կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-16 16:39
Իրավական

Հափշտակված փողերն ուղարկել են Պանամա՞. խարդախության գործով շոշափվում է ԱԱԾ նախկին աշխատակցի անունը

Հափշտակված փողերն ուղարկել են Պանամա՞. խարդախության գործով շոշափվում է ԱԱԾ նախկին աշխատակցի անունը

Տնտեսագետ, նախկինում գլխավոր հաշվապահ աշխատած Սուսաննա Կարապետյանը պնդում է, որ դարձել է կանխամտածված խարդախության զոհ: Տարիներ շարունակ քննչական մարմիններում, դատախազությունում, դատարաններում և ԴԱՀԿ-ում իր իրավունքների համար պայքարելուց հետո 57-ամյա կինը դիմել է Yerkir.am-ին:

Սուսաննա Կարապետյանի խոսքով՝ մինչ օրս իրենից գումար հափշտակած անձինք ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլև անարգել հեռացել են Հայաստանից: Խոսքը վերաբերում է ավելի քան 100.000 դոլարի հափշտակությանը: Այս գործում շոշափվում են ԱԱԾ նախկին օպերլիազոր կապիտանի և նրա ազգականի անունները:

Սուսաննա Կարապետյանը պատմեց, որ 2012-ին նա իր եղբոր ընկերոջ՝ Խաչիկ Գևորգյանի հետ որոշել է բիզնես սկսել: Գևորգյանի հորդորով նա դարձել է «Հագենաս» ՍՊԸ-ի բաժնետեր: Վաճառելով իր կարողությունը, այդ թվում՝ անշարժ գույքը, 2012թ. հունիսի 1-ին Կարապետյանը 20.000 դոլար և 35.000 եվրո գումար է տվել Խաչիկ Գևորգյանին:

Համաձայն գործի նյութերի՝ մեկ ամիս անց Խաչիկ Գևորգյանի քրոջ որդին՝ ԱԱԾ աշխատակից Սմբատ Փիլիպոսյանը, Կարապետյանի տանը խաբեությամբ նրանից հափշտակել է ևս 50.000 դոլար:

«Սմբատ Փիլիպոսյանն ինձ տեղեկացրեց, որ կոնյակն արտահանելու հետ կապված մաքսայինում խնդիրներ են առաջացել և, որպեսզի ներդրածս գումարը չկորցնեմ, պետք է ևս 50.000 դոլար տամ իր քեռուն՝ Խաչիկ Գևորգյանին»,- պատմեց կինը` հավելելով, որ ինքը համաձայնել է՝ փոխարենն առաջարկելով իրեն ի պահ հանձնել Խաչիկ Գևորգյանին պատկանող` ավտոսրահից նոր գնված 46.000 դոլար արժողությամբ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան:

Սակայն հետագայում Սուսաննա Կարապետյանը պարզել է, որ իրեն խաբել են, որևէ կոնյակ չեն արտահանել, իսկ իրեն ի պահ հանձնված ավտոմեքենան գրավադրված է բանկում:

Սուսաննա Կարապետյանից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ դեռևս 2016թ. օգոստոսի 23-ին Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Խաչիկ Գևորգյանին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչիկ Գևորգյանը դեռևս 2012թ. օգոստոսի 1-ին մեկնել է ՀՀ-ից: Կարապետյանի խոսքով՝ նա ներկայումս  Գերմանիայում է, և նրան հնարավոր կլինի հայտնաբերել, եթե նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվի: «Մինչ օրս Գևորգյանի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել, այն դեպքում, երբ ես քննիչին տրամադրել եմ Գևորգյանի հեռախոսահամարը և գտնվելու հասցեն: Ինչպե՞ս է, որ իմ կողմից տրամադրված հասցեում որոշ պարտատերեր գնացել և հանդիպել են նրա հետ, իսկ նրանք չեն կարողանում նրան հայտնաբերել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հանրապետությունը լքել է նաև դեպքի հետ առնչություն ունեցող` ԱԱԾ նախկին աշխատակից Սմբատ Փիլիպոսյանը: ԱԱԾ-ից ստացված տվյալների համաձայն՝ Սմբատ Փիլիպոսյանը 2003-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 15-ն աշխատել է ԱԱԾ-ում` որպես օպերլիազոր և ունեցել է կապիտանի կոչում: Նա ՀՀ-ից հեռացել է աշխատանքից ազատվելուց մեկ ամիս անց:

«Փիլիպոսյանը, գալով մեր տուն, իմ վտահությունը չարաշահելով, ինձ խաբելով, ասաց, որ այդ գումարը հենց այդ օրը պետք է փոխանցի քեռուն՝ Խաչիկին, որպեսզի նա վճարի արտահանած կոնյակի մաքսատուրքը` քաջ գիտենալով, որ քեռին ոչ մի կոնյակ էլ չի արտահանել: Բացի այդ` նա խաբեությամբ ինձ մոտ թողեց քեռուն պատկանող «Տոյոտա քեմրի» մակնիշի ավտոմեքենան, տեխանձնագիրը և բանալին` քաջ գիտենալով, որ այդ մեքենան արդեն իսկ գրավադրված է բանկում»,- ասաց Կարապետյանը՝ նշելով, որ այժմ այդ մեքենան անցել է բանկին:

Կնոջ խոսքով՝ Սմբատը ողջ մեղքը բարդել է Խաչիկի վրա` ասելով, թե իրենից գումարը նրան ուղարկելու համար է վերցրել: «Երբ Սմբատից պահանջում էի, որ վերադարձնի գումարներս, ինձ ասում էր, որ իր բոլոր գումարները Խաչիկի մոտ են, հենց գա, կվերցնի ու կտա` գիտենալով, որ քեռին չի գալու: Այս տարիների ընթացքում Փիլիպոսյանը և Գևորգյանը տարբեր պատճառաբանություններ էին բերում, կեղծ փաստաթղթեր ներկայացնում, թե իբրև իրենց գումարները բիզնես ծրագրերով ներդրված են պանամական բանկում և, որպես հավաստիք, ինձ էին տրամադրում ինչ-որ պատճենահանված փաստաթղթեր, ըստ որոնց` Խ. Գևորգյանը կրեդիտ հաշվին ունի հսկայական գումարներ, և ես կարող եմ անհոգ լինել, որ դրանով Գևորգյանն ու Փիլիպոսյանը պատշաճ կկատարեն իրենց պարտավորությունները»,- պատմեց նա:

Սուսաննա Կարապետյանի պնդմամբ` Փիլիպոսյանը եթե ոչ խարդախության, ապա գոնե խարդախություն կատարելուն օժանդակելու համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:

2017թ. մարտի 31-ին հիշյալ գործի վարույթը կասեցվել է՝ մեղադրյալ Խաչիկ Գևորգյանի գտնվելու վայրը չպարզելու հիմքով: Գործի վարույթը կասեցնելու որոշման մեջ նշված է, որ Փիլիպոսյանի արարքին քրեաիրավական գնահատական կտրվի Խաչիկ Գևորգյանին հայտնաբերելուց հետո: Կարապետյանն այս որոշումը բողոքարկել էր վերադաս դատախազին: Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ Գ. Գևորգյանը, ուսումնասիրելով քաղաքացու բողոքը, այս տարվա հոկտեմբերի 26-ին որոշում է կայացրել մերժել այն՝ անհիմն լինելու հիմքով:

Նշենք, որ Փիլիպոսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել նրա կողմից քաղաքացիական գործի քննության ընթացքում սուտ ցուցմունք տալու փաստով, որը, սակայն, կարճվել է՝ անհիմն լինելու հիմքով: Կարապետյանն այս որշումը բողոքարկել էր դատախազությունում, սակայն 2017թ. նոյեմբերի 3-ի` դատախազի որոշմամբ նրա այս բողոքն էլ էր մերժվել:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քաղաքացիական գործով դեռևս 2015-ին վճիռ է կայացվել հօգուտ Սուսաննա Կարապետյանի Սմբատ Փիլիպոսյանից 50.000 դոլար բռնագանձելու մասին, սակայն մինչ օրս Կարապետյանը որևէ գումար չի ստացել:

Քաղաքացիական գործով դատաքննության ընթացքում Կարապետյանը միջնորդել էր կալանք դնել Սմբատի շարժական, անշարժ գույքի և դրամական միջոցների վրա, ինչը բավարարել էր: Սակայն, ըստ տուժողի, Սմբատը, իմանալով, որ ինքը դիմելու է դատարան, իր անվամբ գրանցված շարժական և անշարժ գույքը նվիրատվություն է արել իր մայրիկին, իսկ Սմբատի փաստաբանի միջնորդությամբ աշխատավարձի վրայից կալանքը հանվել էր: Դատարանի որոշմամբ կալանք էր դրվել միայն Սմբատ Փիլիպոսյանի` համատեղ սեփականություն հանդիսացող գույքի վրա:

Կարապետյանը մեզ հայտնեց, որ շուրջ մեկ տարի ԴԱՀԿ-ում իրեն հավաստիացրել են, որ այդ գույքի վրա կալանք կա դրված, և այն հնարավոր կլինի աճուրդի դնել, սակայն օրերս կինը տեղեկացել է, որ, առանց իր իմացության, դեռևս այս տարվա փետրվարին դատարանը որոշում է կայացրել Փիլիպոսյանի գույքի վրայից հանել կալանքը:

Խաբեության զոհ դարձած կինը հիշյալ խնդրով դիմել է ՀՀ վարչապետին և գլխավոր դատախազին՝ պահանջելով հետամուտ լինել, որպեսզի վերականգնվեն իր խախտված իրավունքները: Կարապետյանը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրել գործը, համապատասխան քրեաիրավական գնահատական տալ ԱԱԾ նախկին աշխատակցի գործողություններին, Փիլիպոսյանին մեղադրանք առաջադրել և նրա նկատմամբ հայտարարել միջազգային հետախուզում: Իսկ ինչ վերաբերում է Խաչիկ Գևորգյանին հայտնաբերելուն, ապա կինը վստահ է, որ եթե նրա նկատմամբ իրականացվող հետախուզումն իրական լինի, այլ ոչ թե թղթի վրա, ապա նրան գտնելը նույնպես դժվար չի լինի:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 23-ին ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ անդրադարձ էր կատարել հետախուզման խնդրին՝ շեշտելով որ հետախուզվող անձանց հայտնաբերումը հանցավորության դեմ պայքարում դեռ լուրջ խնդիր է մնում: Նախագահը մի քանի օրինակ էր բերել՝ նշելով, որ եղել են դեպքեր, երբ հետախուզական գործերը կազմվել են անձի նկատմամբ հետախուզում հայտարարելուց 10 կամ 12 տարի հետո: Այսինքն՝ հանցանքի մեջ մեղադրվող անձին այդքան ժամանակ ոչ ոք չի անհանգստացրել, չի փնտրել: Կամ՝ մեղադրյալը հետախուզման մեջ գտնվելու պայմաններում կարողացել է փոխել իր անձնական տվյալները և ստանալ նոր անձնագիր:

Հ.Գ. Հիշյալ խնդրի կապակցությամբ Yerkir.am-ը պատրաստ է լսել նաև մյուս կողմի կարծիքը: 

Թագուհի Մելքոնյան