Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն իր ամփոփիչ ասուլիսում անդրադարձավ նաև ՏՀՏ ոլորտին: Նշվեց, որ մեկնարկել են օրենսդրական բարեփոխումների փաթեթի մշակման աշխատանքները` ՏՀՏ ոլորտի խթանման նպատակով: Մասնավոր հատվածի հետ ոլորտը խթանելու նպատակով 16 ներկայացուցչական գրասենյակներ են ստեղծվելու թիրախային շուկաներում: Արդեն սկսվել են աշխատանքները կիբերանվտանգության կենտրոն ստեղծելու ուղղությամբ:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ կոնկրետ ծրագիր կա ներկա պահին, նախարարը պատասխանեց, որ քննարկումներ են անցկացնում մասնավոր հատվածի հետ, թե ինչ առաջարկություններ նրանք ունեն: «Որպես նախարարություն` մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ մասնավոր հատվածը զարգանա, նախատեսվում են հարկային բարեփոխումների ծրագիր, որը պետք է ներկայացնենք կառավարությանը»,- ասաց նախարարը:
Հարցին, թե արդյո՞ք ոլորտը կաշխուժանա միայն հարկային արտոնությունների շնորհմամբ, և արդյո՞ք հնարավոր է զարմացնել աշխարհին այդ ոլորտի զարգացմամբ, ինչպես վարչապետ Կարեն Կարապետյանն էր ասում` այդ ոլորտով շուռ տալ աշխարհը, Մարտիրոսյանը պատասխանեց, որ, իհարկե, լավ կլիներ, որ կարողանայինք աշխարհը շուռ տալ, սակայն ներկայումս նախարարությունը հանդիպումներ է անցկացնում ՏՏ ոլորտի մասնավոր ընկերությունների հետ, և պետությունը կարող է միայն գործիքներ ստեղծել, որ այդ ընկերությունները զարգանան:
«Ունենք մի շատ լավ ընկերություն` «Պիկսարտ», որն ունի համաշխարհային ճանաչում, գնահատվում է 250 միլիոն դոլարին համարժեք: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում նրա հետ կհամագործակցենք»,- ասաց նախարարը` հավելելով, որ ոլորտում ներգրավված են նաև Սփյուռքից ներկայացուցիչներ, սակայն նպատակն է ոլորտում ներգրավել, առհասարակ, արտերկրի ՏՏ ոլորտի մասնագետների, պարտադիր չէ, որ Սփյուռքից լինեն: