կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-09 21:00
Առանց Կատեգորիա

Քաղաքացու և խոսափողից փախչողի տարբերությունը

Քաղաքացու և խոսափողից փախչողի տարբերությունը

Հանրապետական կուսակցությունն իր ռիթմիկ քարոզարշավում ակտիվորեն օգտագործում է շոու-բիզնեսի, հատկապես երգարվեստի ներկայացուցիչներին: Սա նորություն չէ. նախորդ համապետական գրեթե բոլոր ընտրություններին այս ոլորտի ճանաչված շատ ներկայացուցիչներ մշտապես դարձել են իշխանական ուժի քարոզարշավի ոչ երկրորդական դերակատարները: Կուսակցության՝ կառուցվածքային և պարունակած ուղերձի մասով PR տեսանկյունից հաջող քարոզչական տեսահոլովակում երևում են նաև սպորտի և արվեստի, համաշխարհային ճանաչում ուենցող այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Լևոն Արոնյանը, Արթուր Աբրահամը, Հենրիխ Մխիթարյանը (անուղղակիորեն), Նարեկ Հախնազարյանը: Իշխող Հանրապետական կուսակցության քարոզարշավին այս կամ այն կերպ նման կերպարների մասկացության հանգամանքը դարձել է հանրային քննարկման առարկա՝ որպես կանոն հիմնականում քննդադտական մոտիվներով:

Իրականում, սակայն, խնդիրը քարոզարշավին քաղաքականության հետ ուղղակի կապ չունեցող մարդկանց մասնակցության մեջ չէ: Նախ՝ սա ընտրական տեխնոլոգիա է, որից բացի ՀՀԿ-ից, օգտվել, օգտվում և օգտվելու են նաև այլ քաղաքական ուժեր: Օրինակ՝ «Ծառուկյան» դաշինքն ակտիվորեն օգտագործում է հայտնի օլիմպիական մարզիկների դեմքերը՝ օգտվելով դաշինքի լիդեր Գագիկ Ծառուկյանի՝ ՀԱՕԿ-ը ղեկավարելու և շատ մարզիկների հովանավորելու իրողությունից: Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը ձգտել են իրենց ցուցակներում ընդգրկել երկրի մտավորականությունը ներկայացնող անհատների՝ արվեստագետների, գիտնականների, ռազմական ոլորտի ներկայաւցուցիչների, բժիշկների և այլն: Զուտ քարոզչական էֆեկտի իմաստով՝ ոչ մի տարբերություն չկա՝ մտավորականները միայն քարոզարշավի մասնակի՞ց են դառնում, թե՞ նաև ընդգրկվում են ցուցակներում:

Երկրորդ քաղաքական ուժերի ընտրարշավում ՝ հայտնի դեմքերի մասնակցությունը հատուկ է բոլոր երկրներին: Սա միայն հայկական սինդրոմ չէ: Պարզապես Հայաստանում բավականին խեղաթյուրված ձևով տեղայնացվել է այն, ընդ որում բավականին կայացած ժողովրդավարություն ուենցող երկրների փորձը: Օրինակ ԱՄՆ նախագահական ընտրություններում հոլիվուդյան աստղերը, ինչպես և ողջ ամերիկյան հասարակությունը, բաժանվել էին երկու՝ թրամփյան և հակաթրամփյան ճամբարի, վերջինիս բացահայտ գերակշռությամբ: Եվ դա ոչ ոքի առանձնապես չէր զարմացնում: Ընտրարշավի ընթացքում Թրամփի թիմը և հասարակությունը մատի փաթաթան չէին դարձնում այն իրողությունը, որ հոլիվուդյան աստղերի ստվար մեծամասնությունը դիրքավորվել է իշխանական կոնյուկտուրան մարմնավորող Հիլարի Քլիթոնի կողքին: Այդ մարդկանց չէին համարում իշխանության սպասարկուներ կամ իշխանությանը վաճառվածներ: Իրենց կյանքում ոչնչի չհասած ու դրանից կոմպլեքսավորված մի քանի անձինք ֆեյսբուքյան գրառումներով հողին չէին հավասարեցնում իրենց գործունեությամբ մի ամբողջ երկրի ու ժողովրդի հանդեպ համընդհանուր հարգանք ու պատկառանք հարուցող անհատներին և նրանց վաստակը:

Այս իմաստով խնդիրն իսկապես բացարձակ իշխանական ուժի քարոզարշավին մտավորական էլիտայի կամ շոուբիզնեսի ներկայացուցիչների մասնակցության մեջ չէ: Խնդիրն այն է՝ թե ի՞նչ մոտիվացիայով է թելադրված նրանց այդ մասնակցությունը և թե որքանո՞վ են իրենց հանդիսատեսի առջև այդ մարդիկ ազնիվ: Խնդիրն այն է, ի վերջո, նրանց ընտրության հիմքում քաղաքացիական համոզմունքնե՞րն են, դիրքորոշումնե՞րը, թե բացարձակապես այլ բան:

Հոլիվուդյան աստղերը Քլիթոնի ու Թրամփի կողքին չեն կանգնում ամաչելով: Նրանք հիմնավորում են՝ ինչո՞ւ են ճիշտ համարում այդ քաղաքական ուժերի կամ թեկնածուների կողքին կանգնելը: Բայց, երբ օրինակ՝ ՀՀԿ-ի քարոզարշավին իր երգերով, ելույթներով մասնակցող ժողովրդական արտիստի կոչում ունեցող երգիչը փախչում է քարոզարշավին մասնակցելու պատճառների մասին լրագրողի հարցից, տարակուսանք է առաջանում. ի՞նչ է՝ ամաչո՞ւմ են այն փաստից, որ իշխանությունը ներկայացնող ուժի քարոզարշվին են մասնակցում: Ամոթալի՞ են համարում, որ իրենց անունը կապվում է ՀՀԿ-ի հետ: Եթե այո, ապա ի՞նչ են անում ՀՀԿ-ի հարթակին:  

Մտավորականը նա չէ, ով պարտադիր ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս և մտավորական լինելու հիմնական կամ միակ ցուցիչը համարում է այսպես կոչված հավերժական այլախոհությունը: Մտավորականը նա է, որ հանրայնորեն գնահատված ու արժևորված վաստակ ունենալով՝ ունի իր հետևողական քաղաքացիական կեցվածքը և դա պաշտպանում է միշտ՝ անկախ հասարակությունում գերակշռող ստերոտիպներից ու կարծիքներից: Մտավորականը անհատականություն է, ով պատասխանատու է իր քայլերի ու գործողությունների համար, իսկ ընտրական գործընթացներում նաև իր քաղաքական դիրքորոշումների համար՝ անկախ նրանից՝ քաղաքական դաշտի ո՞ր բևեռում է գտնվում, անկախ նրանից ՀՀԿ-ի՞, «Ելք»-ի՞, թե՞ Կոմկուսի թիմից է հանդես գալիս: Մտավորականը նա է, ով իր համոզմունքներից չի հրաժարվում՝ անկախ դրանք այդ պահին մարգինա՞լ են, թե՞ մասսայական: Սա նշանակում է, որ Արոնյանին, Հախնազարյանին, Աբրահամին և մյուսներին ՀՀԿ-ի տեսահոլովակում նկարահանվելու համար քննադատելուց առաջ նախ պետք է հասկանալ՝ դրա հիմքում նրանց քաղաքացիակա՞ն, քաղաքակա՞ն կողմնորոշոմներն են ընկած, թե՞ բոլորովին այլ բաներ: Այդ մարդիկ դեռ չեն խոսել:       

Ավելի հարգելի է լինել համոզված ՀՀԿ-ական, ՀՅԴ-ական, ՀԱԿ-ական, կոմունիստական, ծայրահեղ դեպքում՝ անարխիստական՝ անկախ վերջիններիս նկատմամբ հանրային վերաբերմունքից, քան համոզված միկրոֆոնից փախչող կամ բոլոր միկրոֆոններից միաժամանակ կամ հերթով խոսող: Եթե չկան քաղաքական սիմպատիաներ, ավելի ազնիվ է հայտարարել, որ քարոզարշավային հարթակներից ելույթ ես ունենում բիզնես հետաքրքրություններից ելնելով ու պատրաստ ես նույն հետարքրություններով առաջանորդվելով՝ երգել կամ արտասանել բոլոր քաղաքական ուժերի նախընտրական հարթակներից, քան ակնհայտ անձնական մոտիվացիաները անհաջող կերպով փորձել թաքցնել պաթետիկ հանդիսասիրության կամ «հայրենատեսասիրության» քողի տակ:    

Այս իմաստով քաղաքակրթվելու դեռ բավականին տեղ ունենք:

Գևորգ Դարբինյան