կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-21 09:45
Քաղաքական

Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ 2005թ. հետո նախագահների ու վարչապետերի միջեւ անառողջ մրցակցություն է եղել. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ 2005թ. հետո նախագահների ու վարչապետերի միջեւ անառողջ մրցակցություն է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ այսպես է մեկնաբանել ժամանակին սահմանադրական փոփոխությունների իր նախաձեռնությունը. «Այսպիսով մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում հանրապետության նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է»:

Ս. Սարգսյանը նաեւ ասել է, թե 2018-ից հետո հանրապետության վարչապետի լիազորությունները շատ ավելի լայն են լինելու, «քան այն, ինչ կիսանախագահական համակարգում վերապահված է այսօրվա նախագահին»։

Փաստորեն, Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ առնվազն 2005թ. հետո, երբ փոխվեց Սահմանադրությունն ու անցում կատարեցինք կիսանախագահական համակարգի, նախագահների ու վարչապետների միջեւ ընթացել է անառողջ մրցակցություն: Ընդ որում, այդ ողջ ընթացքում Հայաստանի վարչապետները եղել են ՀՀԿ անդամներ. Քոչարյանի նախագահության օրոք վարչապետ են եղել Անդրանիկ Մարգարյանն ու ինքը՝ Սերժ Սարգսյանը, իսկ իր նախագահության օրոք՝ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու հիմա էլ Կարեն Կարապետյանը: Եթե անկեղծ, ապա այդ հակամարտությունը շատ դեպքերում ցցուն է եղել:

Ու հիմա սահմանադրական այս փոփոխություններից հետո Ս. Սարգսյանը որոշել է 2018թ. ապրիլից իր ձեռքը վերցնել ողջ իշխանությունն արդեն որպես վարչապետ. հո իզուր չի գնացել այս քայլին ու վարչապետին ավելի լայն լիազորություններ ընձեռել, քան այսօրվա նախագահինն է»: