունեն հստակ ծրագիր: Մենք արդեն ռեֆորմների մի բավականին հատված անցել ենք: Իրապես մթնոլորտը, վերաբերմունքը ռեֆորմին փոխվել է, փոխվել է ոչ միայն մեր գործընկերների, պրոֆեսիոնալների, այլ բնակչության հետ մեր շփումներում ենք դա զգում »,-ասել է Վ. Տերտերյանը: Նրա խոսքով, խոշորացված համայնքներում տեսանելի է ավելի մեծ ռեսուրսներ. վարկային ծրագրերի, Հայաստանի միջազգային գործընկերների հետ միասին իրականացվել և առաջիկայում իրականացվելու են նոր ծրագրեր տարբեր ոլորտներում՝՝ տուրիզմի զարգացում, ճանապարհաշինարարություն , գյուղատնտեսություն և այլն:

«ԵՄ օժանդակությամբ ընդունել ենք ռազմավարություն, ընդունել ենք մարզերի ռազմավարությունները և առաջիկայում կհրապարակվի գործառնական ծրագիրը: Մենք արդեն իրականացնում ենք Պիլոտային տարածաշրջանային զարգացման ծրագրերը, , ԵՄ-ի արևելյան գործընկերության շրջանակներում օժանդակությունն են մեր երկրի: Արդեն իսկ մտածում ենք տարածքային կառավարման նոր հայեցակարգի մասին: Աշխատանքներ են գնում խոշորացման արդյունքում համայնքներին նոր լիազորությունների փոխանցման ուղղությամբ: Կառավարության ծրագրում այդ լիազորությունների ընդհանուր նկարագիրը տրված է, հստակ քաղաքական կամք է դրսևորված, որ դրանք արդեն 2018 թվականից իրացվեն: Ունենք պայմանավորվածություն և մոտ ապագայում կներկայացնենք ավելի կոնկրետ քայլերի հաջորդականությունը կամ փոքր ճանապարհային քարտեզը»,-հայտարարել է ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալը:

Նա շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ տեղական ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար, և վստահեցրել, որ խորհրդաժողովի քննարկումները և գանահատականները շատ կարևոր են և դրանք հաշվի կառնվեն նախարարության հետագա աշխատանքներում : Խորհրդաժողովի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում, իսկ մասնակիցներին հուզող հարցերին Վաչե Տերտերյանը տվել է սպառիչ պատասխաններ: