Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում ապրող Եսայանների ընտանիքը տարիներ շարունակ բանկին վճարում է մի հողատարածքի դիմաց, որի «համեղ պատառը», որոշ մարդկանց «հաշվարկների» արդյունքում, այլևս իրենցը չէ: Ներկայացվելիք պատմությունն արդեն մի քանի տարի է` քննարկվում է տարբեր ատյաններում, շոշափվում են Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի, Կարբիի գյուղապետ Կարո Բաղդասարյանի անունները:
Գործի նախապատմությունը հետևյալն է. Կարբի գյուղի բնակիչ Իշխան Եսայանը 2002-ին Կարբի համայնքին պատկանող «Կարբի ձոր» կոչվող տեղամասում 25 տարի ժամկետով վարձակալել է 5.3 հա հողատարածք, որը վարձակալության հիմունքներով օգտագործել է մինչև 2010-ի սեպտեմբերը: Ըստ վարձակալված հողամասի հատակագծի` հողատարածքը ձգվել է Քասախ գետից մինչև գետի դիմացի ժայռերը: Վարձակալված հողատարածքում տնկել են ծառեր, որոնք, ըստ նախկին վարձակալի, անհայտ անձանց կողմից ոչնչացվել են: Միաժամանակ, այս տարիների ընթացքում որոշ անձանց կողմից հողամասը զավթելու փորձեր են արվել:
Համաձայն քրեական գործի` մեր ձեռքի տակ գտնվող նյութերի՝ 2010-ի հուլիսին Իշխան Եսայանն իր վարձակալած հողատարածքը սեփականության նպատակով ձեռք բերելու համար դիմել է Կարբիի գյուղապետարան: Անցկացված աճուրդով հողատարածքը գնել են այն ժամանակվա գյուղապետի եղբայրը` Աղվան Նազարեթյանը, և վարձակալի՝ Իշխան Եսայանի որդին՝ Գևորգ Եսայանը: Մինչ այդ՝ 2012-ի սեպտեմբերին Իշխան Եսայանը «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ից վերցրել է տարեկան 18 % տոկոսադրույքով 70.000 ԱՄՆ դոլար վարկ: Աղվան Նազարեթյանը երկու տարի անց 512 հազար դրամով գնած հողատարածքը 65000 ԱՄՆ դոլարով վաճառել է Գևորգ Եսայանին, ով էլ, օրենքով սահմանված եղանակով, իր հողամասի նկատմամբ ձևակերպել է սեփականության իրավունքը: Քասախ գետի ավազանի առափնյա շերտերը, վարձակալած նախկին հողատարածքի սահմաններով, ներառված են եղել սեփականության իրավունքով նրան պատկանող հողատարածքի հատակագծում:
Գ. Եսայանը 2014-ին իրեն պատկանող հողատարածքը ցանկապատելու ընթացքում պարզել է, որ իր գնած հողատարածքի ծածկագրերը փոփոխված են: Մասնավորապես` 2010-ի հողի հատակագծում ակնհայտ երևում է, որ հողամասը գտնվել է անմիջապես Քասախ գետի ափին, սակայն իր հողատարածքի միջնամասում առաջացել է մեկ այլ հողատարածք, որն իր համար անհայտ պայմաններում աճուրդով 2013-ին գնել է Կարբի գյուղի նորընտիր գյուղապետ Կարո Բաղդասարյանի կնոջ եղբայրը` Էդգար Հայրապետյանը:
Հիշյալ դեպքի կապակցությամբ Գևորգ Եսայանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից էլ գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության: 2015-ի փետրվարի 20-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Ամիսներ անց՝ ապրիլի 18-ին, գործի վարույթը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Այնուհետև գործը կարճելու վերաբերյալ քննիչի որոշումը վերացվել է վերահսկող դատախազի կողմից: Տուժողի ներկայացուցչի բողոքի հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի տեղակալի ցուցումով, տվյալ գործի նախաքննության կատարումը հանձնվել է այլ քննիչի, ով 2015-ի նոյեմբերի 13-ին դարձյալ կարճել է գործի վարույթը՝ նույն՝ հանցադեպի բացակայության հիմքով: Տուժողի ներկայացուցիչը դարձյալ բողոք է ներկայացրել հսկող դատախազին, ով այս անգամ բողոքը մերժել է ՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Գևորգ Եսակյանի կողմից գնված հողամասի և Քասախ գետի միջնամասում առկա է 0.7235 հա մակերեսով հողատարածք, որը Կարբի համայնքի սեփականությունն է: 2013-ին Կարբի համայնքը նշված հողամասն աճուրդով՝ անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրի հիման վրա օտարել է Օհանավան գյուղի բնակիչ Էդգար Հայրապետյանին, ով էլ իր հերթին հողամասը բաժանել է երեք մասի և առանձին -առանձին օտարել Կարբի գյուղի բնակիչներ Արա և Վահե Բաղդասարյաններին ու Արման Ահարոնյանին: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գևորգ Եսայանի կողմից գնված` Քասախ գետի կիրճում գտնվող հողատարածքի դիրքը կամ կոորդինատներն ընդհանրապես չեն փոփոխվել: Քասախ գետը քարտեզում լայն է եղել, քարտեզագրման ճշգրտումների արդյունքում գետը նեղացել է, որի արդյունքում Գ. Եսայանի հողամասի և Քասախ գետի միջև 2010-ի դրությամբ առկա համադրումը վերացել է Քասախ գետի չափերի հաշվին, և առաջացել է 3-15 մ տարածություն: Հողամասը չի տեղաշարժվել, և որևէ պաշտոնյայի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ չեն կատարվել, ոչ մի պաշտոնական փատաթուղթ չի կեղծվել: Սակայն այս տարվա հունվարի 1-ին Գևորգ Եսայանի ներկայացուցիչը դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քնիչ Ա. Խլղաթյանի կողմից բողոքը մերժելու որոշումը և քրեական գործն ուղարկել նոր քննության: Այս գործով շուրջ 4 դատական նիստ է կայացել, դատավարությունը տարբեր պատճառներով ձգձգվել է:
Yerkir.am-ի հետ զրույցում հողատարածքի սեփականատեր Գևորգ Եսայանի կրտսեր եղբայրը՝ Վանիկ Եսայանը, պատմելով գործի մանրամասների մասին, նախ նշեց, որ իրենք կողմ էին խնդիրը նորմալ ճանապարհով լուծելուն, սակայն իրար չհասկանալու արդյունքում ստիպված եղան դիմել իրավապահներին:
«Մենք կյանքում ոչ մեկի վրա ոչ բողոք ենք գրել , ոչ էլ տենց ապրել ենք: Մինչ դատախազություն դիմելը մտել ենք գյուղապետի մոտ, ասել ենք՝ եկեք հասկանանք, այսպես չի կարող լինել, ասել ենք, որ էսքան գումար ենք տալիս բանկին, մեր տարածքն է: Ինչու՞ ես պետք է այդ հողը գնեի, եթե այն գետին մոտ չէր: Ինչպե՞ս եղավ, որ իմ հողը սխալ էր համադրված, բայց երբ գյուղապետը ճշտումներ արեց, նախկին համադրումները վերացան: Ինչպե՞ս ստացվեց, որ հողը նրա աներձագը գնեց, հետո հենց տեսան գործը քննչականում է, աներձագը ծախեց այլ մարդու վրա: Ինչպե՞ս եղավ, որ բարակ հողամասը երեք մասի բաժանեցին, երեք տարբեր անձանց վաճառեցին»,- ասաց նա` նշելով, որ գյուղապետն այդ կերպ նպատակ է ունեցել խճճել գործը:
«Գյուղապետն ասում է՝ ես խնդիր չունեմ, հող է եղել, վերցրել եմ, գնա, ինչ ուզում ես` արա: Մենք երեք եղբայր ենք, որ աշխատենք սաղ կյանքներս հազիվ կկարողանանք վարկը փակել, բայց ինչի՞ համար, եթե մեր հողն այլևս ափամերձ չէ»,- ասաց Վանիկ Եսայանը և հավելեց. «Եթե անգամ պատկերացնենք, որ քարտեզագրում է իրականացվել և մի քանի մետր ավելի տարածք ստացվել, ինչո՞ւ նախապատվության իրավունքով հողը մեզ չի տրվել, կամ ինչպե՞ս աճուրդ արվեց, որ ոչ մեկ չիմացավ»:
Երիտասարդը նշեց, որ իրենք արդեն իսկ հողամասը գրավ դնելուց հետո, դոլար-դրամ տատանումների արդյունքում, կրկնակի վնաս են կրել և վերցված 70.000 դոլարի դիմաց ստիպված են վճարել 150.000: «Փաստորեն, ստացվում է, որ հիմա հազարավոր դոլարների վարկ ենք փակում մի բանի համար, ինչը մերը չէ»,- նշեց Եսայանը: Նրա խոսքով՝ եթե իրենց հողամասը չի տեղաշարժվել, ո՞ւր է անհետացել տարածքին մաս կողմող կղզյակը:
«Դատավորն ասում է` հնարավոր է ջուրը եկել, վարարել, կղզյակը քշել-տարել է, ինչպե՞ս է դա հնարավոր, մանավանդ, եթե, ըստ նրանց, գետը նեղացել է, այսինքն` կղզյակն ավելի պետք է մեծանար: Էլեկտրոնային քարտեզով նայում ենք, տեսնում ենք կղզյակի մոտ հող է առաջացել, ինչպե՞ս է այդ հողն առաջացել, Աստված նորից հո՞ղ առաջացրեց, որ գյուղապետը վերցնի՞: Ախր գետը չի կարող ինչ-որ մեկինը լինել, դա բնության տվածն է»,- ասաց մեր զրուցակիցը:
Եսայանի խոսքով՝ իրենց նպատակը մարդ դատելը չէ, այլ արդարադարությունը վերականգնելը: «Խղճին մոտ չէ, որ մարդ գետին մոտ 700 մ երկարությամբ տարածք ունենա, 7 մ չթողնես նրան»,- ասաց նա` նշելով, որ քննության ընթացքում գյուղապետը թույլ չի տվել խնդրահարույց հողատարածքներում չափագրում իրականացնել:
Ի դեպ, շրջանառվող տեղեկություններով` Եսայաններին պատկանող հողատարածքի հարևանությամբ տարածք ունի նաև Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, ով մշտապես հայտնվում է սկանդալների կենտրոնում, եւ որ հողատարածքի «փոփոխությունները» կատարվել են նախկին մարզպետի հովանավորությամբ, ով համարվում է գործող գյուղապետի մտերիմը:
Հետաքրքրական է, որ նախորդ տարի էլ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն ու Կարբիի գյուղապետ Կարո Բաղդասարյանը «Կարբիի ձոր» կոչվող տեղանքի մի հատվածը զավթել են և այնտեղ սրճարան են կառուցում` ոչնչացնելով բնությունը:
Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, Կարբիի գյուղապետ Կարո Բաղդասրայանը հերքեց իր և ազգականների առնչությունը գնված հողատարածքին: «Ես բացարձակ առնչություն չունեմ իր հողի հետ, և իր հողը ոչ մեկ չի գնել: Մի քանի հոգի հանդես են գալիս էդ հարցով, Եսայաններ են, մեկը Գ. է, մյուսը՝ Ե. , տարբեր անուններով են: Իրա հողը որտեղ որ եղել է, տեղում իր կոորդինատներով մնացել է, ոչ մի սանտիմետր չի տեղաշարժվել»,- ասաց գյուղապետը ՝ նշելով, որ Եսայանների հողատարածքը երբևէ գետի հետ սահման չի ունեցել:
«Ես չգիտեմ` ինչքան են առել այդ հողը՝ քանի հազար դոլարով, բայց հողամասը, որն ինքը գնել է, գյուղատնտեսական նշանակության այլ հողամաս է, ո\'չ հանգստի գոտի է, ո\'չ ունի տուրիստական նշանակություն, ո\'չ` այլ: Պարտադիր չէ, որ հարակից լիներ գետի ափին»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է գետը մի քանի տարվա ընթացքում նման փոփոխությունների ենթարկվի, մասնավորապես` գետի չափերի հաշվին 15 մ տարածություն առաջանա, գյուղապետը պատասխանեց. «Յուրաքանչյուր գետ հակում ունի հունը փոփոխելու, չեմ կարող ասել, թե ինչքան տարիների ընթացքում: Գետը կարող է դիրքը փոխել աջ կամ ձախ, ոչ թե նեղանալ: Ջուր է, ժամանակի ընթացքում կարող է փոփոխությունների ենթարկվել»:
Հարցին, թե ինչո՞ւ թույլ չի տվել նշված տարածքներում չափագրում իրականացնել, գյուղապետը պատասխանեց, որ փորձել են չափագրում իրականացնել այլ մարդու տարածքում, և տարածքի սեփականատերը բողոքել է՝ ասելով, թե ինչ իրավունքով են իր տարածքում չափագրում իրականացնում: «Թող քննիչը որոշի չափագրում իրականացնել»,- նշեց նա: Գյուղապետը վստահություն հայտնեց, որ այս գործում որևէ խախտում չկա: «Եթե մի խախտում եղած լիներ կամ բացթողում ի հայտ եկած լիներ... Ինչ գործողություն որ կատարվել է, եղել է օրենքին համապատասխան: Հիմա իր մոտ ի՞նչ դժգոհություն է առաջացել, ի՞նչ է կորցրել, ի՞նչ է ման գալիս, դա իր հարցն է»,- ասաց նա:
Հ.Գ. Yerkir.am-ն ուշադրության կենտրոնում կպահի հիշյալ գործը՝ փորձելով պարզել այս պատմությանը նախկին մարզպետի հնարավոր առնչությունը, ինչպես նաև այլ պաշտոնարար անձանց կողմից իրականացված ենթադրյալ խախտումները:
Թագուհի Մելքոնյան