Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի բնակչուհի Հեղնար Ունուսյանը երկու դուստրերի հետ հնարավոր է շուտով հայտնվի դրսում: Մարտի 24-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Ասլանյանը որոշում է կայացրել` հրապարակային սակարկություններով վաճառել Հեղնար Ունուսյանին պատկանող գույքը:
«Սպասվելիք աճուրդն ինձ համար իսկական հոգեկան աղետ է»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց սեփականությունը կորցնելու վտանգի առջև կանգնած կինը և պատմեց գործի նախապատմությունը:
Ունուսյանը 2002-ին ձեռք է բերել Երևանի Գաջեգործների փողոցի թիվ 36/1 հասցեում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկն ու երկու դուստրերի հետ բնակվել այնտեղ: Նույն տան առաջին հարկը սեփականության իրավունքով պատկանում է նրա հարևանին` Սեմիրջյանին: Երկու հարևաններով տնօրինում են ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող 220քմ տարածքը: Բացի այս` հարևաններն առանձին-առանձին ունեն համատեղ սեփականություն չհանդիսացող հողամաս և դրանով ծանրաբեռնված անշարժ գույք:
Հեղնարի հարևանը` Սեմիրջյանը, հայց է ներկայացրել դատարան`պահանջելով պարտավորեցնել Հեղնար Ունուսյանին համատեղ սեփականության ներքո գտնվող գույքից բաժնի արժեքը վճարել, իսկ այդ բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում` անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել:
Հարևանի ներկայացրած հայցը Հեղնարի համար անակնկալ է եղել. «Հարևաններ ենք, կարող է միմյանց հետ մի օր լավ լինենք, մի օր` վատ, բայց դա չի նշանակում, որ կարելի է այնպես անել, որ դիմացինին անելանելի դրության մեջ գցես»:
Նախքան գործի` դատարան մտնելը Սեմիրջյանը պայման է դրել` կա'մ Հեղնարը պետք է գնի իրեն պատկանող անշարժ գույքը, կա'մ վաճառի իրենը, հակառակ դեպքում` երկուսի համատեղ սեփականություն հանդիսացող գույքը կհանվի աճուրդի և հրապարակային սակարկություններով կվաճառվի: «Ես որևէ խնդիր չէի տեսնում, կարող էին իրենց մասը վաճառել, սակայն ինչ մնում է ինձ` ես իմ անշարժ գույքը վաճառելու ցանկություն չունեի»,- նշեց կինը:
Ունուսյանի խոսքով` իր իրավունքները խախտվել են առնվազն երկու դրվագներում`
1. Դատարանն իր վճռով հրապարակային սակարկությունների է դրել ոչ միայն հարևանների համատեղ սեփականություն հանդիսացող 220 քմ հողամասը, այլ նաև յուրաքանչյուրի առանձին սեփականությունը հանդիսացող հողամասը և դրա անշարժ գույքը, ինչի իրավունքը չուներ:
2. Համատեղ սեփականություն հանդիսացող հողամասը հնարավոր էր հավասարապես կիսել այնպես, որ հարևանները միմյանց հետ խնդիր չունենան, և ամեն մեկն ունենա իր առանձին մուտքը դեպի իր սեփական տարածք, մինչդեռ` դատարանն իր վճռով չի նշանակել փորձաքննություն և չի պարզել համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի՝ հարևանների միջև կիսելու հնարավորության հարցը, ավելին` մերժել է Հեղնար Ունուսյանի` դատաշինարարական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը:
Կնոջ խոսքերով` աա ակնհայտ ապօրինություն է և արված է նրա համար, որպեսզի ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի վեճի քողի տակ հրապարակային սակարկություններով վաճառվի իր ամբողջ գույքը: Նա կարծում է, որ պատահականություն չէ, որ այսպիսի ակնհայտ անօրինական վճիռը կայացվել է թոշակի անցնող դատավորի կողմից:
Նշենք, որ շուտով լրանալու է դատավոր Ասլանյանի պաշտոնավարման տարիքը` 65-ը, և դատավորն անցնում է թոշակի:
Հեղնարը ողջ դատաքննության ընթացքում պաշտպանվել է միայնակ`առանց փաստաբանի, քանի որ, ինչպես ինքն է ասում, հավատացել է դատարանի արդարությանը: Ըստ նրա` մի քանի անգամ` դատական նիստերի ավարտից հետո, երբ ձայնագրառումն ավարտվել է, դատավորը զրուցել է իր հետ և հասկացրել, որ համակարծիք է իր դիրքորոշման հետ: «Ի՞նչ են ուզում քեզանից, ուզում են իրենց գույքը վաճառել` թող վաճառեն, քեզնից ի՞նչ են ուզում»,- մեջբերելով դատավորի հետ զրույցից մի հատված` ասաց Հեղնարը:
Սակայն դատարանը որոշում է կայացրել հրապարակային սակարկություններով վաճառել Երևանի Գաջեգործների փողոցի թիվ 36/1 և Երևանի Գաջեգործների փողոցի թիվ 36/2 հասցեներում գտնվող անշարժ գույքերը և վաճառքից գոյացած գումարները բաշխել հրապարակային սակարկությունների անցկացման օրվա դրությամբ առկա սեփականատերերի միջև` ըստ նրանց ունեցած բաժինների` մակերեսների։
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ