կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-05 15:01
Տնտեսական

Կառավարությունը վերահաստատեց «Հրազդան-ցեմենտ» գործարանին արտոնություններ տալու որոշումը. օրինագիծն ուղարկվեց ԱԺ

Կառավարությունը վերահաստատեց «Հրազդան-ցեմենտ» գործարանին արտոնություններ տալու որոշումը. օրինագիծն ուղարկվեց ԱԺ

Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Հրազդան-ցեմենտ» գործարանին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրենքի նախագիծը, որ այն հավանության արժանացվի և անհետաձգելի ճանաչվի ԱԺ-ում քննարկելու համար:

«Սա այն նախագիծն է, որը քննարկվել է և երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ տեխնիկական պատճառներով չի անցել»,- ասավ Արծվիկ Մինասյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ նայել է նախարարի երեկվա հարցազրույցը նույն թեմայի շուրջ, որում նախարարը շատ մանրամասն է ներկայացրել այդ թեման: «Իրոք, ակնհայտ դրական քայլ ենք կատարում, որովհետև պահպանվում է 500 աշխատատեղը, և մայր պարտքը մուտքագրվում է բյուջե, սակայն  եթե գործարանը  չաշխատի, դա էլ չենք ունենա»,- ասաց վարչապետը:

Նշենք, որ հարցը ներառված է  ԱԺ` մայիսի 10-ի արտահերթ նիստի օրակարգում:

Կառավարության նիստից հետո Արծվիկ Մինասյանը, խոսելով «Հրազդան-ցեմենտ» գործարանին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին հարցը կրկին ԱԺ ուղարկելու մասին, վերահաստատեց իր կարծիքը, որ նախագծը բազմաթիվ խնդիրներ է լուծում ոչ միայն մրցակցային միջավայրի ստեղծման ուղղությամբ, որպեսզի Հայաստանը չունենա միայն մեկ` ցեմենտ արտադրող խոշոր գործարան, այլ նաև տնտեսական ակտիվության վրա դրական ազդող, սոցիալական խնդիր լուծող և խորհրդային Հայաստանի գիգանտ գործարաններից մեկին փրկելու նախաձեռնություն է: