Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր կառավարության ներկայացրած` ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է ՏՏ ոլորտի զարգացման նպատակով տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնություններ տրամադրել:
Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ ասվում է, որ օրենքի գործարկման արդյունքում` 2015 թվականից սկսած, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, մասնավորապես` շահութահարկի 0% դրույքաչափի եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառումը, խթանել է ոլորտում նոր ընկերությունների եւ աշխատատեղերի ստեղծումը:
Մասնավորապես` օրենքի կիրարկման արդյունքում մինչ օրս հավաստագրվել են ոլորտի 133 տնտեսավարող սուբյեկտներ, որոնց կողմից ստեղծվել են 630-ից ավելի նոր աշխատատեղեր: Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի ընթացքում ՏՏ ոլորտում ստեղծված ընկերությունների քանակը կազմել է 16 ընկերություն: 2016թ. հունվարի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է վճարվել, ընդհանուր առմամբ, 59,893,861 ՀՀ դրամի չափով եկամտահարկ:
Միեւնույն ժամանակ, հավաստագրված տնտեսավարող սուբյեկտների կողմից հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների եւ այլ տեղեկությունների վերաբերյալ ներկայացված կիսամյակային հաշվետվությունների հիման վրա իրականացված հավաստագրված տնտեսավարող սուբյեկտների գործունեության արդյունքների վերլուծության եւ գնահատման արդյունքում եւս նկատվել է ոլորտի դրական աճ: Այնուամենայնիվ, օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել՝ օրենքի արդյունավետ կիրառումն ու ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների գործունեությունն ավելի բարելավելու նպատակով:
Մասնավորապես` օրենքի կիրառության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, բացառելով ոչ առեւտրային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները, այլ տնտեսավարող սուբյեկտի դուստր ընկերությունները, տնտեսական ընկերակցությունները, որոնց համար օրենսդրությամբ սահմանված գործունեության նպատակները եւ մասնակիցների շրջանակը չեն բխում օրենքով նախատեսված հարկային արտոնությունների տրամադրման նպատակներից:
Հաշվի առնելով օրենքով սահմանված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրմամբ, մասնավորապես` շահութահարկի 0% դրույքաչափի եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ պայմանավորված, ոլորտում նոր ընկերությունների եւ աշխատատեղերի ստեղծումը, ոլորտի դրական աճը եւ, կարեւորելով օրենքի արդյունավետ կիրառման ու ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների գործունեության բարելավումը, ինչպես նաեւ տնտեսական զարգացման ապահովումը, անհրաժեշտ է համարվում ընդունել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվել է սահմանափակել հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաեւ սահմանափակել հավաստագրման համար դիմելու այն տնտեսավարող սուբյեկտների իրավունքը, որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը հանդիսանում է սնանկության ընթացքում գտնվող այլ ընկերության մասնակից, ինչը պայմանավորված է հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների ընթացքում ի հայտ եկող նման նախադեպերով:
Նախագծով սահմանվել են հավաստագրի տրամադրման մերժման հիմք չհանդիսացող դեպքերը, որոնց բացակայությունն օրենքի կիրառման ընթացքում տարբեր մեկնաբանությունների եւ մոտեցումների տեղիք են տվել, մասնավորապես, նույն ֆիզիկական անձը, միաժամանակ հանդիսանալով այլ ընկերության տնօրեն, բաժնետեր, ընկերության հաստիքային հաստիքացուցակում ներգրավված եւ լրիվ աշխատանքային ժամանակով աշխատող աշխատակից, իր մասնակցությամբ կարող է կանխորոշել մյուս ընկերության որոշումները, այսինքն` փաստացի առկա է ընկերության կանոնադրական կապիտալում այլ տնտեսավարող սուբյեկտի անուղղակի մասնակցություն եւ միեւնույն անձի միջոցով ընկերության որոշումները կանխորոշելու հնարավորություն, ինչը մեկնաբանվել է, որ բնորոշ է դուստր ընկերություններին եւ հակասում է օրենքի պահանջներին:
Այդ նպատակով նախագծով սահմանվել են համապատասխան դրույթներ վերոնշյալ հանգամանքը հավաստագրի տրամադրման մերժման հիմք չդիտելու համար: Բացի այդ, հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախագծով առաջարկվել է հանձնաժողովում ներգրավել նաեւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչին եւ մասնավոր հատվածի եւս մեկ ներկայացուցիչ:
Միաժամանակ, նախագծով առաջարկվում է Օրենքով տրամադրվող հարկային արտոնությունների ժամկետը սահմանել 5 տարի, ինչպես նաեւ համապատասխան անցումային դրույթ նախատեսել արդեն իսկ հավաստագրված ընկերությունների համար, համաձայն որի` վերջիններիս տրամադրված հավաստագրերը կգործեն ստացման պահից 5 տարի ժամկետով, ինչը խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծման եւ ոլորտի հետագա զարգացման համար` նպաստելով նաեւ ընդհանուր տնտեսության զարգացմանը:
Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր տնտեսավարող սուբյեկտներ, որոնք կկարողանան դիմել եւ օգտվել օրենքով սահմանված հարկային արտոնություններից` նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտի զարգացմանը եւ տարածաշրջանում մրցունակության բարձրացմանը: