կարևոր
2002 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-22 10:27
Քաղաքական

Փաշինյանը կփոխի իր իսկ հռչակած սկզբունքները. Մուրադ Փափազյանը` Կարապետյանի կալանքի մասին

Փաշինյանը կփոխի իր իսկ հռչակած սկզբունքները. Մուրադ Փափազյանը` Կարապետյանի կալանքի մասին

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու և վերջերս նոր հալածանքների ենթարկված «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման կողմնակիցների նկատմամբ իշխանության գործողությունները համարում է ցուցիչ այն բանի, որ Փաշինյանը ձգտում է ճնշել իր քաղաքական հակառակորդներին:

«Հայաստանի վարչապետի նպատակն է չեզոքացնել ընդդիմության ակտիվությունը։ Ինչքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան նրա գործողություններում նյարդայնություն է նկատվում։ Նա գիտի, որ իր նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում և սփյուռքում արդեն անբարյացակամ է», - ասում է Փափազյանը։

Այս ֆոնին, նրա կարծիքով, իշխանության վարքն ավելի կկոշտանա։ Փաշինյանը կիրառելու է ոչ թե ժողովրդավարական, այլ ուժային մեթոդներ` փոխելոով ժամանակին իր իսկ հռչակած սկզբունքները, որոնք առաջացրել էին հանրային վստահություն և նրան բերել իշխանության։

Ընդ որում, ինչպես նշում է սփյուռքի ներկայացուցիչը, նման պահվածքը պայմանավորված է օրակարգով, որը Փաշինյանի համար արդիական է դարձել հատկապես Թուրքիա այցից հետո:

«Նա ցանկանում է շուտափույթ կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Բայց Անկարայում և Բաքվում չեն ուզում ձեռք մեկնել Երևանին, այլ ուզում են ամբողջովին իշխել Հայաստանի վրա։ Այդ իմաստով նրանց համար Նիկոլ Փաշինյանը լավագույն գործիքն է», - ասում է Փափազյանը։

Sputnik Արմենիայի զրուցակիցը կարծում է, որ հայրենի երկրում օտարի քաղաքական օրակարգը սպասարկելու համար Հայաստանի վարչապետը, պատկերավոր ասած, այժմ ծնկի է իջել Ալիևի և Էրդողանի առջև։

Փափազյանը կարծում է, որ Սամվել Կարապետյանի հետապնդումներին, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումներին և ընդդիմության վրա ճնշումներին անպայման կհետևեն իշխանության գործողություններին չհամաձայնող բազմաթիվ անձանց նկատմամբ ծայրահեղ միջոցներ: Ժողովրդավարական ազատությունները կխախտվեն, և դա կհանգեցնի ճակատագրական սխալների։ Հայրենակիցների, այլ ոչ թե ազգի թշնամիների նկատմամբ կոշտ հրամանը, Փափազյանի խկարծիքով, վախի հետևանք է։

Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։

Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա