Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման ու ներդրումների խրախուսման մասին նախագիծը:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ նախագծով սահմանվում է Դիլիջան քաղաքում քաղաքաշինական և ճարտարապետական միասնական ու համահունչ սկզբունքների կիրառում: «Պետք է խրախուսել և աջակցել տարածքի պատմամշակութային առանձնահատկություններին և պահպանության ռեժիմին համապատասխանող քաղաքաշինական և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանը»,- ասաց փոխնախարարը և նկատեց, որ նախատեսվում է ապահովել քաղաքաշինական նախագծերի հաստատման գործընթացի թափանցիկությունը, հրապարակայնությունը և հանրության մասնակցությունը որոշումների կայացմանը` հանրային քննարկումների միջոցով:
Ըստ Տերտերյանի` պետք է նպաստել ներդրումային միջավայրի բարելավմանը և ներդրումային գրավչության մակարդակի բարձրացմանը նպաստող համակարգերի ներդրմանը: Նա նշեց, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է Դիլիջան քաղաքում և հարակից տարածքներում արգելել բուսաբուծությունն ու անասնաբուծությունը:
Նշենք, որ նախագծով պետք է արգելվի հանքագործական արդյունաբերությունը, բացառությամբ կավի, ճենակավի, ածխաթթվային և ստորերկրյա հանքային ջրերի, էլեկտրաէներգիայի արտադրությունը, կոքսի, նավթամթերքների և միջուկային նյութերի արտադրությունը, քիմիական արդյունաբերությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված տեսակների:
Վաչե Տերտերյանին հարց ուներ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նախ նշեց, որ շատ զարմացած է, որ որևէ պետության մեջ կարող է նման օրենքի նախագիծ քննարկվել, որովհետև այն հակապետական է: «Այս օրենքի նախագիծը, ըստ էության, ասում է` եկեք` օրենքով Դիլիջան քաղաքում պետական հեղաշրջում իրականացնենք: Եվ այն կառավարման համակարգը, որ գոյություն ունի, օրենքով գցենք մի կողմ, ստեղծենք մի հատ մարմին, քաղաքապետին ու ավագանուն պատանդի կարգավիճակով տանք այդ մարմնին, որ այդ մարմինը քաղաքապետին ու ավագանուն մարիոնետի կարգավիճակով օգտագործի նենց, ոնց որ ուզում է: Կարո՞ղ է` մի օր նախագիծ բերեք ամբողջ Հայաստանի համար: Բա հարկային օրենսդրությունը քննարկելիս ինչո՞ւ նույն ներդրողների կարծիքը հաշվի չեք առնում: Կներեք, բայց սա օրենքի նախագիծ է Դիլիջանը Ռուբեն Վարդանյանին, որպես կալվածք, տալու մասին: Ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում այն ինտելեկտուալ ծրագրերին, որոնք իրականացնում է Ռուբեն Վարդանյանը, բայց սա այն ծրագրի շարունակությունն է, որ Սյունիքը տանք Սուրիկ Խաչատրյանին, Արտաշատը տանք Հովիկ Աբրահամյանին և նրա ընտանիքին, Մալաթիա-Սեբաստիան տանք Սամվել Ալեքսանյանին, Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանին: Կառավարությունն արդեն օրինագծեր է բերում` ուղղված մեր պետական կարգի դեմ՝ հիմնավորելով ներդրումներով: Առաջարկում եմ` բոլոր գյուղերի ու քաղաքների վրա գնապիտակներ կպցնել` Դիլիջանն արժի էսքան, Սյունիքը ՝ էսքան... Մնում է, որ ՀՀ-ի վրա բանտիկ կպցնեք ու հարցնեք՝ ներդրող կա՞: Մի հատ էլ լուրջ դեպքով նստել, քննարկում եք, ամոթ է»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: