Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ամփոփիչ ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կտա ԵՏՄ-ն շարքային գյուղացուն, պատասխանեց, որ ԵՏՄ լիարժեք անդամ դառնալուց հետո խնդիրներ չեն լինի արտահանման ոլորտում, որովհետև, ըստ նախարարի, Հայաստանի համար ռուսական շուկան ավանդաբար միշտ եղել է և կլինի:
Նախարարի համոզմամբ` գյուղատնտեսական ոլորտում օգտագործվող բոլոր ռեսուրսները` պարարտանյութերը, գյուղտեխնիկան, թունաքիմիկատները ձեռք են բերվելու ավելի ցածր գնով, որովհետև մաքսային հարկեր արդեն չեն լինելու:
«Այո, ճիշտ եք ասում, որ հասարակ գյուղացին դրա տարբերությունը այդքան էլ չի զգալու: Դրա համար էլ մենք սկսել ենք կոոպերացիաների խնդիրը լուծել: Արդեն ունենք 150 կոոպերատիվներ, որտեղ գյուղացիական տնտեսությունները միասնական աշխատանք են կազմակերպում: Ամբողջ հանրապետությունով մեկ կոոպերատիվներ ձևավորելը դժվարին գործընթաց է, բայց այդ խնդիրը պետք է լուծվի»,- ասաց Սերգո Կարապետյանը` հույս հայտնելով, որ եկող տարի ԱԺ-ն կվավերացնի կոոպերատիվների մասին օրենքը:
Նախարարը շեշտեց, որ ԵՏՄ մտնելուց հետո պետք է առավել ուշադրություն դարձնել գյուղմթերքի որակին ու անվտանգությանը, քանի որ հայկական ապրանքը պետք է մրցունակ դառնա ԵՏՄ շուկայում:
«ԵՏՄ շուկան մեզ համար ամենամեծ շուկան է, հեշտ ենք հարաբերվում: Մենք բավական հաջողություններ ենք ունենալու այդ շուկայում, և համոզված եմ, որ գյուղմթերքի արտադրության ծավալները եկող տարի կմեծացնենք»,- ասաց նա: