կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-30 17:27
Հասարակություն

Ատոմակայանի անցյալը վեր հանեց երկու նախկին վարչապետերի միջև հակասություններն ու վիրավորվածությունը

Ատոմակայանի անցյալը վեր հանեց  երկու նախկին վարչապետերի միջև հակասություններն ու վիրավորվածությունը

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի կողմից ներկայացված` 2015թ. Մոսկվայում ստորագրված` Հայաստանում ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման ֆինանսավորման մասին համաձայնագիրը, որով Հայաստանը վարկ է վերցնում ՌԴ-ից` մոտ 270 միլիոն դոլար, և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ:

 

Քննարկվող հարցն առաջ բերեց բուռն քննարկում և փոխադարձ մեղադրանքներ՝ անցյալի հետ կապված: Ատոմակայանի անցյալն ու այն ժամանակվա «ճիշտն ու սխալը» սկսեցին վերհիշել ՀՀԿ պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

 

Նախ` Խոսրով Հարությունյանը, ով համազեկուցողն էր, ասաց, որ հաճախ ԱԺ ամբիոնն օգտագործվում է` ոչ վաղ անցյալի պատմությունը հմտորեն սրբագրելու համար: Նրա այս հայտարարությունն ուղղված էր Հրանտ Բագրատյանին, որն իր խոսքում անդրադարձել էր ատոմակայանի վերագործարկման պատմությանը եւ պատմական որոշմանը: Խոսրով Հարությունյանը հավելեց. «Հիշենք, որ ատոմակայանի փակման խնդիրները լուծվել են քաղաքական, քաղաքացիական հուժկու ճնշման տակ: Մեր ժողովուրդն է փակել՝ ՀՀՇ-ի նախաձեռնությամբ: Սա իրողություն է: Փակվել են ե՛ւ ատոմակայանը, ե՛ւ «Նաիրիտ»-ը: Սա իրողություն է, պատմական փաստ: Հետո, երբ տեսան, որ մայրերը երեխաներին մեծացնում էին ծայրաստիճան խավարի մեջ, Վազգեն Մանուկյանը ստանձնեց պատասխանատվությունը` ատոմակայանը գործարկելու, նա ստանձնեց համարձակություն` այդ պայմաններում հայտարարել ատոմակայանը գործարկելու անհրաժեշտության մասին: Երբ նա խոսում էր այդ մասին, Մելիք-Ադամյան փողոցում հավաքված ժողովուրդը բղավում էր՝ ամո'թ, ամո'թ: Բայց նա բարձրաձայնեց դրա մասին: Իրողությունը սա է»:

 

Հրանտ Բագրատյանը հակադարձեց` ասելով, որ կան փաստեր, և ատոմակայանը գործարկվել է իր վարչապետության տարիներին, իր որոշմամբ, և դա եղել է համարձակ ու պատասխանատու որոշում: Դիմելով Խոսրով Հարությունյանին` նա ասաց. «Բարի լինեիք` Դուք բացեիք, Ձեր վարչապետության ժամանակ 40 տոկոս տնտեսական անկում եք ունեցել: Հիմա էնպես է ստացվել` Դուք չեք արել, մենք ենք արել: Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն: Լավ կլիներ՝ իրար գլուխ չարդուկենք, չաքլորանանք ու գնանք, փաստերը ստուգենք»:

 

ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց, որ դեռ երեք տարի առաջ էր ասել, որ չի արձագանքելու բոլոր նրանց, ովքեր իշխանական ցուցակով ընտրվել են պատգամավոր ու հիմա գովերգում են իշխանությանը, բայց այսօր պետք է խախտի այդ կարգը, որովհետև կեղծում են պատմությունը, ոչ թե քննադատում: «Ցավալի է, որ այդ կեղծիքն արվում է այն մարդկանց կողմից, ովքեր ՀՀՇ իշխանության օրոք բարձր պաշտոններ են զբաղեցրել ու գովերգել ՀՀՇ-ին: Ըստ նրանց` աշխարհը շուռ է եկել այն պահից, երբ նրանք պաշտոն են զբաղեցրել ՀՀԿ-ի իշխանության օրոք: Դա նշանակում է սեփական կենսագրության ժխտում: Եթե Վազգեն Մանուկյանը հիմա իշխանության մեջ է, Հրանտ Բագրատյանը` ընդդիմադիր, ուրեմն պետք է այնպես խոսել, իբր Հրանտը սխալ էր, Վազգենը` ճի՞շտ: Հանուն պատեհության, հանուն բարեկամներին գործի տեղավորելու` ինչքա՞ն կարելի է շնորհակալություն հայտնել ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու համար: Չհամարձակվեք կեղծել, ինչքան ուզում եք` քննադատեք, բայց թույլ չեմ տա՝ կեղծեք»,- ասաց Արամ Մանուկյանը:

 

Խոսրով Հարությունյանը արձագանքեց շատ հուզված: Հայտարարեց, որ անտրամադիր է ու պետք է պատասխանի իր հասցեին հնչեցված վարկաբեկիչ գնահատականներին: «Ոմանք կարծում են, թե տիեզերքը պտտվում է իրենց շուրջը, ես համաձայն չեմ դրա հետ: Պատմությունը որևէ մեկի սեփականությունը չէ: Ես ինձ զգում եմ պատասխանատու անցյալի սխալների համար, ի տարբերություն ոմանց: Գնացեք, մեր սերնդի ներկայացուցիչներին հարցրեք, թե ով փակեց ատոմակայանը: Ինձ շատ բաներում կարելի է մեղադրել, բայց ոչ կոնյունկտուրիզմի մեջ, եթե ես կոնյունկտուրշչիկ լինեի, ես հրաժարական չէի տա վարչապետի պաշտոնից, ես վարչապետի պաշտոնի բարբաջով չեմ տառապում»: