Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանային միջադեպերի` վերջին օրերի ակտիվացումը, դժբախտաբար, տարօրինակ երևույթ չէ. yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա` ամռան ամիսներին ակտիվացումն Ադրբեջանի ապրելակերպն է, քանի որ այն էությամբ ահաբեկչական պետություն է և անում է ամեն ինչ, որ ինչ-որ կերպ վատություն անի հայ ժողովրդին, և դա իր ժողովրդին ներկայացնի որպես «մեծ հաղթանակներ» ռազմի դաշտում:
«Ադրբեջանը նաև ակտիվ քաղաքական ժամանակահատված է մտնում` հոկտեմբեր ամսին սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Բացի այդ` ժողովրդի սոցիալական վիճակն այնտեղ ծանր է, ինչքան էլ փորձեն քողարկել, ուստի հիմա ադրբեջանական կողմը միլիոններ ու միլիարդներ է ծախսում քարոզչության համար, որպեսզի շեղի բնակչության ուշադրությունը և ցույց տա, թե` տեսեք, ռազմի դաշտում իշխանություններն անում են ամեն ինչ, գրանցում «հաղթանակներ»»,- ասաց Բաբայանը:
Ըստ նրա` մի պահ, Եվրոպական խաղերի հետ կապված, սահմանին լարվածությունը թուլացել էր, բայց դա չի նշանակում, որ իրավիճակը փոխվել է, կամ Ադրբեջանը կառուցողական հունի մեջ է մտել:
«Քանի որ Եվրոպական խաղերի ժամանակ կրակոցների թիվը նվազել էր, փորձում են դրա տեղը հանել և սկսում են խախտել հրադադարի ռեժիմը: Մեզ դա չի ահաբեկում, չի էլ կարող ահաբեկել: Ամենալավ պատասխանն ուժգին հակահարվածն է, որն էլ հակառակորդը ստանում է ամեն օր: Այո, վատ է, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մեր երիտասարդները զոհվում են, դա անդառնալի ողբերգություն է մեզ համար, բայց, ի վերջո, դա հայրենիքի պաշտպանություն է, պետք է հաշվի առնենք, որ եթե տղաները չպաշտպանեն սահմանը, ցեղասպանություն կլինի»,- նշեց Բաբայանը:
Օրերս Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Ղարաբաղ, բարձրանալ դիրքերը և քաջալերել զինվորներին: Բաբայանը, խոսելով այս մասին, նշեց, որ նման այցերը շատ են նպաստում տղաների մարտական ոգու բարձրացմանը: «Մանավանդ` երբ գալիս են մարդիկ, ովքեր գործուն մասնակցություն են ունեցել պատերազմում, կենդանի լեգենդներ են: Պիտի ընդլայնվի այցերի շրջանակը` գիտնականներ, քաղաքական գործիչներ, Սփյուռքից մարդիկ պետք է գան, որպեսզի և՛ իրենք տեսնեն` ինչ է սահմանը, պատկերացնեն` այդ տղաներն ամենօրյա կտրվածքով ինչ հերոսություն են անում, և՛ տղաներին ոգևորեն»,- ասաց մեր զրուցակիցը: