Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում անդրադարձել է վերջերս ՀՀ և ՌԴ վարչապետերի միջև կնքված միգրացիոն համաձայնագրին, ըստ որի` օտարեկրյա քաղաքացիները, այդ թվում` ՀՀ քաղաքացիները, ՌԴ մուտք գործելուց հետո պարտավորվում են ոչ թե նախկինի պես 7 օրվա, այլ 30 օրվա ընթացքում կանգնել հաշվառման:
Ըստ Գագիկ Եգանյանի` դա ավելի հարմար պայմաններ է ստեղծում ՀՀ քաղաքացիների համար, քանի որ 7 օրվա ընթացքում հաշվառվելուց ուշանալու դեպքում հետևում էին անցանկալի երևույթներ, միգրացիոն օրենսդրության խախտում, որն էլ կարող էր պատճառ դառնալ քաղաքացու մուտքը ՌԴ արգելելու համար: «Համաձայնագրի չորրորդ կետով նախատեսված է, որ այն պետք է կիրառվի ստորագրված պահից 30 օր հետո: Օգոստոսի 16-ից նոր օրենքը կսկսի գործել, մինչ այդ պետք է վավերացնել համաձայնագիրը: Լիահույս եմ, որ մինչ օգոստոսի 16-ը մենք կհասցնենք այն վավերացնել»,- ասաց Գագիկ Եգանյանը:
Նրա խոսքով` դա միակ միգրացիոն համաձայնագիրը չէ, որովհետև կա ևս մեկ միջկառավարական փաստաթուղթ, որը վերաբերում է միասնական աշխատաշուկաների ձևավորմանը, այն է` երբ ՀՀ քաղաքացին կարող է ՌԴ-ում աշխատանքային գործունեություն ծավալել առանց լրացուցիչ թույլտվության, առանց դրա համար դիմումներ ներկայացնելու և տուրքեր վճարելու`հավասարվելով այս հարցում ՌԴ քաղաքացիներին: «Այս համաձայնագրով սահմանվում է նաև, որ ոչ միայն աշխատողն է հավասարվում ՌԴ քաղաքացուն այդ հարցում, այլ նաև նրա ընտանիքի անդամները»,- ասաց Եգանյանը:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ ժողովրդագրական ռիսկեր են պարունակում նոր միգրացիոն համաձայնագրերը, Գագիկ Եգանյանը պատասխանեց. «Ոչ մի ժողովրդագրական ռիսկ չկա: Պետք չէ իրար հետ անմիջականորեն կապել միգրացիոն երևույթների կարգավորումը և արտագաղթը ու տեսնել հետևանքներ: Ինչ-որ տեղերում գուցե դրանք կապակցված են, բայց առնվազն պետք են վերլուծություններ, հետազոտություններ: Հակառակը` այն անձը, որը գտնվում է ՌԴ-ում, նոր համաձայնագրով կարող է հեշտությամբ գնալ ՌԴ և այնտեղից վերադառնալ Հայաստան»: