Փոխարժեքներ
22 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Մոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի հարձակումները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ինքնիշխան պետության տարածքը հրթիռահրետանային հարվածների ենթարկելու անպատասխանատու որոշումը, ինչ փաստարկներով էլ այն ներկայացվի, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որն ավելի վաղ միանշանակ անթույլատրելի էր որակել նման գործողությունները։ Հատկապես մտահոգիչ է, որ հարվածներն իրականացրել է մի երկիր, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծվել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է արձագանքել այդ հարձակմանը։
«Իրանական օբյեկտների վրա հարձակումը վնաս է հասցրել միջուկային չտարածման գլոբալ ռեժիմին, որը հիմնված է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վրա, և դրա վրա հիմնված ՄԱԳԱՏԷ-ի ստուգման և մոնիտորինգի համակարգին»,- հավելել են գերատեսչությունում:
Մոսկվան ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունից ակնկալում է շուտափույթ մասնագիտական և ազնիվ արձագանք՝ առանց լղոզած արտահայտությունների և քաղաքական «հավասարակշռության» հետևում թաքնվելու փորձերի։
Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ անհրաժեշտ է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի օբյեկտիվ զեկույցը գործակալության հատուկ նստաշրջանում քննարկելու համար, որը պետք է տեղի ունենա ամենամոտ ժամանակները:
ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար: