Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեցին 2015թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքի դիմաց սպանված քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի` Լևոն Ղազարյանի ընկերների նախաքննական ցուցմունքները:
Հրապարակված ցուցմունքներից առավել ուշագրավը Էդգար Պետրոսյանինն էր: Նախաքննական մարմնին նա պատմել է, որ սպանված Դրաստամատ Թադևոսյանը՝ Դրոն, իր մանկության ընկերն է, իսկ Լևոն Ղազարյանին՝ Երրորդմասցի Լյովիկին, ճանաչել է 2006-ից՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում: Վկան պատմել է, որ ընկերներով հաճախ են հավաքվել Լյովիկի ղեկավարած` թիավարության ֆեդերացիայի գրասենյակում: Այնտեղ են եղել նաև սպանության դեպքի նախորդ օրը` գիշերը՝ 2015-ի մարտի 3-ին: Պետրոսյանը հայտնել է, որ հաջորդ օրը Դրոն եկել է «օֆիս», վերցրել Լյովիկի «Լեքսուսն» ու իր և մյուս ընկերոջ՝ Սեյրանի հետ գնացել Լյովիկենց՝ Պարոնյան փողոցում գտնվող տունը: Այնուհետ Լյովիկի հետ գնացել են «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ Լյովիկը պետք է տեսակցեր իր պատիժը կրող Դավիթ Իսպիրյանին՝ Մանումենտցի Դավոյին: Վկայի պատմածով՝ ՔԿՀ-ի ճանապարհին իրենց ինչ-որ մուգ մեքենա է հետապնդել, որի հետքը հետո կորցրել են: Ըստ վկայի ցուցմունքի՝ Մանումենտցի Դավոյին տեսակցել են Չարբախի Վրեժը, Դրոն և Լյովիկը: Նա պատմել է, որ կալանավայրից դուրս գալուց հետո երեք դիմակավորված անձինք կրակել են, այդ ընթացքում ինքը թաքնվել է մեքենայի հետևում, այնուհետև մեքենայից վերցրել է Լյովիկի զենքն ու օդ կրակել: Հետո վիրավոր ընկերոջը՝ Դերոյին, «Լեքսուս»-ով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Վկան նաև հայտնել է, որ «Լեքսուս»-ի մեջ հայտնաբերված զենքերը պատկանել են Երրորդմասցի Լյովիկին, և որ այդ օրը զինված է եղել նաև Դրոն:
Այսօրվա նիստում հրապարակվեց նաև Էդգար Պետրոսյանի ցուցմունքը ՝ կապված դեռևս 2014թ. հուլիսին Երևանի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի հետ: Նախաքննական մարմնին ժամանակին հայտնի է դարձել Երևանի Հյուսիսային պողոտայում գործող սրճարաններից մեկում 2014թ. մայիս ամսին ծագած վիճաբանության մասին: Վիճաբանությունը ծագել է Երրորդմասցի Լյովիկի, նրան ուղեկցող ազգականի՝ Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) և ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսա Արման Մադաթյանի (Մանչ) միջև: Վկան քննիչներին պատմել է, որ այդ օրը վիճաբանել են Երրորդմասցի Լյովիկն ու Մանչը, պատճառը եղել է Մանչի մահացած ընկերոջ որդին, ով բնակվում է Արեշում:
«Լյովիկին զայրացրեց այն փաստը, որ այդ տղան մտավ սրճարան և չբարևեց իրենց»,- ցուցմունքում հայտնել է Էդգար Պետրոսյանն ու հավելել. «Մանչը Լյովիկին նորմալ բարևել էր: Լյովիկը հարցրեց Մանչին, թե ինչո՞ւ այդ տղան իրեն չբարևեց: Մանչն էլ ասաց, թե` դու բարևիր նրան: Դրանից հետ լեզվակռիվ սկսվեց Մանչի և Լյովիկի միջև: Մանչը նեղացած դուրս եկավ սրճարանից: Տույը և նստածներից որևէ մեկը չի միջամտել միջադեպին: Դեպքից հետո թե ի՞նչ զարգացումներ են եղել, չգիտեմ»,- ասել է վկան:
Նա հայտնել է, որ այդ դեպքից 20 օր հետո էլ իրեն ու ընկերոջը՝ Հայրոյին, առևանգել են, սակայն չի կարող ասել` արդյո՞ք այդ դեպքը կապ ունի իրենց առևանգելու հետ: Այնուհետև վկան մանրամասնորեն պատմել է 2014թ. հուլիսին իրեն և Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից Հայրապետ Գևորգյանին՝ Հայրոյին, առևանգելու, պատանդ պահելու է ծեծի ենթարկելու մասին:
«2014-ի հուլիսի կեսերին՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում, ես ու Հայրոն վերջինիս «Մերսեդես»-ով վերադառնում էինք Չեխովի վրա գտնվող օֆիսից (խմբ. նկատի ունի թիավարության ազգային ֆեդերացիան): Ճանապարհին մեր ավտոմեքենայի հետևից և դիմացից կանգ առան երեք ավտոմեքենա և փակեցին մեր ճանապարհը: Սև ջիպերից դուրս եկան 10 տղաներ, ովքեր մահակներով և ավտոմատներով էին: Նրանք զինվորական շալվարով ու վերնազգեստով էին, վերազգեստի թևերին և մեջքին գրված էր` «ոստիկանություն», տղաները` բոլորը, ձեռքերում ավտոմատներ ունեին: Նրանք, բարձր գոռալով, ներկայացան որպես ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներ և պահանջեցին շարժվել: Նրանք, ինձ ու Հայրոյին ավտոմատներով հարվածելով, գցեցին գետնին, հետո «զախվատի» նման ձեռքերս ոլորեցին, նստեցրեցին մեքենան ու գլուխներիս վրա մեշոկ քաշեցին, հետո կապկպեցին ձեռքերս, գլխիս հատվածը կապկպել էին, բերանիս սկոտչ էին կպցրել: Հետևում նստած երկու հոգի բռունցքներով հարվածում էին գլխիս, արդյունքում` ես գիտակցությունս կորցրեցի: Ուշքի եմ եկել այն ժամանակ, երբ, գտնվելով ինչ-որ նկուղում, ինձ վրա ջուր լցրեցին: Ուշքի գալով` ես հասկացա, որ գտնվում եմ մութ նկուղում, իսկ կողքս Հայրոն էր: Մեր առջև մի քանի հոգի էին կանգնած: Մինչև լուսաբաց մեզ ծեծում էին, հայհոյում՝ ասելով, որ մեզ հետ խնդիր չունեն, իրենց խնդիրը Լյովիկի հետ է: Նրանք հայհոյանքներ էին հնչեցնում Լյովիկի հասցեին: Պարզ էր, որ մեզ ծեծում էին, որ Լյովիկին հասկացնեն, որ իրենց խնդիրն իր հետ է: Արդեն պարզ էր, որ մեզ առևանգած մարդիկ ոստիկաներ չէին, այլ մարդիկ էին, ովքեր հաշիվներ ունեին Լյովիկի հետ: Հետո նրանք գնացին, առավոտյան եկան, մեզ առաջարկեցին հաց ուտել: Լուսադեմին, երբ դրսում էին, դռան անցքից ես տեսա, որ մեզ անձինք էին հսկում: Հետո՝ երեկոյան, մեզ մոտ եկան անձինք, ովքեր նորից պարկ քաշեցին մեր գլխին, մեզ տարան ու թողեցին անհայտ վայրում: Մենք ստացել էինք բազմաթիվ մարմնական վնասվածքներ, գլուխս ցխկվել էր, մարմնիս վրա բազմաթիվ կապտուկներ կային: Հետո Հայրոյի հետ նստել ենք պատահական տաքսի ու գնացել մեր մյուս ընկերոջ մոտ»,- ցուցմունքում պատվել է վկան և ասել, որ իրենց ազատ են արձակել, հավանաբար, Լյովիկի միջնորդության արդյունքում: Նա նշել է, որ կատարվածի մասին չի հայտնել իրավապահներին:
Քննիչի հարցին, թե` Ձեզ առևանգելու հետ ի՞նչ առնչություն են ունեցել Վահան Հակոբյանը՝ Գաստիկը, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն, ու Սարգիս Գրիգորյանը՝ Ծգլը (սպանության գործով ամբաստանյալները), վկան հրաժարվել է պատասխանել՝ իր անվտանգությունից ելնելով: Քննիչների այն հարցին` արդյո՞ք իրենց առևանգելու դեպքը կապ ունի Գաստիկ մականունով Վահան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի հետ, վկան պատասխանել է, որ չի կարող ասել: Նշենք, որ սպանության դեպքից հետո լուրեր էին շրջանառվում, թե իբր Երրորդմասցի Լյովիկի «տղաները» Գաստիկի կնոջ ու երեխայի աչքի առաջ դաժան ծեծի էին ենթարկել նրան:
Լևոն Ղազարյանի և նրա ընկերների սպանությունից հետո Երրորդմասցի Լյովիկից վրիժառության պատճառների մասին փաստող բազմաթիվ պատմություններ են հրապարակվել: Միայն այն, որ քրեական հեղինակությունն իր համախոհների հետ մշտապես շրջել է զենքով, վկայում է այն մասին, որ նա գիտակցել է իրեն սպառնացող վտանգն ու սպասել վատագույնին: