կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-06 12:46
Հասարակություն

Կցուցադրվեն նախագահների ստորագրած առաջին համաձայնագրերը, վարչապետերի որոշումները

Կցուցադրվեն նախագահների ստորագրած առաջին համաձայնագրերը, վարչապետերի որոշումները

21-րդ դարն աչքի է ընկնում տեխնոլոգիաների բուռն զարգացմամբ, հետևաբար` այդ տեխնոլոգիաներն ազդում են նաև արխիվի աշխատանքի վրա. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքով` եղած փաստաթղթերից, ժապավեններից կամ լուսանկարներից չեն հրաժարվելու, դրանք էլ են պահպանվելու: «Այդ ամբողջը թվայնացնելու խնդիր ունենք այսօր: Թվայնացումն ինքնանպատակ չէ, երկու խնդիր է լուծում: Առաջին` պահպանման խնդիրը, որ մենք թղթե փաստաթղթերին կամ ժապավեններին այլևս ձեռք չենք տա, դրանք կոնսերվացված կմնան, իսկ մենք կօգտագործենք թվայնացված տարբերակները: Եվ ամենակարևորը` 2-րդ խնդիրը` տեղեկություններ կարող ենք որոնել ու գտնել րոպեների, նույնիսկ` վայրկյանների ընթացքում»,- ասաց Վիրաբյանը:

Նա նշեց, որ թվայնացման փորձերը սկսել են 2004 թվականից, իսկ արդեն բուռն թվայնացումը սկսվել է 2010 թվականից, երբ ձեռք են բերել արդիական սարքավորումներ: «Սարքավորումները բավականին թանկ են, բոլորը գնված են ո\'չ բյուջի հաշվին, ո\'չ էլ` արխիվի: Դրանք ազգային արխիվին նվիրել են մարդիկ, ովքեր գիտակցել են արխիվային պահպանման կարևորությունը»,- ասաց արխիվի տնօրենը:

Ըստ Վիրաբյանի` տարեկան թվայնացվում է մոտ 200 հազար թերթ փաստաթուղթ, և արդեն շուրջ 1 միլիոն փաստաթուղթ է թվայնացվել:

«Նախ` մենք թվայնացնում ենք այն փաստաթղթերը, որոնք կարևոր են և պահանջարկ ունեն, հետո նոր` մնացածը: Պահանջված փաստաթղթերն են Առաջին հանրապետության պատմության հետ կապված  և Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը, որոնց պահանջարկը երբեք չի նվազում»,- նշեց նա:

Վիրաբյանն անդրադարձավ նաև ֆիլմերի թվայնացմանը: «Կինոնկարների թվայնացումը ևս շատ կարևոր է: Մենք այս տարի ավարտելու ենք վավերագրական ֆիլմերի` 35 մմ լայնությամբ ժապավենների թվայնացումը: Գեղարվեստական ֆիլմերը չենք թվայնացրել: «Հայֆիլմ»-ի ստեղծած ֆիլմերի թվայնացման հետ մենք գործ չենք ունեցել, բայց հետագայում կթվայնացնենք»,- ասաց նա` նաև սխալ համարելով սև-սպիտակ ֆիլմերի գունավոր թվայնացման փաստը:

Ազգային արխիվի տնօրենը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ ազգային արխիվում բացվում է ցուցահանդես` նվիրված Հայաստանի Հանրապետության 25-ամյակին: «Կցուցադրենք շատ հետաքրքիր փաստաթղթեր: Ցուցադրելու ենք մեր 3 նախագահների անձնագրերը, դիվանագիտական անձնագրերը, մտավորականների դիվանագիտական անձնագրեր, նախագահների ստորագրած առաջին համաձայնագրերը, վարչապետերի ստորագրած առաջին որոշումները և հետաքրքիր այլ փաստաթղթեր»,- եզրափակեց Վիրաբյանը: