կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-23 16:33
Քաղաքական

Արմեն Սարգսյանն այն թեկնածուն է, որի շուրջ լայնախոհություն ու կոնսոլիդացիա կլինի. Վահրամ Բաղդասարյան

Արմեն Սարգսյանն այն թեկնածուն է, որի շուրջ լայնախոհություն ու կոնսոլիդացիա կլինի. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իշխող կոալիցիան՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, այսօր պաշտոնապես Արմեն Սարգսյանին առաջադրեցին որպես նախագահի թեկնածու: Նա նաև տեղեկացրեց, որ առաջադրման համար անհրաժեշտ ¼ ձայները հավաքվել և ուղարկվել են ԱԺ քարտուղարություն:

«Այսօրվա հանդիպումն ամփոփում էր, քանի որ Արմեն Սարգսյանը ներկայացրեց իր՝ տարբեր խմբերի հետ ունեցած հանդիպման արդյունքները, ասաց, թե ինչու է որոշել այս ծանր բեռը վերցնել իր վրա: Այսօր միասնական՝ ՀՅԴ-ի հետ, ստորագրահավաք կազմակերպեցինք և որոշեցինք Արմեն Սարգսյանին առաջադրել հանրապետության 4-րդ նախագահի թեկնածուի պաշտոնում»,- նշեց Բաղդասարյանը:

Իսկ արդյո՞ք կլինի լայն կոնսոլիդացիա Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ, նա ասաց, որ դա պարզ կլինի քվեարկության ժամանակ, երբ հստակ կլինի, թե որքան ձայն է հավաքել ԱԺ-ում Արմեն Սարգսյանը: «Ինձ թվում է՝ Արմեն Սարգսյանն այն թեկնածուն է, որի շուրջ լայնախոհություն ու կոնսոլիդացիա կլինի»,- կարծիք հայտնեց պատգամավորը:

Դիտարկմանը՝ տեսակետ կա, թե Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ նույնիսկ ՀՀԿ-ում կոնսոլիդացիա չի եղել, պարզապես ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը միաձայն է ընդունվում, և հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ում նախագահի թեկնածուի շուրջ քննարկում եղել է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Միանգամից փարատեմ կասկածները՝ լայն կոնսոլիդացիայի հետ կապված: Ես մի անգամ պետք է առաջարկեմ, խնդրեմ, որ մեր Գործադիր մարմնի նիստերը բաց լինեն, որպեսզի տեսնեք, թե մեզ մոտ ինչպիսի քննարկումներ են լինում: Այդ քննարկումները շատ երկար են տեղի ունենում, այդ թվում` նաև նախագահի թեկնածուի հետ կապված հարցում: Բոլորիդ տեղյակ պահեմ, որ Սերժ Սարգսյանն իր կարծիքը հայտնել է ամենավերջում: Բնական է, որ բոլորը չեն կարող ունենալ նույն կարծիքը, բայց, երբ բանավեճերի ու ընդհանուր քննարկումների արդյունքում քաղաքական ուժը որոշում է կայացնում, քաղաքական որոշումը բոլորն են հարգում»:

Բաղդասարյանն ասաց, որ իրենց կուսակցությունում նախագահի թեկնածուի նաև այլ անունների շուրջ է քննարկում եղել, նաև` այն անունների, որոնք քննարկվել են մամուլում: