կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-17 16:24
Քաղաքական

Քըրքորյանի եւ հայաստանցի օլիգարխների տարբերությունը

Քըրքորյանի եւ հայաստանցի օլիգարխների տարբերությունը

Հարուստ մարդկանց մենք չենք սիրում: Չէ, սիրում ենք, այն էլ` շատ. ունենալ հարուստ բարեկամներ, գնալ նրանց տները, առավել սիրում ենք, երբ իրենք են մեր տուն գալիս /մերը` տներ չեն/, հասկանալի է` բազմաթիվ եւ թանկարժեք նվերներով, բայց, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, հարուստներին մենք չենք սիրում, թեև բոլորս էլ ձգտում ենք հարստության:

Քըրք Քըրքորյանը շատ հարուստ էր, բայց նրան մենք սիրում էինք: Գուցե, որովհետեւ մարդը 98 տարի ապրեց եւ դրանցից ոչ մեկը Հայաստանում չապրեց: Հնարավոր է` Հայաստանում ապրող մեծահարուստներից եւ ոչ մեկին մենք չենք սիրում` մեղադրելով նրանց մերին տեր դառնալու, մերի հաշվին իրենցը կուտակելու մեջ:

Գուցե, եթե Քըրքորյանը Հայաստանում ապրեր, ինքն է՞լ այդպես աներ, կամ իրեն է՞լ այս մեղադրանքն ուղղվեր, գուցե… Համենայն դեպս, Քըրքորյանը մեր հայաստանյան մեծահարուստներից չի տարբերվում ո\'չ կրթության մակարդակով /Քըրքորյանը 8-ամյա կրթություն է ստացել/, ո\'չ շատ փող ունենալով, ո\'չ շքեղություն սիրելով: Հետեւաբար, մենք մեր մեծահարուստներին չենք սիրում ոչ թե, որ նրանք 8-ամյա կրթություն ունեն, ոչ թե, որ շատ փող ունեն եւ շքեղություն են սիրում, այլ բոլորովին այլ` անհամեմատ ավելի կարեւոր պատճառներով:

Բանն այն է, որ հայաստանցի մեծահարուստներն ամեն օր մեր աչքի առաջ են /երբ Դուբայում չեն/, եւ մենք տեսնում ենք, հիշում ենք, գիտենք, թե նրանք որտեղից են այսքան փող կուտակել, իսկ այդ որտեղը մեր բյուջեն է, մեր հարկերն են, մեր կրճատված աշխատավարձերն են: Գուցե Քըրքն էլ իր, հատկապես` առաջին միլիոնն աշխատելիս ամերիկացիների հե՞տ է վարվել այնպես, ինչպես մեզ հետ մերոնք են վարվում, հնարավոր է, բայց փաստն այն է, որ Քըրքորյանի մահվան կապակցությամբ դեռ ոչ մի շարքային ամերիկացի չի հայտարարել` «սիրտս հովացավ, վերջապես»:

Ուրեմն` մերոնք մեզնից մերն են տանում, դրա համար էլ մերոնց մենք չենք սիրում: Բայց սա դեռ ամենը չէ: Քըրքորյանը ժամանակին միայնակ մի ամբողջ ազգային` «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործ էր անում: Գուցե այնքան արդյունավետ չեղավ, որքան կցանկանար Քըրքը, բայց կարեւորը նրա ցանկությունն էր` գործով, առարկայական օգնել իր հայրենիքին, որտեղ չի ապրել եւ չէր էլ ապրելու: Ո՞ր հայաստանցի մեծահարուստն է հիմնադրամ բացել` Հայաստանին օգնելու համար: Լավ, եթե միայնակ չեն կարող, քանի՞ հայաստանցի մեծահարուստներ են հավաքվել եւ բացել այդ հիմնադրամը: Ճիշտ այնքան, որքանին սիրում ենք` ոչ ոք:

Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը իր հուշագրերից մեկում պատմում է, թե ինչպես մի առիթով ինքը, Քըրքորյանը, այլք դիտելիս են եղել Արեւմտյան Հայաստանի մանրապատկերը, եւ Քըրքն ասել է. «Իսկ որքա՞ն կարժենան այս հողերը, եթե գնենք…»: Օսկանյանը գրում է, թե իրեն թվացել է, որ Քըրքորյանը կատակ է անում, անշուշտ, բայց. «…երբ նայեցի նրան, հասկացա, որ Քըրքը դա ամենայն լրջությամբ ասաց…»: Քըրքորյանն էլ չկա, եւ սա այն դեպքն է, երբ անփոխարինելի մարդիկ լինում են: Եվ սա այն դեպքը չէ, երբ մենք բոլորս Քըրք ենք:

Հովիկ Աֆյան