կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-26 13:47
Քաղաքական

ՀՀԿ ցուցակը լինելու է քաղաքական, սակայն դեռ որոշված չէ` այն կգլխավորի՞ Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ ցուցակը լինելու է քաղաքական, սակայն դեռ որոշված չէ` այն կգլխավորի՞ Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ. Վահրամ Բաղդասարյան

Առաջիկա օրերին  ՀՀԿ-ն կհայտարարի ընտրություններին իր մասնակցության մասին: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Առաջիկա օրերին մենք համաժողով կունենանք և դրա մասին հայտարարություն կանենք, իսկ ցուցակի հնգյակը, քառյակը կամ տասնյակը մենք չենք քննարկել»,- նշեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նախընտրական ցուցակը գլխավորի կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, Բաղդասարյանը պատասխանեց, որ որևէ բան առայժմ չի կարող ասել, որովհետև այդ հարցի քննարկումը կանեն առաջիկա օրերին։ Նա միևնույն ժամանակ վստահեցրեց, որ ցուցակը լինելու է քաղաքական։ «Մեր մասնակցության դեպքում ցուցակը պետք է լինի քաղաքական` միանշանակ: Միայն այդքանը կարող եմ ասել: Մեր ցուցակը լինելու է ընդդիմությանը հարիր ցուցակ»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի` ՀՀԿ-ի նպատակն է խորհրդարանական երկրին հարիր քաղաքական խորհրդարան ձևավորել։ «Մեզ համար գերնպատակ չի եղել` լինել իշխանություն կամ ընդդիմություն, քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն թե՛ ընդդիմություն, թե՛ իշխանություն լինելուն, ՀՀԿ-ն եղել է մեծամասնություն, պատրաստ է նաև լինել փոքրամասնություն։ Մենք մտնում ենք ԱԺ` մեր դեմքը ցույց տալու, վերականգնվելու համար»,- ասաց նա:

Բաղդասարյանը նշեց, որ ընտրվելու դեպքում ՀՀԿ-ն լինելու է արմատական և կառուցողական ընդդիմություն, որը դրականը նկատելու է։

Դիտարկմանը, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով «Լույս» դաշինքի մասին, ասել էր, որ այն կլինի գրպանային ընդդիմություն, արդյո՞ք ՀՀԿ-ն ունեցել է գրպանային ընդդիմություն, նա արձագանքեց․ «Կարող է իրենք ենք ձգտել, որ դառնան նման ընդդիմություն, բայց ընդունվե՞լ են, թե՞ ոչ, այդ մասին չեմ կարող բարձրաձայնել»։

Բաղդասարյանը վերահաստատեց ՀՀԿ-ի դիրքորոշումը, որ դեմ են թե՛ դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՛ ԸՕ-ի փոփոխություններին, սակայն ընդգծեց, որ վարչապետի` երկրորդ փուլով ընտրության ժամանակ թեկնածու չեն առաջադրելու։ «Բայց դա արդեն իսկ կայացած փաստ է, և մենք մեր մոտեցումների մասին լրացուցիչ կհայտարարենք»,- ասաց նա: