Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կառավարմանը հանձնված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում հերթական սկանդալն է հասունացել: Yerkir.am-ի տեղեկություններով` ՀԿԵ գլխավոր տնօրենի կողմից իրականացված ծառայողական քննության արդյունքում փողեր լվանալու յուրօրինակ մեխանիզմ է հայտնաբերվել ՀԿԵ-ի անվտանգության ծառայությունում:
Մեխանիզմը հետևյալն է` ընկերությունը պարբերաբար մի քանի տասնյակ աշխատակիցների է ընդունել և 1-2 ամիս անց ազատել աշխատանքից: Յուրաքանչյուր նոր ընդունված աշխատակցի համար դուրս է գրվել մոտ 70 հազար դրամի հագուստ եւ այլ անհրաժեշտ իրեր:
ՀԿԵ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ աշխատակիցների համար նախատեսված հագուստի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարման բիզնեսը պատկանում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանին: Նա, ի դեպ, ժամանակին զբաղեցրել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը և ունի գեներալ-լեյտենանտի կոչվում: Դարբինյանի անունը հայտնի է տարիներ առաջ ռուսական լրատվամիջոցներից մեկում հայտնված սկանդալային հրապարակումից: Գաղտնազերծված մի փաստաթղթից հայտնի էր դարձել, որ ՌԴ ԱԱԾ գործերի կառավարման աշխատակիցը դեռևս 2004-ին միջնորդություն էր ներկայացրել ՌԴ նախագահին՝ Հայաստանի քաղաքացի Դարբինյան Արմեն Վաղինակովիչին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն շնորհելու համար՝ «հաշվի առնելով նրա անձնական ծառայությունը ՌԴ-ին»։ Այս հրապարակումից հետո Դարբինյանը ստացավ «ռուսական շպիոն» մականունը և մոտ կես տարի անց՝ 2010-ի նոյեմբերին, ՀՀ նախագահի հրամանով պաշտոնանկ արվեց:
Մեզ հասած տեղեկություններով` ՀԿԵ անվտանգության ծառայությունում կատարված ծառայողական քննության արդյունքում հայտնաբերված չարաշահումների, ուռճացված եւ գոյություն չունեցող աշխատակազմի պատճառով ծառայության պետին` Արթուր Ալվանդյանին, նկատողություն է հայտարարվել: Ուշագրավ է, որ ՀԿԵ ղեկավարությունը «բացահայտել» է կոռուպցիոն շղթայի միայն մի մասնակցին, իսկ մյուսները դեռևս մնում են անպատիժ:
Հիշյալ սկանդալում շոշափվում են ոչ միայն Արմեն Դարբինյանի, այլև ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կելպերիսի , ինչպես նաև ՀԿԵ-ի գլխավոր հաշվապահ, փողերի լվացման այլ պատմություններից հայտնի Վեներա Ավետիսյանի անունները:
Սակայն սա դեռ ամենը չէ: Պարզվում է` ընկերությունում ապրանքների մատակարարման մենաշնորհը ստանալը բացահայտ կոնֆլիկտների պատճառ է դարձել: Մեզ հասած տեղեկություններով՝ անվտանգության ծառայությունը ցանկանում է ինքը ձեռք բերել իր ապրանքները, իսկ մատակարարման ծառայությունն էլ պնդում է, որ պետք է ինքը ձեռք բերի ապրանքները եւ մատակարարի անվտանգության ծառայությանը:
Yerkir.am-ի հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը հայտնեց, որ ընկերությունում մշտապես ստուգումներ են անցկացվում, և հերթական ստուգումների արդյունքներով որոշակի թերություններ են հայտնաբերվել: Նա նշեց, որ տեղյակ չէ` անվտանգության ծառայության պետին նկատողություն հայտարարվե՞լ է, թե՞ ոչ:
«Իրականում մանր դեպք է. գտել են 3 ֆորմա և 1 զույգ կոշիկ, որոնք պատշաճ ձևակերպված չեն եղել, այսինքն` սխալմամբ համազգեստները սահմանված ժամկետից շուտ են տվել»,- ասաց Ալոյանը:
Թե որքանո՞վ է բացահայտվածը «մանր դեպք», կպարզեն իրավապահները, եթե, իհարկե, այսքանից հետո ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ծառայողական քննության արդյունքները ներկայացնի իրավապահներին:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Yerkir.am-ը գրել էր «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի հետ կապված մեկ այլ սկանդալի մասին: Հայտնել էինք, որ ՀԿԵ-ի ղեկավարության քթի տակ քանդում են երկաթուղու` չօգտագործվող ռելսերն ու վաճառում Արարատյան դաշտավայրում խաղողագործությամբ զբաղվող գյուղացիներին: Նրանք էլ կտրատված ռելսերն օգտագործում են որպես բիր (ձող, որը տնկում են խաղողի վազի կողքին` իբրև հենակ):
Ամիսներ առաջ էլ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով քրեական գործ էր հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մի խումբ աշխատակիցների նկատմամբ։ Գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով՝ «Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»։ Ներկայումս հիշյալ ընկերությունում կատարված յուրացումների փաստով մի քրեական գործ էլ քննվում է ՀՀ քննչական կոմիտեում:
Yerkir.am-ը հետևում է հիշյալ գործերի ընթացքին և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի ընթերցողին:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ