Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյան խորհրդարանում անցկացվող «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթում ասաց, որ այս տարիների ընթացքում ձևավորել են համապարփակ օրենսդրական դաշտ, ինչը, ըստ նրա, հնարավորություն է տալիս կանոնակարգելու տարբեր մակարդակներում գործող մարմինների գործողությունները համապատասխան աշխատանքներում:
«Մենք որոշակի առաջընթաց և որոշակի ունակություններ արդեն իսկ ձևավորել ենք: Անցած տարի մեծ փաթեթ ներկայացրեցինք ԱԺ, որը վերաբերում էր ՏԻՄ օրենքին: Օրենքում կարևորել ենք տեղական մակարդակում աղետների կանխարգելումը և դրանց նվազեցումը»,- հայտարարեց նա:
Տերտերյանի խոսքով` օրենքում համայնքի պարտադիր խնդիրների կազմում ներառվել են աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը, որին համապատասխան, ըստ նրա, մշակվել են նաև բնակչության պաշտպանության, բնածին աղետների ռիսկերի նվազեցման, հետևանքների վերացման լիազորություններ, սեյսմիկ անվտանգության ապահովման հետ կապված աշխատանքների մասնակցելը և այդ ուղղությամբ համապատասխան միջոցներ ձևակերպելը:
«Օրենքը նաև սահմանում է համայնքի ղեկավարի լիազորությունները: Մենք ունենք նաև մեծ ծավալով պատվիրակված լիազորություններ` բնակչության պատսպարում, մշակութային արժեքների տարհանում և այլն»,- հայտարարեց փոխնախարարը, ապա հավելեց, որ այս բոլոր միջոցառումներն իրականացվում են համայնքի ռեսուրսների հաշվին, պետական օժանդակությամբ` լիազոր մարմնի ղեկավարությամբ: Նրա խոսքով` ավելի քան 150 համայնքում իրականացվել է աղետների ռիսկի ուսումնասիրություն:
«150 համայնքներում իրականացրել ենք աղետների ռիսկի ուսումնասիրություն: Բացի նրանից, որ սա հնարավորություն է տվել գույքագրելու համայնքներում առկա ռիսկերը, դա հնարավորություն է տվել համայնքներում որոշակի մշակույթ ձևավորելու արդեն այդ խնդիրների նկատմամբ վերաբերմունքը դրսևորելու առումով»,- ասաց փոխնախարարը:
Տերտերյանն ընդգծեց, որ տեղական համակարգում աղետների գնահատման ուղեցույց են մշակել: Միևնույն ժամանակ, բացի օրենսդրական կարգավորումներից, ունենք գործնական խնդիրներ, և համայնքներում պետք է տեխնիկաների ապահովվածությունը բերվի պատշաճ մակարդակի: «Իհարկե, որոշ առաջընթաց ունենք` ապաստարաններ, շչակներ և այլն, բայց դեռևս անելիքներ շատ ունենք: ՏԻՄ մակարդակում որոշակի ռեսուրսներ ավելացնելու խնդիրներ, այնուամենայնիվ, ունենք»,- ասաց նա:
Փոխնախարարը հավաստիացրեց, որ հետևողական կլինեն, և իրականացվող վարչատարածքային փոփոխություններն էլ հանգեցնում են նրան, որ ավելի խոշոր ունակ համայնքներում հնարավոր պիտի դիտվի այս խնդիրներին ավելի պրոֆեսիոնալ վերաբերմունք ցուցաբերելը: