Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի բնակչուհի Վարդուհի Սարոյանը հայտնվել է ունեզրկման եզրին և հնարավոր է շուտով զրկվի իր միակ կացարանից: Այս մասին Yerkir.am-ին ահազանգեց հենց ինքը՝ Վարդուհի Սարոյանը՝ նշելով, որ իր ունեզրկման հետ ուղղակի առնչություն ունի քրոջ ամուսինը, ով առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու Էրեբունիում, և նրա ընկերը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին:
Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին Վարդուհի Սարոյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ քրոջ ամուսինը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը, և նրա ընկերը՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը, ընդհանուր բիզնես գործունեություն ծավալելու և հասույթ ստանալու պատրվակով, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, առանց իր համաձայնության և գիտության, 2012թ. մարտի 18-ին «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրել են սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ շենքի թիվ 80 հասցեում գտնվող տարածքը, ինչի հետևանքով իրեն պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռ. Ղարիբյանը, ուսումնասիրելով հիշյալ գործի նյութերը, որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժել: Սակայն Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ուսումնասիրելով նախապատրաստված նյութերը և քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ` Վարդուհի Սարոյանի ներկայացրած բողոքը, որոշում է կայացրել քրգործի հարուցումը մերժելու վերաբերյալ քննիչի որոշումը վերացնել և հարուցել քրեական գործ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը):
Հիշյալ գործի շրջանակներում Վարդուհի Սարոյանը ճանաչվել է որպես տուժող, իսկ նրա քույրը ներգրավվել է որպես վկա: Ներկայումս հիշյալ գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: «2012թ. օգոստոսին քույրս՝ Քրիստինա Սարոյանը, և նրա ամուսինը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը, առաջարկ են արել ինձ՝ գրավադրել մեզ պատկանող գույքը և ստացված գումարը դնել նրանց ընտանիքի բարեկամ, ընկեր Տիգրան Տեր-Պետրոսյանին (ով հանդիսանում է քաղաքական գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին) պատկանող բիզնեսում»,- Yerkir.am-ին հայտնեց Սարոյանն ու պատմեց գործի հանգամանքները:
«2012թ. հոկտեմբերի 8-ին լիազորել եմ Տիգրան Տեր-Մարգարյանին, որպեսզի իմ անունից իրավունք ունենա գրավադրելու ինձ պատականող, ժառանգաբար անցած` Բաղրամյան պողոտա 2 շենքի թիվ 80 հասցեում գտնվող 133.8 ք.մ մակերեսով տարածքը: Գույքի գրավադրումը նպատակ է հետապնդել ներդնել գործող բիզնեսի մեջ, որից ստացված եկամտից մի մասը պետք է գնար վարկի մարմանը, իսկ մի մասը պետք բաշխվեր մեր և Տիգրան Տեր-Պետրոսյանի միջև: Դրանից հետո մեկնել եմ ՀՀ-ից: 2013 թվականի ապրիլին վերադառնալով արտերկրից` փորձել եմ հանդիպել Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ՝ պարզելու իրավիճակը: Սակայն միայն ամիսներ անց եմ կարողացել հանդիպել Տեր-Պետրոսյանին: Նա մեզ վստահեցրեց, որ որևէ խնդիր չկա, ամեն ինչ կարգին է, գործերը գնում են առաջ»,- պատմեց տուժած կինը:
Նրա խոսքով՝ իր և Տիգրան Տեր-Պետրոսյանի միջև որևէ պայմանագիր չի կնքվել, բոլոր պայմանավորվածությունները եղել են բանավոր: «Մեր հանդիպումների և զրույցների ժամանակ Տիգրան Տեր-Պետրոսյանը հայտնել է մեզ, որ բանկն իր խոստումը չի կատարել և չի տրամադրել իր խոստացած և սահմանված չափի գումարը, այսինքն` գործարքը չի կայացել: Ես, հասկանալով, որ որևէ գործարք չկա, հետևաբար` չկա նաև լիազորագրի անհրաժեշտություն, ինչպես նաև հասկանալով, որ սա ընդամենը խաբեություն էր, 2013 թվականի դեկտեմբերի 10-ին հայտարարություն եմ տվել «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Մարինե Մանուկյանի մոտ այն մասին, որ վերացնում եմ Տիգրան Տեր-Մարգարյանին տրված լիազորագիրը, և հաջորդ օրն այդ մասին տեղեկացնում Տիգրան Տեր-Մարգարյանին: Սակայն Տիգրան Տեր-Մարգարյանը, հանցավոր խմբի հետ նախապես համաձայնեցված, օգտագործում է անվավեր լիազորագիրը և ունեզրկում ինձ»,- պատմեց նա:
Ըստ տուժողի ցուցմունքի` 2014թ. օգոստոսին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից վարկային փաթեթը տեղափոխվել է «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ, իսկ 2014 թվականի նոյեմբերից սկսած` Տիգրան Տեր-Պետրոսյանը չի կատարել վարկային պարտավորությունները:
«Ստացվում է, որ նրանք, չարամտորեն ինձ մոլորեցնելով, ի սկզբանե գրավադրել և ստացել են գումարները, ապա նաև չեղարկված փաստաթղթով կատարել են երկրորդ գործարքը, այսինքն` բանկից բանկ են տեղափողել ինձ պատկանող գույքը»,- ասաց Վարդուհի Սարոյանը:
Նա հայտնեց, որ հետագայում «Զարգացման Հայկական բանկ»-ում պարզել է, որ «ՎՏԲ–Հայկական բանկ»-ը 100.000 ԱՄՆ դոլարով վարկային փաթեթը վաճառել է «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ–ին: «Միաժամանակ, «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ–ի վարկային բաժնի պետ Աշոտ Եսայանն ինձ առաջարկեց վճարել գույքի դիմաց և ազատել գույքը: Ես նորից փորձեցի հանդիպել Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ և պահանջել, որպեսզի ազատի իմ գույքը վարկային պարտավորություններից և վերադարձնի ինձ: Նա ինձանից մեկ-երկու ամիս ժամկետ խնդրեց՝ բացատրելով, որ հնարավորինս սեղմ ժամկետում այդ հարցերին կտրվի լուծում»,- պատմեց նա:
Վարդուհի Սարոյանի խոսքով՝ հիշյալ գործում առկա է նաև փողերի լվացման դրվագ: «Հետագայում պարզվեց, որ Տիգրան Տեր-Պետրոսյանը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հետ ունեցել է խնդիրներ՝ կապված վարկային պարտավորությունների հետ, և նրան անհրաժեշտ է եղել, որպեսզի մեր գույքով լրացվի վարկային փաթեթը: Նա այդ մասին մեզ չի հայտնել, այլ, խաբեությամբ մոլորեցնելով, գործարար առաջարկի քողի տակ տիրացել է մեր գույքին: Հետագայում Տիգրան Տեր-Պետրոսյանի կինը ինձ հայտնել է, որ ամուսնու վարկային պարտավորությունները կազմում են 600. 000 ԱՄՆ դոլար գումար, որը տեղափոխվել է Դուբայ: Ստացվում է, որ հանցավոր խումբը զբաղվել է նաև փողերի լվացմամբ»:
Ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար՝ Սարոյանին խորհուրդ են տվել վերավարկավորում կատարել և հիփոթեքային վարկը ձևակերպել այլ անձի անունով և, ի ապահովումն հիփոթեքային վարկի ձևակերպման, ևս մեկ գույք գրավադնել: «Բանկն ինձ մեկ օր ժամանակ տվեց՝ պատճառաբանելով, որ գույքը հանվելու է հրապարակային աճուրդի: Ես այդ ժամանակ խնդրեցի մորեղբորս տղային` Հայկ Հակոբի Հակոբյանին, օգնել ինձ: 2015 թվականի օգոստոսին կնքվեց առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր, միաժամանակ, որպես վարկային պարտավորությունների կատարման երաշխիք, գրավադրվեց սեփականության իրավունքով ինձ պատկանող՝ Երևանի Հ. Քոչար թիվ 25 շենքի 25 բնակարանը: Պայմանագրի համաձայն՝ «Զարգացման Հայական բանկ»-ը մինչև 2030 թվականը մարման ժամկետով պետք է տրամադրեր 170 ԱՄՆ դոլար վարկ, որը պետք է ուղղվեր ժամկետանց վարկային պարտավորությունների մարմանը: Այսինքն` ես գործարքից ստացված որևէ գումար չեմ ստացել: Այս ամիսների ընթացքում իմ կողմից կատարվել են վճարումներ `կապված վարկային պարտավորությունների կատարման հետ, սակայն ամիսներ առաջ Հայկ Հակոբյանը բանկից գույքի բռնագանձման ծանուցում էր ստացել»:
Տուժողը խնդրել է քննչական մարմնին՝ բազմակողմանի օբյեկտիվ քննություն կատարել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Խնդրի վերաբերյալ զրուցեցինք նաև Տիգրան Տեր-Մարգարյանի հետ, ով այս գործով ներգրավված է որպես վկա: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ այս գործով նախաքննություն է ընթանում,և որ ինքն արդեն մեկ անգամ քննիչի մոտ ցուցմունք է տվել: Տեր-Մարգարյանը նշեց, որ չի ցանկանում գործի վերաբերյալ մանրամասներ հայտնել, քանի որ դեռ նախաքննություն է ընթանում: «Նախաքննության ընթացքում կպարզվի` ով ինչ է արել, Սարոյան Վարդուհին ոնց է խաբել մնացածին և այլն: Գործը նախաքննության փուլում է, ես իմ ցուցմունքը քննիչի մոտ եմ հայտնելու, ինքն ինչ ուզում է` թող ասի»,- ասաց նա:
Մեզ չհաջողվեց կապ հաստատել նաև Տիգրան-Տեր Պետրոսյանի հետ: Որոշ տեղեկություների համաձայն՝ նա բացակայում է Հայաստանից:
Թ. Մելքոնյան