կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-08 10:44
Իրավական

Ինչո՞ւ է հետախուզում հայտարարվել ՀՀ առաջին նախագահի եղբորորդու նկատմամբ

Ինչո՞ւ է հետախուզում հայտարարվել ՀՀ առաջին նախագահի եղբորորդու նկատմամբ

ԽՍՀՄ հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Սարոյանի դստեր՝ Վարդուհի Սարոյանի կենդանության օրոք նրանից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդուն՝ Տիգրան Տեր-Պետրոսյանին:

Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին որ Տեր-Պետրոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Սիմոնյանի վերաբերյալ քննվող գործում շոշափվում են մի շարք հայտնի մարդկանց անուններ: Ինքնասպանության դեպքից մեկ ամիս առաջ ՀՀ նախագահին ուղղված նամակում Սիմոնյանը պատմել էր, որ իր ունեզրկման հետ ուղղակի առնչություն ունեն պատգամավորության նախկին թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանը և նրա ընկերը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը: Կնոջ նամակում հիշատակվում է նաև քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի՝ Կայարանցի Թևոսիկի և Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի մասին:

Հիշեցնենք, որ Վարդուհի Սարոյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը միացվել է Սարոյանից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին և քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

«Քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վ. Սարոյանի ինքնասպանության հանգամանքները, պատճառները, ինչպես նաև նրանից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:

Հիշեցնենք, որ 2017թ. մարտի 7-ին 1976թ. ծնված Վ.Սարոյանը ցած էր նետվել Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող շենքերից մեկի աստիճանավանդակի 4-րդ և 5-րդ հարկերի միջանցիկ հարթակից և տեղում մահացել: Դեպքի վայրի զննությամբ՝ կնոջ ձախ ձեռքին հայտնաբերվել էր կպչուն ժապավենով փակցված երկու ծրար, որոնց մեջ եղել են մատիտով կատարված ձեռագիր գրառումներ՝ ուղղված հարազատներին:

Սարոյանն ինքնասպանությունից շաբաթներ առաջ դիմել էր Yerkir.am-ին և պատմել իր ունեզրկման մասին: