Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արմենիկում»-ի սենսացիոն մուտքն ու ձախողումը
1998-ին ազդարարվեց «Արմենիկում»-ի մուտքը հայկական շուկա, և շատերին թվաց, թե այն ՄԻԱՎ/ ՁԻԱՀ–ից միակ փրկությունն է: «Արմենիկում»-ը, կարծես, խոստանում էր հեղափոխություն իրականացնել միջազգային դեղագործական աշխարհում: Մոտ 20 տարի է անցել, սակայն դեղն այդպես էլ չգտավ իր տեղը ոչ միայն միջազգային, այլև տեղական շուկայում: Պատճառները տարբեր են` սկսած միֆերից, թե դեղի` շուկայում հաստատվելու դեմ աշխատում է հրեական դեղագործական մաֆիան, մինչև ամենատարրականը` ընկերության տնօրենը չի պատրաստվում «գործարքի» մեջ մտնել բժիշկների հետ, որ նշանակում անելիս հենց դա խորհուրդ տան: Այդ տարիներին դեղամիջոցը փորձարկողներին նախնական ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել Հայաստանի պետական անվտանգության նախարարությունը, բացի այդ` Երևանում բացվեց «Արմենիկում» կենտրոնը, որը զբաղվում է ՁԻԱՀ-ի բուժմամբ:
«Արմենիկում»-ի մուգ գունավորումը պայմանավորված է յոդի բարձր պարունակությամբ, այն յոդի մոլեկուլյար միացություն է, իսկ յոդի բակտերիասպան հատկությունը վաղուց է հայտնի մարդկությանը: Դեղի ազդեցության սպեկտրը տարածվում է տարբեր բակտերիաների, միկրոօրգանիզմների, պարազիտների, սնկերի վրա։ Ճիշտ է, «Արմենիկումը» այդպես էլ չգրանցեց ՁԻԱՀ-ի բուժման մեջ ցանկալի և նախատեսված արդյունք, սակայն իր արդյունավետությունն ապացուցել է մի շարք այլ հիվանդությունների բուժման գործում:
«Արմենիկում»-ի երկրորդ կյանքը. այն վերադառնում է
«Արմենիկում»-ի տարբեր տեսակներ գոյություն ունեն` հաբ, ներարկման համար նախատեսված հեղուկ և մածուկ: Դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ «Արմենիկումը» գուցե «իրեն կորցրեց», որովհետև ի սկզբանե նախատեսված էր ՁԻԱՀ-ի բուժման համար, սակայն այժմ, ըստ նրա, այն փոխել է իր ուղղությունը` դառնալով իմունոմոդուլյատոր, և օգտագործվում է օրգանիզմի պաշտպանողականությունը բարձրացնելու համար: «Եթե «Արմենիկումը» ճիշտ մարքեթինգ իրականացնի, կարող է շուկայում իր կայուն տեղը գրավել` որպես վերք ամոքիչ միջոց, հատկապես` այն վերքերի դեպքում, որոնք երկարատև բուժման կարիք ունեն` պառկելախոցեր, թարախային վերքեր: «Արմենիկումը» ձևափոխվեց` հիմա ունենք փափուկ դեղաձև: Ճիշտ է, չունեցանք արդյունք ՁԻԱՀ-ի բուժման մեջ, գուցե սխալ էր մեր ուղղությունը, գուցե միջազգային հանրությանը չկարողացանք ապացուցել մեր փաստերը, գուցե շտապեցինք: Բայց այն շատ դժվար օրեր ապրեց, և հիմա, եթե ճիշտ տանենք ուղղությունը, մենք նրան նոր կյանք կտանք»,- ասում է Թոփչյանը:
Ըստ նրա` այնպես չէ, որ «Արմենիկումը» լրիվ անզոր է ՁԻԱՀ-ի բուժման համար, այն ուղղակի չկարողացավ հիվանդության «վերջնակետը» դնել: Այսինքն` վիրուսը, որը շրջում էր արյան մեջ, յոդի հետ առանձին ռեակցիայից պակասում էր, և մարդու ինքնազգացողությունը լավանում էր, բայց վիրուսի վերջնական անհետացման «Արմենիկում»-ի միջոցով չկարողացան հասնել:
«Արմենիկում»-ի մածուկային ձևն արդեն վաճառվում է դեղատներում, այն գրանցված դեղ է և բաց է թողնվում առանց դեղատոմսի: Թոփչյանը, սակայն, որպես տեխնոլոգ, տեսնում է նաև «Արմենիկում»-ի նոր` սպեղանիների ձևով արտադրությունը: Նրա հավաստմամբ` եթե արտադրողը կարողանա իր սլաքներն ուղղել ավելի լայն դեղաձևերի շուկա, «Արմենիկում»-ին կարող է մեծ ապագա սպասվել: Այն, ըստ Թոփչյանի, միայն մեկ թերություն ունի` ներկող հատկություն ունի, բայց հագուստի վրա մնացած կապտավուն գույնը հեշտությամբ է անցնում:
«Սպեղանին ես տեսնում եմ նաև զինվորների անձնական դեղատուփում` վիրավորման ժամանակ որպես հակամանրէային բարդությունները կանխող միջոց: Այսինքն` այն կարող է զգալիորեն օգնել` մինչև վիրավորին հիվանդանոց հասցնեն: Սպեղանու փորձնական արտադրություն արդեն արել են, և որքանով տեղյակ եմ, նպատակ ունեն նաև արտահանել, բայց ֆինանսական դժվարություններ կան, գուցե նաև հիասթափված են»,- ասում է Թոփչյանը` հավելելով, որ «Արմենիկում»-ի սպեղանիները կարող են հայտ ներկայացնել շուկայում. մրցակից դեղերի համեմատ` մի յուրահատկություն ունի` ազդեցությունը բավական երկար է մնում` 8-9 ժամ:
«Արմենիկում»-ի` տեղական շուկայում հաստատվելու խնդիրը
«Արմենիկումն» այժմ արտադրվում է բոլոր դեղաձևերի տեսքով: ՁԻԱՀ-ի բուժման համար ևս ունի պատվերներ, բայց այն նոր ուղղություն ստացավ` մածուկ և սպեղանի, որի զարգացման մասին էլ մտածում է «Արմենիկում» նախագծի ղեկավար Լևոն Գևորգյանը: Ըստ նրա` «Արմենիկում»-ի մածուկը բավական երկար ժամանակ փորձարկվել է, հետո կլինիկական փորձաքննության ենթարկվել ու դրական գնահատականի արժանացել` հաստատելով իր «առաքելությունը»: Ինչ վերաբերում է սպեղանիների արտադրմանը զարկ տալուն, ապա, նրա հավաստմամբ, դրանով զբաղվում են, սակայն առաջին հերթին պետք է շուկայում հաստատվելու խնդիրը լուծել: «Դեղատներում մածուկն արդեն վաճառվում է, և շուտով ուզում ենք այն նաև Վրաստան արտահանել: Հայկական շուկայում տեղ գտնելու խնդիրը միայն բժիշկների հետ գործարքի միջոցով է լուծվում, որին ես չեմ կարող գնալ` իմ սկզբունքներին դեմ է: Սակայն պետք է ասեմ, որ այսօր «Արմենիկում»-ի մածուկի օգտավետությանը հավասար դեղ չկա: Մենք մեր ուղղությունն արդեն փոխել ենէ` մածուկ, սպեղանիներ, բայց առաջնայինը շուկայի խնդիրն է»,- նշում է Գևորգյանը:
Ըստ նրա` սպեղանին, որպես նոր դեղաձև, կարող են արտադրել բավականին մեծ քանակությամբ` այնքան, որքան պետք կլինի, քանի որ ունեն այդ ռեսուրսները, միայն թե անհրաժեշտություն և պատվերներ լինեն:
Դեղատներից տեղեկացանք նաև, որ «Արմենիկում»-ի մածուկը /25 գ/ վաճառվում է մոտ 3000 դրամով: Դեղատան աշխատակիցները նշում են, որ շատերն այն օգտագործում են ոչ միայն վերքերի, այլ նաև այրվածքների դեպքում: Դեղատանը, սակայն, նույնպես փաստեցին` այն քիչ քանակությամբ է սպառվում:
Կարինե Հարությունյան